կարևոր
2974 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 12:42
Քաղաքական

Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախկին նախարար, փորձագետ  Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:

Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը:  Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից  իրականացվել են  հայաթափման ծրագրեր,  ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող  ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են  եղել:

«Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասել է Բաբայանը:

Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, և  հայ ժողովրդի  առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը: «Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը  այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից   կարողանանք դուս գալ»,- ասել է նա:

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ ընդհանրապես հանցագործության դեմ աչք փակելը, անտարբեր լինելը գոտեպնդում է ագրեսորին՝ սկսած հասարակ հանցագործից, որը հանցագործություններ է կատարում փողոցում, վերջացրած պետություններից:

«Հիշենք նույն Հիտլերին, ով մարդկության պատմության մեջ ամենամեծ հանցագործներից մեկն է: Երբ նա իրականացնում էր հրեաների ցեղասպանությունն, ասում էր. ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը, և սա բերեց նրան, որ միլիոնավոր մարդիկ, տարբեր ժողովուրդներ անցան ցեղասպանության միջով: Բայց, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը և Թուրքիան պատասխանատվության ենթարկվեր, միգուցե, չլիներ նաև այն, ինչի միջով մենք անցանք 1988 թվականից ի վեր: Ցավոք սրտի այսօր բոլորը խոսում են իրենց շահերի և նպատակահարմարության մասին և, եթե նպատակահարմարությունը փոխարինում է արդարությանը, հետևաբար պետք է ամենուր  սպասենք նորանոր ողբերգությունների: Տեսեք նույն Թուրքիան այսօր  սպառնում է Հունաստանին, Եվրոպային, և տարբեր տեղերում այդ ցեղասպան քաղաքականության սերմերը  դրվել են: Դժբախտաբար, դրանք  իրենց  բերքերը տալու են»,- նշել է Բաբայանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Բաքվի ջարդերի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով ինչպիսի քայլեր պետք է կատարվեն՝ Բաբայանը նշել է, որ առաջին հերթին պետք է քաղաքական. պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ, բայց միջազգային հանրությունը դժվար թե այս պահին, իր իսկ  շահերից ելնելով, գնա այդ քայլին:

 «Բայց գոնե մենք պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ի՞նչ է Ադրբեջան պետությունը, որովհետև չկան լավ և վատ  ժողովուրդներ, կան վատ և վտանգավոր պետություններ: Դրա համար իլյուզիաներով չպետք է ապրենք. Ադրբեջանն ու  Թուրքիայի մեղմ ասած մեր բարեկամները չեն: Դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես չառնչվել նրանց հետ, բայց դա պետք է անել՝ հասկանալով կարմիր գծերը»,- եզրափակել է նա: