կարևոր
2002 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-05-22 11:56
Քաղաքական

Արցախի ղեկավարությունն 8 ամսվա ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում արժանացավ ընդունելության

Արցախի ղեկավարությունն 8 ամսվա ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում արժանացավ ընդունելության

ՀՀ-ում թափ հավաքող շարժման շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների շարքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն երեկ հանդիպել է Արցախի քաղաքական ղեկավարության ու արցախցիների հետ և ներկայացրել առաջիկա անելիքները, խոսել շարժման բովանդակության և ընթացքի մասին:

Փաստենք, որ 2023 թ. սեպտեմբերից ի վեր, երբ Փաշինյանի իշխանության դավաճանական քայլերի արդյունքում Արցախի Հանրապետության օրինական իշխանությունը դարձավ վտարանդի, գործնականում առաջին անգամ էր Արցախի ղեկավարությունն այդպիսի կուռ կազմով ընդունելության արժանանում Հայաստանի Հանրապետությունում: Վերջին ութ ամիսների ընթացքում Արցախի ղեկավար կազմը, սկսած նախագահից, ԱԺ նախագահությունից, պատգամավորներից, մինչև նախարարներ, վարչակազմերի ղեկավարներ ու այլևայլ պաշտոնյաներ, ուղղակի արհամարհվել են Փաշինյանի իշխանության կողմից, մերժվել, և պետական բոլոր պատկան օղակներին խիստ հրահանգ է եղել չհանդիպել իրենց արցախցի գործընկերների հետ: Այսինքն, Արցախն Ադրբեջան համարող Փաշինյանի խմբակը, Ալիևի հետ թև-թևի տված, իսպառ մերժել է նաև Արցախի Հանրապետության գոյությունն ընդհանրապես:  

Հավելենք նաև, որ Բագրատ Սրբազանը հանդիպմանը չափազանց կարևոր ուղերձներ է հնչեցրել Արցախի հարցի մասին՝ հայտարարելով ու հաստատելով, որ չպետք է Արցախի հարցը առանձնակի դիտարկել հայկական հարցից, քանզի Արցախի հարցը հենց Հայոց ցեղասպանության հետևանքով և նույնիսկ դրանից առաջ ձևավորված խնդիր է: Ըստ այդմ՝ Արցախի հարցը պետք է դառնա հայրենական խնդիր:

Բագրատ Սրբազանի այս հայեցակարգային և ճշմարտացի մոտեցումը, որով Արցախի հարցի առաջացման հիմքում դրվում են թուրք-թաթարական (իմա՝ ադրբեջանական) ցեղասպանական գործողությունները, տրամագծորեն հակադրվում է փաշինյանական խմբակի թեզին և դրանից բխող կործանարար քայլերին: Իսկ փաշինյանական թեզն իր ընդհանրության մեջ հետևյալն է՝ թուրք-ադրբեջանական ամբողջ թշնամանքն ու դրա հենքի վրա իրականացվածը իբր հայկական կողմի «զավթողական» ու «թուրքերի հետ տարվող մշտական թշնամանքի քաղաքականության» արդյունքում է առաջացել: Մոտեցում, որը ուղիղ կրկնում է Էրդողանին ու Ալիևին:  

 

Վահե Սարգսյան