կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 17:56
Իրավական

Վարդան Պետրոսյանի փաստաբանն ինքնաբացարկ հայտնեց դատավորին

Վարդան Պետրոսյանի փաստաբանն ինքնաբացարկ հայտնեց դատավորին

Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Եղվարդ) շարունակվեց Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը: Դատախազ Սարգսյանը նիստի մեկնարկին միջնորդեց դռնփակ դատարական կարգով անցկացնել նիստը, քանի որ հնարավոր է` նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակվեն:

 

Իսկ Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, սակայն վերջինս դրա քննարկումը հետաձգեց: Ըստ պաշտպանական կողմի՝ դատավորը տեղյակ է այն փաստերին, որոնք կարող են կասկած հարուցել նրա անկողմնակալության վերաբերյալ: «Այն, որ Դուք Վարդան Պետրոսյանի դեմ ունեք անձնական շահագրգռվածություն, ակնհայտ դարձավ Ձեր կողմից կայացված որոշումից հետո»,- ասաց փաստաբանը և հայտնեց, որ դատավորը նախքան որոշում կայացնելը քննիչից էլեկտրոնային եղանակով ստացել է միջնորդությունը և նույնությամբ որոշում կայացրել: Ըստ նրա՝ դատավորը, ստանալով միջնորդության էլեկտրոնային տարբերակը, խախտում է օրենքի մի շարք նորմեր, հետևաբար` նման դատավորը գործ քննելիս չի կարող անկողմնակալ լինել: «Ակնհայտ երևում է, որ copy-past է արված, քանի որ միջնորդությունն ու որոշումը նույնաբովանդակ են, կրկնում են նույն տեխնիկական սխալները, տառասխալները, անգամ պրաբելներն ու կետադրական սխալներն են նույնը»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ դատավորն ընդամենը փոփոխել է տառատեսակը: «Դուք, ես և քննիչը գիտենք, որ դա ճիշտ է, դատախազի համար եմ ներկայացնում, որ նա էլ իմանա»,- ասաց նա:

 

Ի պատասխան պաշտպանի միջնորդությանը՝ գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտպանական կողմը զուտ ենթադրություններ է ներկայացնում, տառասխալները և բացակները դեռ հիմք չեն` ասելու, որ նույն տարբերակն է ներկայացվել դատարանին:

 

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հունվարի 13-ին:

 

Լուսանկարում գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանն ու դատախազ Վահե Սարգսյանն են: