կարևոր
3706 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-29 22:06
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը ադրբեջանական հայատյաց եւ էթնիկ հիմքով ատելության քաղաքականության դրսեւորումներից է․ ՄԻՊ

Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը ադրբեջանական հայատյաց եւ էթնիկ հիմքով ատելության քաղաքականության դրսեւորումներից է․ ՄԻՊ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը ադրբեջանական հայատյաց եւ էթնիկ հիմքով ատելության քաղաքականության դրսեւորումներից է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելու, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների ու չափանիշների խախտմամբ։

Մասնավորապես.

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալման գործընթացը մանրամասն տեսանկարահանել է: Դրանից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել են ձերբակալման գործընթացը պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են ադրբեջանական մի քանի ծառայողներ ձերբակալում եւ տեղափոխում Ռուբեն Վարդանյանին: Այնուհետեւ, մեկ այլ լուսանկարում երեւում են ադրբեջանական երկու ծառայողներ, որոնք բռնել են Ռուբեն Վարդանյանի ձեռքերը, իսկ նրանց հետեւում կանգնած է դիմակավորված զինված ծառայողը: Մեկ այլ տեսանյութում ադրբեջանական անվտանգության երկու զինված ու դիմակավորված ծառայողներ Ռուբեն Վարդանյանին տեղափոխում են՝ ձեռքերը մեջքին ոլորած ու ձեռնաշղթայված, գլուխը կախ վիճակում ՝ տեսանկարահանելով ամբողջ գործընթացը:

Ադրբեջանական մեդիա տիրույթում լայնորեն տարածում են այս տեսանյութը, որն ուղեկցվում է Ռուբեն Վարդանյանին ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով եւ հայերի նկատմամբ խորքային ատելությամբ:

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը, նրա նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելն, ի թիվս այլնի, ադրբեջանական հայատյաց եւ էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսեւորումներից է:

Այս համատեքստում հատկանշական է, որ մինչեւ Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելն անգամ Ադրբեջանի նախագահը, պաշտոնատար անձինք իրենց ելույթներում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները նրան արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի եւ անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար եւ անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։

Հարկ է ընդգծել, որ արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Արդար դատաքննության իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների եւ լրատվամիջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանության հարցերին, հստակ արձանագրել է, որ կասկածյալի վերաբերյալ կադրերը հեռուստատեսությամբ հեռարձակելը արդար դատաքննության իրավունքի խախտման վտանգներ է պարունակում։ Իսկ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում ազատությունից զրկելու կամայականության վերաբերյալ Եվրոպական դատարանը հաստատել է, որ «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում սոսկ ազգային օրենսդրության պահանջների բավարարմամբ. ցանկացած պարագայում՝ ազատությունից զրկելը կարող է օրինական լինել միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխանելու դեպքում։

Վերը շարադրվածի հաշվառմամբ եւ Ադրբեջանի՝ խորը արմատներ ունեցող հայատյացության քաղաքականությունը նկատի ունենալով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի եւ մյուս անձանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային իրավական չափորոշիչների խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։

Պաշտպանը շարունակում է ստանալ ահազանգեր Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղաշարժի ընթացքում Ադրբեջանի կողմից անձանց ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքին միջամտության վերաբերյալ եւ ընդգծում է, որ իրավական երաշխիքներին առնչվող վերը նշված բոլոր դիտարկումները վերաբերելի են նաեւ մնացյալ դեպքերին:

Վերը շարադրվածն ամրապնդում է մտավախությունն առ այն, որ նման պայմաններում Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որեւէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ:

Նշված անձանց հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկումը եւ իրավասու մարմինների ու մարդու իրավունքների մանդատ ունեցող դերակատարների արագ եւ համարժեք արձագանքը խիստ անհրաժեշտություն են»,- նշվում է պաշտպանի հայտարարության մեջ։