Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին ակնկալվում է կառավարական հազարավոր պատվիրակների, լրագրողների եւ զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։ Ադրբեջանն այս համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համար միջազգային հանրային կարծիքն իր էության մասին։
Միաժամանակ, այս համաժողովն առիթ է, որպեսզի ներկայացնենք Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդավարական էությունը՝ բարձրաձայնելով նաեւ կլիմայի փոփոխության մեջ Ադրբեջանի բացասական վարքագծի մասին։
Հայ Դատի համակարգը՝ հանձնախմբերն ու գրասենյակները, այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել են իրականացնել հատուկ մշակված ծրագիր՝ հասնելու կառավարական, քաղաքական, հասարակական եւ լրատվական այն բոլոր շրջանակներին, որոնք որեւէ կերպ առնչված են COP-29-ին։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը, մղել նշյալ շրջանակներին՝ ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով փոխել Արցախում իր գործադրած ցեղասպանական արարքների, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս իր ներխուժման եւ հայ գերիներին անօրինական պահելու հարցերով իր հայատյաց քաղաքականությունը։
Այս աշխատանքներում կարեւոր դերակատարություն է վերապահված յուրաքանչյուր հայի, որը սոցիալական ցանցերի (social media) օգտատեր է։ Կոչով դիմում ենք բոլորին՝ սոցիալական ցանցերով այս նպատակով օտար լեզուներով կատարել գրառումներ՝ միաժամանակ օգտագործելով առնվազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed , #COPout29 , #COP29 , #COP29Azerbaijan ։ Այս կայքէջից (https://copout29.com/) կարող եք ներբեռնել Հայ Դատի համակարգի կողմից պատրաստված գծանկարներ եւ պատկերիզներ, որոնք արտահայտում են մեր տեսակետները։ Խիստ կարեւոր է բոլոր գրառումներում եւ կամ գծանկարների հետ օգտագործել վերոհիշյալ hashtag-ները։
Մեր տեսակետները բարձրաձայնելու համար հարմար առիթ են նաեւ առաջիկա օրերին Փարիզում մեկնարկող 2024-ի Օլիմպիական խաղերը։
Սոցիալական ցանցերում, հայկական շրջանակների հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաեւ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Այս առիթով հայությանն ուղղված իր ուղերձն Օկամպոն եզրափակել է՝ գրելով. «Միջազգային հանրության ջանքերը միավորելով՝ դուք կարող եք հասնել այն բանին, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը: Հայե՛ր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ կատարե՛ք, մեկնաբանե՛ք եւ բարձրացրե՛ք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»:
Քաղաքական հանրահայտ դեմքեր, միջազգային տարբեր կազմակերպություններ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել COP29-ի Բաքվում գումարվելու առնչությամբ։ Ոմանք նույնիսկ կոչ են արել բոյկոտել այդ նախաձեռնությունը։
Հանրությանը տեղյակ պահելու համար մենք պարբերաբար կանդրադառնանք այս աշխատանքներին։
Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ