Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նախարարը նախ ծավալուն ելույթ ունեցավ, ապա պատասխանեց ուսանողների հարցերին: Միջոցառման ավարտին նա պարգևատրեցբուհի ներկայացուցիչներին, որոնց թվում էր բուհի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ով պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով: Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը առավելապես հայտնի է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողներ նկատմամբ ցուցաբերած վատ վարքով:
Հավելենք նաև, որ այս անգամ էլ տնտեսագիտական համալսարանն աչքի ընկավ լրագրողների հանդեպ անհանդուժողությամբ ու բռնությամբ: Այսպես` երբ լրագրողները ցանկանում էին մոտենալ Սեյրան Օհանյանին, բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները սկսեցին հրել լրագրողներին ու նրանց առջև դուռը փակել, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան մոտենալու Սեյրան Օհանյանին:
Այնուհանդերձ, լրագրողներին հաջողվեց հարցեր ուղղել պաշտպանության նախարարին: Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց պարգևատրել վատ վարքագիծ ունեցող Սևակ Խաչատրյանին, ով անգամ չի ծառայել բանակում, Օհանյանը պատասխանեց. «Այսօրվա բոլոր պարգևատրումները համապատասխան աշխատանքի համար են տրվել` բանակ-հասարակություն կապի, բանակ-ուսումնական հաստատություններ կապի շրջանակներում, նաև` ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար: Ինչ նրանք նախկինում են կատարել, չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ: Այն պարգևատրումները, որոնք ես կատարում եմ, մանրամասն նայում եմ, նոր հետո հրամանները ստորագրում»:
Լրագրողների դիտարկմանը, որ Սևակ Խաչատրյանը չի ծառայել բանակում, մի՞թե այդքանը բավարար էր Սևակ Խաչատրյանին պարգևատրելու համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ Հայաստանում որևէ մեկը չի կարող անօրեն կերպով ազատվել ծառայությունից, և այն քաղաքացիները, ովքեր թեկնածուական են պաշտպանել, օրենքով են ազատվում զինվորական ծառայությունից:
«Բայց նրանք այսօր իրենց գործունեությունն են իրականացնում` հաջակցություն բանակի ու հասարակության: Այդպիսի մեդալներ տրվում են նաև հասարակական գործունեության ժամանակ, որոնք ուղղված են ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը»,- ասաց նա: