կարևոր
5374 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-16 18:13
Աշխարհ

Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը

Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը

Հզոր հարձակում սկսելու դեպքում Ռուսաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը: Newsweek-ին դրա մասին ասել է Rand Corporation-ի՝ ԱՄՆ կառավարության և Պենտագոնի համար աշխատող ամերիկյան վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա տվյալներով՝ Խարկովի՝ Ռուսաստանի հետ սահմանից ընդամենը 26 կմ հեռավորության վրա գտնվող դիրքը Մոսկվայի համար կհեշտացնի առաջխաղացող զորքերին աջակցելը, որոնք հրետանու գերազանցության և ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության՝ մարդկային մեծ կորուստներ կրելու պատրաստակամության շնորհիվ ի վիճակի կլինեն դանդաղ առաջ շարժվել։

Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանների՝ միևնույն ժամանակ, ուկրաինական զորքերի՝ ռուսական հարձակողական գործողությունները հետ մղելու կարողությունը կտրուկ նվազել է նյութական միջոցների պակասի պատճառով և մոտ ապագայում էլ կշարունակի նվազել, մինչև Միացյալ Նահանգները ռազմական օգնություն չցուցաբերի:

Ուկրաինայի Զինված ուժերը առանձապես հետնթաց են ապրել երկրի արևելյան հատվածում, որտեղ գտնվում է Խարկովը, նշել են ռազմական փորձագետները։

Ըստ ISW-ի՝ ռուսական ուժերը մարտավարական նվաճումների հասնելու համար առայժմ օգտվում են Ուկրաինայի Զինված ուժերի նյութական միջոցների անբավարարությունից, սակայն որոշ ժամանակ անց նրանք հավանաբար ավելի էական և սպառնալից առաջխաղացումներ կգրանցեն ռազմի դաշտում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը խոստովանել է, որ Ուկրաինան պատրաստվում է հետ մղել մայիսի վերջին-հունիսի սկզբին սպասվող ռուսական խոշոր հարձակումը, սակայն առանց Արևմուտքի ռազմական օգնության ռուսներին հետ մղելն աղետալիորեն դժվար է լինելու:

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգացել է Ուկրաինայի թուլությունը և Կիևը կամ Խարկովը գրավելու համար մտադիր է հերթական փորձ կատարել ավելի վաղ հայտնել էին ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած Meduza-ի աղբյուրները:

Ըստ այդ աղբյուրների՝ Կրեմլը Խարկովի գրավումն իրատեսական նպատակ է համարում, որից հետո պատերազմը կարող է աստիճանաբար ավարտին հասնել։ Meduza-ի զրուցակիցներից մեկի համոզմամբ՝ գրավել մի միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքը, որտեղ խոշոր ռուսալեզու համայնք կա, խորհրդանշական առումով դա նույնպես հաղթանակ է:

«Верстки» աղբյուրները հայտնել են, որ Խարկովի վրա հարձակում կազմակերպելու համար Ռուսաստանի իշխանությունները մոտ ապագայում թերևս զորակոչեն շուրջ 300 հազար մարդու։ Ըստ նշված աղբյուրներից մեկի՝ Ուկրաինայի երկրորդ ամենամեծ քաղաքը երկրորդ Մարիուպոլիի վերածել ոչ ոք չի ցանկանում, ուստի մտադրություն կա դրա միջոցով ի ցույց դնելու, որ ռուսները քաղաքակիրթ ձևով կռվել գիտեն:

Խարկովի վրա հնարավոր հարձակման մասին լուրերի հետնապատկերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խարկովի մարզ։ Այնտեղ նա հայտարարել է, որ տարածաշրջանը շատ կարևոր է Ուկրաինայի համար, և ռուսները պետք է համոզվեն, որ մենք պատրաստ ենք պաշտպանվելու: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստվել է ռուսական բանակի հնարավոր հարձակմանը։

Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ճշգրտել է, որ սահմանի մոտ խրամուղիների, բլինդաժների և այլ ապաստարանների ընդարձակ համակարգ է ստեղծվել։ Նախատեսվում է նաև տարածաշրջանում «վիշապի ատամներ» կոչվող ֆորտիֆիկացիա՝ բրգաձև հակատանկային ուղեփակոցներ տեղադրել և հակատանկային խրամատներ փորել։