Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ Քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։
Քննարկման հիմնական օրակարգն ապրիլի 24ին ընդառաջ ողջ Եվրոպայում ոգեկոչման միջոցառումների կազմակերպական հարցերն էին՝ արցախյան հիմնախնդիրը միաժամանակ պահելով առանցքային հարց այդ ձեռնարկների ժամանակ։
Հիմնական քննարկումները ծավալվել են նաև ինքնորոշման և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հիմնարար իրավունքի շուրջ։ Ընդգծվել է Հայաստան տեղահանված 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրև ժամանակավոր բնակության վայրերում նրանց արժանապատիվ կյանքն ապահովելու անհրաժեշտություն, մինչև իրավունքների միջազգային պաշտպանությամբ Արցախի հայությունը կարողանա ապահով վերադառնալ հայրենիք:
Քննարկումների ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հայ համայնքների դերին առաջիկա համաեվրոպական ընտրություններում՝ ընդգծելով նոր խորհրդարանում Արցախի և Հայաստանի շահերի պաշտպանության հրամայականը։
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնություն
28 մարտ 2024թ․