Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պաշտոնապես ներկայացվել է «Edu2work» հարթակը, որը մշակվել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում: Միջոցառմանն ի թիվս այլոց, մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ:
Այն միտված է աջակցելու «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրին` տվյալների վրա հիմնված և մարդակենտրոն մեթոդների կիրառմամբ միավորելով կրթական համակարգը և աշխատաշուկան։ Այս համատեքստում «Edu2work» հարթակը ստեղծվել է՝ ի պատասխան արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանության խնդրին արդյունավետ լուծումներ առաջադրելու համար։ Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում:
Իր ելույթում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է հարթակի ստեղծումը փաստահեն քաղաքականություններ մշակելու տեսանկյունից՝ այդ թվում առանձնացնելով հարթակի դերն աշխատաշուկայի ակնկալիքներին համապատասխան ֆորմալ և նաև լրացուցիչ ու շարունակական կրթական ծրագրերի վերափոխման, նոր կրթական ծրագրերի ներդրման առումներով: Նա ընդգծել է հարթակի գործունեության շարունակականությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել երկխոսությունը Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ՝ հարթակի բովանդակային և տեխնիկական սպասարկումը պետությանը փոխանցելու գործում: