կարևոր
3586 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-17 10:13
Քաղաքական

Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»

Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանը կարեւորում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները, բայց Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ թուրքական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չունի՝ «Հրապարակի» հարցին ի պատասխան հայտնում են ԱԳՆ-ից։ Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք պաշտոնյան պատրաստվում Հայաստան ժամանել, եւ արդյո՞ք Թուրքիայի հատուկ բանագնացի այցելության օրակարգում ներառված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։ «Հայաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարեւորում է հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները: Ներկայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ առկա չէ հանդիպում անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ համաձայնեցված օրակարգ»,- նշված է ԱԳՆ պատասխանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ընդունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջարկը՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ, որը հնչել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Հայ-թուրքական գործընթացին օրեր առաջ անդրադարձել էր նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, եւ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։