կարևոր
4354 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 17:48
Հասարակություն

Երկու աչքս՝ մի-մի աղբյուր[1]․ հայկական աղբյուրները Օրդուում

Երկու աչքս՝ մի-մի աղբյուր[1]․ հայկական աղբյուրները Օրդուում

Գյուվեն Բայար

Հերթով զանգահարեցի Օրդուի հայկական համայնքի երևելիներին՝ Հարություն Արթունին, Օհաննիկ Բաքըրին, Նշան Դևեջյանին, Արաքսի Չիթջյանին։ Երբ սկսեցի աղբյուրի մասին մանրամասներ պատմել, նրանք բոլորն ինձ աջակցեցին այնքանով, որքանով կարողանում էին հիշել․ այդպիսով՝ արձանագրեցինք, որ թե՛ կառույցի ու աղբյուրի պատմությունը և թե՛ Օրդուի հայկական թաղամասի սահմանները մեր պատկերացրածից շատ ավելի ընդարձակ են եղել։

Թուրքերենում çeşme (աղբյուր) բառը ծագում է պարսկերենով «աչք» նշանակող çeşm բառից։ Թուրքերենով ջրի ակնի վերաբերյալ էլ կիրառում ենք ‘göze’ բառը (göz-թուրքերեն աչք-Ակունքի խմբ․)։ Նաև արցունքի իմաստ կրող çeşm բառը իմաստալից կլինի՝ հոդվածի զգացմունքային ամբողջականության տեսանկյունից։ Ռուս հոգեբան Բլումա Զեիգարնիկի կողմից բացահայտված երևույթը՝ «Զեիգարնիկի» ազդեցությունը, ըստ որի՝ ընդհատված գործերը շատ ավելի լավ են հիշվում, քան՝ ավարտվածները, այդ կիսատ մնացածի զգացողությունն ամեն անգամ համակում է ինձ, երբ գալիս եմ իմ հայրենի Օրդու։ Բաց մնացած աղբյուրի նման մտքիս է հոսում Ժան Պոլ Սարտրի այն խոսքը, թե «Մի քանի քայլ անելով՝ կանգնում եմ։ Զգում եմ այն համընդհանուր մոռացությունը, որի մեջ եմ ընկողմվել․ կանգնած եմ երկու քաղաքի միջև։ Մեկը ինձ չգիտի, իսկ մյուսն այլև չի ճանաչում»։

Պատմական աղբյուրներն ընդհանրապես անվանակոչվում են այն մարդկանց անուններով, ովքեր պատրաստել են տվել դրանք։ Դրա նպատակը ոչ միայն մարդկանց՝ իրենց հետևից անմահ ստեղծագործություններ թողնելու ցանկությունն է, այլ նաև՝ բարեգործություն անելու իղձը։ Մեր երկրում ջրային ճարտարապետության ընտրանիների մեջ ընդգրկված աղբյուրները՝ իրենց յուրահատուկ ճարտարապետական լուծումներով ու զարդաքանդակներով, մեր մշակութային ճարտարապետության աննման խորհրդանիշներն են։ 

Օրդուում, ուր գնացել էի տոները նշելու նպատակով, առաջին իսկ օրը նկատեցի Բոզթեփեի փեշերին գտնվող մի հայկական տուն և աղբյուր։ Թաղամասի և կացարանի միջև գտնվող և բախտի քմահաճույքին թողնված աղբյուրները (ի դեպ, միայն աղբյուրները չէ, որ «բախտի քմահաճույքին են թողնված») ամեն ինչ են ինձ համար և կենտրոնական տեղ են գրավում։ Բախտի քմահաճույքին թողնված ժողովուրդները, կյանքերը, պատմությունները, սերերը, կառույցները դառնացնում են ինձ։

Սեֆերյան աղբյուրը

Տոնի առաջին իսկ օրը ինձ Բոզթեփեի ստորոտ տարած դետալը 1971 թ․ Օրդուի նահանգային տարեգրքում հիշատակված մի աղբյուրին էր պատկանում։ Սըթքը Չեբիի կողմից 53 տարի առաջ արձանագրված դետալը հետևյալն էր․ «Սարայ թաղամասի ամենավերին հատվածում, կաղնու այգու ծայրում գտնվող այդ աղբյուրը տարբերվող տեսք ունի՝ թե՛ հայկական տառերով տապանագիր ունենալու և թե՛ վերջինիս հայելային հատվածում երկկողմանի դափնու ճյուղով զարդարված լինելու շնորհիվ»։

Թեև աղբյուրը գտնվում էր հայկական թաղամասի սահմաններից դուրս, սակայն 2 տարի առաջ հանդիպակաց կողմում գտնվող հայկական տունը գրավել էր ինձ և առիթ տվել, որ ուսումնասիրեմ այն, բայց որևէ արդյունքի չէի կարողացել հանգել։ Տարիներ անց աղբյուրը գտա կաղնու այգու մեջ, աղբյուր, որը չէի պատկերացնի անգամ, որ կարող էր մեր օրեր հասնել։ Պատմական հայկական աղբյուրի վրայի դափնու ճյուղի զարդաքանդակները նկատելի են, սակայն տապանագիրն ընթերցելու համար անհրաժեշտ է համապարփակ և մանրամասն վերականգնողական աշխատանքներ կատարել։ Կարվի՞ արդյոք՝ չգիտեմ։ Ցանկանում եմ նշել, որ այդ աղբյուրը գրանցված չէ, բայց այս շաբաթ կսկսեմ անհրաժեշտ գործընթացը՝ այն արձանագրել տալու ուղղությամբ։

Հերթով զանգահարեցի Օրդուի հայկական համայնքի երևելիներին՝ Հարություն Արթունին, Օհաննիկ Բաքըրին, Նշան Դևեջյանին, Արաքսի Չիթջյանին։ Երբ սկսեցի աղբյուրի մասին մանրամասներ պատմել, նրանք բոլորն ինձ աջակցեցին այնքանով, որքանով կարողանում էին հիշել․ այդպիսով՝ արձանագրեցինք, որ թե՛ կառույցի ու աղբյուրի պատմությունը և թե՛ Օրդուի հայկական թաղամասի սահմանները մեր պատկերացրածից շատ ավելի ընդարձակ են եղել։

Օրդուի Սարայ թաղամասի մեջ գտնվող այդ հայկական տան և աղբյուրի հիմնադիրը Սեֆերյան գերդաստանն է։ Հարութ Սեֆերյանի թոռը՝ Բաքըրջը Բենիամին Սեֆերյանը և նրա տիկինը՝ Նարգիզ Թորամանը (բժիշկ Տիգրան Թորամանի հորաքույրը), մեկ որդի և երկու դուստր ունեն։ 1930-ականներից հետո գնում են Ստամբուլ և իրենց ապարանքը վաճառում Զալօղլու ընտանիքից Մուրադ Զալօղլուին։

Չիթջիյան աղբյուրը

Թուրքիայի Հանրապետության հռչակումից առաջ Օրդուի Թաշբաշը թաղամասի (հունական թաղամասի) սահմաններում ընդգրկված հայկական թաղամասը պաշտոնական գրանցումներում և հին անձնագրերում հիշատակվում է «Օրթա Թաշբաշը հայկական թաղամաս»։ Իսկ հանրապետության հռչակումից հետո Թաշբաշը թաղամասից այն առանձնանում է և հետագայում «Զաֆեր-ի միլլի» («Ազգային հաղթանակի») թաղամաս անվամբ՝ մի նոր թաղամասի է վերածվում։

Քավանոզ գետի ափին, լայնաճակատ, 3 մետր բարձրություն, կիսակամարակապ, մոտավորապես 2․5 մ լայնություն, հետևում մի մեծ գանձարան և մեկ գուռ ունեցող, թիթեղյա քարից պատրաստված այդ 150-ամյա պատմական աղբյուրն իրականում, մինչ օրս իմ ունեցած զրույցների համաձայն, որոշում էր հայկական թաղամասի սահմանները, և հայկական համայնքը համարում էր, որ իր իրավասության տակ գտնվող միակ կետն է։ Նրանք ասում էին՝ «Աղբյուրից այն կողմ չէինք գնում»։

Տեղյակ ենք, որ թեև այս աղբյուրը Օրդուում հայկական բնակավայր Բոզթեփեի ստորոտին էր կառուցվել, վերևում գտնվող այն վայրում, ուր հիմա ճոպանուղի է կառուցված, ինչպես նաև՝ շրջակայքում գտնվել է մի հայկական եկեղեցի, որը պատկանել է հայկական համայնքին, և որ համայնքի անդամները գարնան սկզբից մինչ ամռան վերջ այստեղ են մնացել (մի մասն էլ՝ Ճամբաշը յայլայում)։ Արձանագրենք, որ այդ ճամփորդության մեկնակետն էլ այդ պատմական աղբյուրն է եղել։

Թեև աղբյուրը ներկայում որպես կառույց կանգուն է թվում, սակայն շատ վաղուց ջուրը կտրվել է, գոռը՝ պոկվել, և այն համակերպված սպասում է իր վախճանին։

Այն օրը, երբ հանձնելու էի հոդվածս, իմացա, որ Օրդուի հայկական թաղամասում գտնվող մի տան միջից դուրս եկող և պարտեզ հասնող 130-ամյա մի քարե գուռ կա։ Պատմության միջից նորանոր պատմություններ․․․ Մեր առջև որպես առանձին պատմություններ հառնում են նրանք, թե այդ տունը ո՞ր օրդեցի հայ ընտանիքին է պատկանել, ինչո՞ւ և ինչպե՞ս է այդ գերդաստանը Օրդուից հեռացել։ Եվ այդպես՝ հարյուրավո՜ր նման ընտանիքների պատմություններ․․․ 

[1] Թուրքերեն դարձվածք է, որ նշանակում է անընդհատ լալ։

https://www.agos.com.tr/tr/yazi/30273/iki-gozum-iki-cesme-orduda-ermeni-cesmeleri

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net