կարևոր
4018 դիտում, 11 ամիս առաջ - 2024-06-06 20:34
Հասարակություն

Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սամվել Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը․ խափանման միջոցի հարցի քննությունը նախատեսված է վաղը

Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սամվել Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը․ խափանման միջոցի հարցի քննությունը նախատեսված է վաղը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, այսօր կայացել է հանրային տրանսպորտում «ՔՊ»-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային պարսավանքի ենթարկելու համար մեղադրվող Սամվել Վարդանյանի գործով նախնական դատալսումները։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ․ ապրիլի 15-ն։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։ Դեպքի մասին հանրայնացումից կարճ ժամանակ անց իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններ եղան՝ երիտասարդին պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչից հետո երիտասարդը ձերբակակվեց՝ խուլիգանության կասկածանքով։ Պարզվել է, որ Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել էր, ապա՝ վերցվել տնային կալանքի։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի ՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։

Նկատենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այս գործով ձերբակալվածներ չկան։

Քրեական գործն այժմ դատավոր Դավիթ Արղամանյանի վարույթում է, ում նախագահությամբ այսօր նշանակված էին նախնական դատալսումները։ Այսօրվա նիստում դատարանը քննարկել է պաշտպանության կողմի ներկայացրած՝ ինքնաբացարկի միջնորդությունը։

«Պաշտպանության կողմն ընդգծեց, որ ներկայացնում է ոչ թե բացարկ, այլ՝ ինքնաբացարկի միջնորդություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղյակ են դեպքերին, որ դատավորն իրապես իրականացրել է արդարադատություն։ Այդ պատճառով հարցի լուծումը պաշտպանության կողմը թողեց դատավորին, դատավորն էլ հայտնեց, որ ի վիճակի է լինել անկողմնակալ։ Դրանով քննարկումն ավարտվեց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատարանը դեռևս չի քննարկել Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը, այն կքննարկվի վաղը՝ ժամը 14,30-ին։

Աղբյուր` Փաստինֆո