Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անվտանգության վատթարացող իրավիճակը միայն խորացրել է Հայաստանի խորհրդարանում քաղաքական բևեռացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության միջև՝ խաթարելով կարևորագույն հարցերի շուրջ բովանդակալից երկխոսությունը։ Դրա մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» տարեկան զեկույցում։
«Ընդսմին «Քաղաքացիական պայմանագրի» սահմանադրական մեծամասնությունը նրան հնարավորություն է ընձեռում արագացնելու բարեփոխումները գործնականում առանց դիմադրության, ինչն օգնում է առաջ տանելու կառավարության օրակարգը, դրա հետ մեկտեղ դա պարունակում է խորհրդարանական զսպումների և հակակշիռների բացակայության վտանգ, առանձնապես՝ վարչապետի՝ սահմանադրությամբ նախատեսված ընդգրկուն լիազորությունների պատճառով»,- ընդգծվում է զեկույցում։
Միաժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ ուժերի առկա հավասարակշռությունն ամրապնդվել է, ինչի վկայությունն այն է, որ հակառակ Լեռնային Ղարաբաղի կորստին՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը որոշակիորեն կայունացել է, և կուսակցությունն այսօր Հայաստանում մնում է հանրաճանաչ, թեև, ընդհանուր առմամբ, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ չի վայելում բնակչության մեծամասնության աջակցությունը։
Ընդդիմությունն ի վիճակի չլինելով շահել 2018-ին «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած ՔՊ-ից հիասթափված ընտրողների աջակցությունը՝ շարունակում է հասարակական համակրանք չվայելել Հայաստանում:
Ըստ զեկույցի՝ 2023 թվականի դրությամբ Հայաստանում հասարակական տրամադրությունները հուշում են, որ ներկայում ընդդիմությունն ի վիճակի չէ լրջորեն հակազդել կառավարությանը. իշխանությունն, իբրև կանոն, ամուր կառչել է իր ընտրողներից, ինչի մասին են վկայում կուսակցական կառույցներն ամրապնդելու և կոալիցիոն կրտսեր գործընկերներ գտնելու փորձերը (ուշադրություն դարձրեք Երևանի ավագանու՝ անցյալ տարվա սեպտեմբերյան ընտրություններից հետո ձևավորված կոալիցիային): «Առայժմ չեն նկատվել քաղաքական ասպարեզ ներխուժելու և անտարբեր մեծամասնությանն իր կողը գրավելու ունակ այլընտրանքային ուժեր»,- ասված է զեկույցում։
Freedom House-ի գնահատմամբ՝ 2023 թվականին Հայաստանում ամենակարևոր քաղաքական գործընթացներն ու խնդիրներն առնչվել են անվտանգությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին և Արցախի 10-ամսյա շրջափակմանն ու դրան հաջորդած էթնիկ զտումներին՝ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո։
«Ազգային անվտանգության այս խնդիրները ոչ միայն խոր մտահոգություն են առաջացնում հայերի շրջանում, այլև պայանավորում են ներքաղաքական իրավիճակը. Ընդդիմությունն ու բնակչության լայն շերտերը քննադատում են կառավարությանը Լեռնային Ղարաբաղի քաղաքականության ձախողումների համար», - նշվում է Freedom House-ի տարեկան զեկույցում։