կարևոր
10114 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 17:27
Իրավական

Եկեք վերջ տանք այս կրկեսին, միանգամից հրապարկեք պատվիրված դատավճիռը․ Սուրեն Մանուկյան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Մանուկյանի խոսքով՝ քրեական այս գործը վարծվում է անհեթեթությունների անվերջանալի շարանի։ 22 ամիս ձգվող գործի ընթացքում ներկայացված կեղծիքները Մանուկյանն ասաց, իրեն բերել են այն համոզմունքի, որ Քոքոբելյանները, ոստիկանությունը, քննչական խումբը, հանրային մեղադրողը և  դատավորները գործել և գործում են համահունչ։ «Ես համոզված եմ, որ շատ լավ իրավաբան եք։ Հենց դա էլ ինձ հիմք է տալիս, որպեսզի ասեմ, որ դուք գիտակցաբար կատարում եք քրեորեն պատժելի արարք, քանի որ ըստ օրենքի՝ քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել, եթե հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է անհայտ կամ չբացահայտված աղբյուրից։ Հարգելի՛ դատարան, մատնացույց արե՛ք թեկուզ մեկ ապացույց, որը կարող է հիմք հանդիսանալ հիմնավոր կասկածի համար։ Եթե շարունակելու եք նույն ոգով, ապա եկեք վերջ տանք այս կրկեսին, միանգամից հրապարկեք պատվիրված դատավճիռը, բայց մի՛ մոռացեք, որ գալու է պատասխան տալու օրը» ,-ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։