Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր «Nations in Transit 2024» տարեկան զեկույցում նշել է, որ 2022 թվականին Հայաստանում ծանր վիրավորանքն ապաքրեականացվել է, ինչի արդյունքում չեզոքացվել է այն գործիքը, որը կարող էր օգտագործվել իշխանության քննադատների դեմ։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է կազմակերպությունը, Հայաստանի իշխող կուսակցությունը նմանապես կիրառել է 2020 թվականին ընդունված քրեական օրենսգրքի նոր փոփոխությունը, որը կարգավորում է ատելության հրահրումը, բռնության կամ այն արդարացնելու կոչերը:
«2020 թվականին դրա ընդունումից ի վեր՝ դատարաններ բերված 38 գործերից 36-ը վերաբերում են վարչապետի կամ նրա կողմնակիցների նկատմամբ բռնության ենթադրյալ կոչերին։ Երկու բացառություն, որոնք վերաբերել են ընդդիմության նկատմամբ բռնության կոչերին, դատարան են ներկայացվել 2021 թվականին, մինչդեռ հաջորդ երկու տարիներին դատարան բերվել է 26 գործ՝ բացառապես իշխող կուսակցության առաջնորդների և համակիրների դեմ ուղղված կոչերի, ընդ որում գործերի թիվը 2023թ. 2022 թվականի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ։
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր (գործերի մեծ մասը հարուցվել են սոցցանցերում հաղորդագրությունների հիման վրա), որոնք պնդում են, որ օրենքը կիրառվում է ընտրովի, և որ իրավապահ մարմինները մերժել են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից բռնության բացահայտ կոչերը և սպառնալիքները»,- ասվում է զեկույցում:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, Արդարադատության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ Freedom House-ի հետ՝ խթանելու բարեփոխումները՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգերը Հայաստանի օրենսդրության մեջ ինտեգրելու համար:
Freedom House-ը դրական օրենսդրական քայլ է համարում Հայաստանի խորհրդարանի կողմից Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմնի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի համար գենդերային քվոտաներ սահմանող փոփոխության ընդունումը։