կարևոր
3091 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 09:45
Քաղաքական

Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»

Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, պարզ էր ի սկզբանե: Նրանք դրա համար նախ՝ «թռան» հունիսի 12-ին նման նիստ հրավիրելու հնարավորությունից, որից հետո՝ 5 օր անց, օրենքի ուժով արդեն պիտի նույն օրակարգով ԱԺ նիստ հրավիրվեր: Նիստը, հասկանալի է, չկայացավ, բայց ավելի ուշագրավ է ՔՊ-ի «ատմազկան»: Փաշինյանի խմբակցությունը հայտարարեց, որ գնալու է արտահերթի «մեխանիկական տապալման»: Այսինքն, չեն գնում «գործի», քվորում չի հավաքվում, նիստը տեղի չի ունենում: Խմբակցությունից պաշտոնապես հայտարարեցին, որ ՔՊ-ն նիստի չի մասնակցի, «որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին»:

Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունը ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի: Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:

Այն, որ ՔՊ-ն կամ ավելի շուտ՝ Փաշինյանը նախընտրեց ԱԺ արտահերթ նիստի «մեխանիկական տապալումը», շատ բնութագրական և խոսուն է: Եթե իրենք այդքան վստահ լինեին իրենց վրա, ապա ամեն դեպքում հանգիստ կարող էին ԱԺ օրակարգ մտած հարցը քննարկել ու «դեմ» քվեարկել: Բայց ճշմարտության դեմ հանդիման մեկ անգամ ևս կանգնելն, ըստ երևույթին, իրենց ուժերից վեր է: Իսկ գուցե իրենք էլ վստահ չեն, որ խորհրդարանական «մեծամասնության» մի մասը հրաժարականի կոչին «կողմ» չէր քվեարկի...