կարևոր
4501 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 20:15
Հասարակություն

Երևանում կայացավ ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը նվիրված միջազգային սիմպոզիումը

Երևանում կայացավ ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը նվիրված միջազգային սիմպոզիումը

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 10-ից 11-ը Երևանում անցկացվեց «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային տարածաշրջանային սիմպոզիումը, որը նվիրված էր Հայաստանում միջազգային առաջադեմ պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը, փորձագիտական տվյալ բնագավառի տեսական և գործնական արդի հիմնախնդիրներին:

?Փորձաքննությունների ազգային բյուրոյի, «GTH DNA» (ԱՄՆ) և «Eura DNA, Europe’s premier forensic DNA resource» (ԵՄ) առաջատար խորհրդատվական կազմակերպությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) հետ համատեղ կազմակերպված համաժողովին զեկույցներով հանդես եկան դատագենետիկական բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ՝ Հելսինկիի համալսարանի Դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների դատափորձագիտական ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականներ:

?Ողջունելով արտասահմանյան գործընկերներին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը ներկայացրեց դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և կառուցակարգերի ձևավորման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման ուղղությամբ Կազմակերպության որդեգրած քաղաքականությունն ու տեսլականը:

Բյուրոյի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ միջազգային չափանիշներին համապատասխան ԴՆԹ լաբորատորիայի գործարկման և անհրաժեշտ գործընթացների ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար:

?Խոսելով ոլորտում առկա հիմնախնդիրներից, Հովսեփյանը նշեց, որ Հայաստանը դեռևս չունի դատափորձագիտական գործունեության մասին օրենք, որը հավասար պայմաններ կստեղծի Հայաստանում դատափորձագիտական գործունեություն ծավալող կառույցների համար, կկանոնակարգի ոլորտի գործունեությունը, ինչպես նաև կկարգավորի փորձագետի որակավորման և ոլորտին առնչվող այլ կարևոր գործընթացների միատեսակ կիրառումը:

Անդրադառնալով Հայաստանում համակարգված և ընդգրկուն ԴՆԹ տվյալների շտեմարանի բացակայության խնդրին, Բյուրոյի ղեկավարն ընդգծեց այս առումով անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման կարևորությունը:

❗«Մենք հանձնառու ենք և պատրաստակամ դատափորձագիտական ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ կարճ ժամանակահատվածում ունենալ այնպիսի կատարյալ համակարգ՝ այդ թվում ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման առումով, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և կնպաստի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդմանը և օրենքի գերակայության ապահովմանը»,-շեշտեց Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակահատվածում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր, որոնք կնպաստեն ՀՀ-ում ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորմանը և արդյունավետ կիրառմանը:

?Համաժողովի ընթացքում Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, որը հանդիսանում է նաև ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS համակարգի հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում, ներկայացրեց CODIS-ի կիրառման, տվյալ համակարգի միջոցով հանցագործությունների բացահայտման, զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման, CODIS-ի լաբորատորիաների գործունեության, դատապարտված անձանց ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորման և համակարգի գործունեությանն առնչվող այլ արդիական հարցեր՝ ընդգծելով ԴՆԹ տվյալների շտեմարանի միջոցով քրեական վարույթի օժանդակության կարևորությունը:

?Համաժողովի անցկացման արդիականությանը, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման զարգացման կարևորությանն անդրադարձավ նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ վերահաստատելով Կոմիտեի պատրաստակամությունը ԴՆԹ տվյալների շտեմարանի զարգացման ապահովման նպատակով Փորձաքննությունների ազգային բյուրոյին աջակցելու հարցում՝ քննիչների վերապատրաստումից մինչև ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորում:

?Համաժողովի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանը ներկայացրեց բաժանմունքում իրականացվող դատագենետիկական փորձաքննությունների հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, իսկ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը հանդես եկավ «ԴՆԹ նույնականացումը որպես հանցագործության դեմ պայքարի կարևոր գործիք, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման զարգացումը» թեմայով զեկույցով:

?Սիմպոզիումի ընթացքում դատագենետիկական բնագավառին վերաբերող զեկույցներ ներկայացրեցին նաև ներկայացուցիչներ «Ինտերպոլից», Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և այլ միջազգային կառույցներից:

Համաժողովի երկրորդ օրը՝ ապրիլի 11-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կայացավ միջազգային աշխատաժողով և արտերկրից ժամանած փորձագետների կողմից դատագենետիկական բնագավառի հայաստանյան փորձագետների վերապատրաստում:

❗Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային նմանօրինակ համաժողովների կազմակերպումն ու անցկացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղությունների շարունակական զարգացմանը, իրավական հիմքերի ձևավորմանը, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ