Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային ժողովում փակ ֆորմատով քննարկումից իմ տպավորությունն այն է, որ գործող իշխանությունն անգամ այն պարագայում, երբ գիտի որ այս կամ այն քարտեզի, իրավական բազայի հետ կապված Հայաստանը այս կամ այն շրջանում ունեցել է առավելություն, բայց Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի համար բարենպաստ քարտեզը կամ իրավական հիմքը, գնում է ադրբեջանական մոտեցումը ընդունելուն։ Սա է իշխանության դիրքորոշումը, մոտեցումը և հեռանկարը»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հարցին, թե Փաշինյանը տավուշյան այցի ընթացքում հայտարարել էր, որ եթե այդ տարածքները չտանք՝ պատերազմ կլինի, արդյո՞ք Ադրբեջանի մոտեցումներում փոփոխություն կա, քանի որ մոտ մեկ ամիս է անցել այդ այցից, բայց, բարեբախտաբար, պատերազմ չկա՝ Աբրահամյանը պատասխանեց, որ ամենավտանգավոր հանգամանքն այստեղ այն է, որ ՀՀ իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի ու ահաբեկման եղանակով։
«Այսինքն, իբր, գնում են մարդկանց հետ խոսելու, իրավիճակ ներկայացնելու, բայց դա այլ կերպ, քան ահաբեկչություն որակել չի կարելի։ Եթե դա լիներ փակ քննարկում՝ հասարակության քիչ մասը կհավատար՝ մտածելով, թե ինչպե՞ս կարելի է գնալ՝ հասնել այնտեղ ու հայտարարել, որ մեր բանակը պատրաստ չէ պատերազմի։ Այսինքն, բանակին նման ծանր հարված հասցնելը այս իշխանության հակապետական դրսևորոման ոչ եզակի դրսևորումներից մեկն է։ Այն մարդիկ, ովքեր առնչվում են բանակին, ովքեր տիրապետում են ԶՈՒ-ին՝ գիտեն, թե ինչ ազդեցություն, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ նման հարցածը»։
Անդրադառնալով պատերազմին, որ խոստանում էր Փաշինյանը՝ Աբրահամյանն ասաց, որ կարծում է, որ իշխանությունները ծանոթ են այն հարցումներին, որ հրապարակվեցին այդ այցից հետո։ «Ըստ այդմ՝ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ էր, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների այն տարբերակին, որը առաջ է քաշում իշխանությունը։ Այդ 4 գյուղերի հետ կապված գործընթացը սահմանազատում և սահմանագծում համարել չի կարելի։ Ըստ էության՝ դրանով զբաղվող փոխվարչապետի գրասենյակը ևս համարեց, որ դա սահմանազտում չի լինելու, ուստի այլ բան, քան միակողմանի զիջում, դա չէր կարելի անվանել։
Հիմա իշխանությունը համարում է, որ այդ գործընթացները, որոնք կարող են իրեն ծանր հարված հասցնել իրենց իշխանությանը, դրա համար էլ դա պետք է ձգձգել»։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ իշխանությունները վստահաբար ծանոթ են նաև իրենց մյուս նախաձեռնություններից հետո հասարակության շրջանում առաջացած դժգոհություններին։ «Դրանց մի մասը թվացել է՝ կենցաղային են, տարբեր նշանակություն ունեցող հարցեր են, բայց դրանց նկատմամբ մեր հասարակության ճնշող մեծամանության վերաբերմունքը եղել է ծայրահեղ բացասական։ Կարծում եմ՝ սա է հիմնական խնդիրը, որ իշխանությունը հիմա փորձում է իրավիճակը շտկել ու դաշտ մտցնել կեղծ օրակարգեր»։