Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես՝ 401 Լոռու մարզում և 42 Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարան բնակավայրում։ Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տավուշի մարզում Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։
Մայիսի 27-ին Կառավարության 772-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հայտարարվել է աղետի գոտի և սահմանվել տարածքները։ Մայիսի 29-ին, ժամը 09:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։
Աշխատանքներին ներգրավված են 115 փրկարարական ծառայող (Լոռու ՄՓՎ՝ 34, Գեղարքունիք՝ 4, Շիրակ՝ 22, Արագածոտն՝ 16, Կոտայք՝ 16, Երևանի ՓՎ՝ 15, ՀՆՓԱԻԿ՝ 8 ), 16 մարտական հաշվարկ: ՓԾ տրանսպորտային միջոցներով իրականացվում են հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերին սննդով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման աշխատանքներ: