կարևոր
8722 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-20 12:13
Քաղաքական Իրավական

Սուրեն Մանուկյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ գործի քննությունը կսկսվի սկզբից

Սուրեն Մանուկյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ գործի քննությունը կսկսվի սկզբից

Հունվարի 19-ին տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում դատավոր Սերժ Ռուշանյանն ինքնաբացարկ է հայտնել։

Նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե։ Մանուկյանի հանդեպ նոր քրեական վարույթ են նախաձեռնել մի քանի նիստ առաջ տեղի ունեցած միջադեպի առթիվ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հոդվածով։ Քանի որ գործ են հարուցել, դատավորին հրավիրել են քննչական ու հարցաքննել եւ նրան տվել են տուժողի կարգավիճակ, դարձել է դատավարության կողմ։ Օրենքի համաձայն՝ անաչառորեն չի կարող դատել ու արդարադատություն իրականացնել, այդ իսկ պատճառով ինքնաբացարկ է հայտնել ու հեռացել վարույթից՝ գործը հանձնելով մեկ այլ դատավորի։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։

Հոկտեմբերի 20-ի դատական նիստի ավարտին, երբ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Մանուկյանին եւս 3 ամիս թողնել անազատության մեջ, որոշումը վրդովեցրեց Մանուկյանին։ «Ինչ ուզում ես կայացրու, թքած ունեմ քո որոշման վրա։ Սրիկայի՛ մեկը, հանցագործներով հավաքվել՝ որոշում եք, թե ես հանցագո՞րծ եմ» ,-ասել էր Մանուկյանը։

Դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել եւ քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առեւանգելու եւ նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։ Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում։

Դեռ պարզ չէ, թե ով է նշանակվել դատավոր, մակագրություն չկա։ Փաստաբանի խոսքով, հավանաբար հաջորդ շաբաթ պարզ կլինի եւ միանշանակ գործի քննությունը կսկսվի սկզբից, իսկ հաջորդ նիստի օրն ու ժամը կներկայացնի նոր դատավորի աշխատակազմը։