Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Պաշտպանները միջնորդությամբ արձանագրել էին, որ նախաքննության ընթացքում դատարանները խափանման միջոց կալանքի կիրառման, բողոքարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմեն Աշոտյանին մեղսագրված արարքներից՝ փողերի լվացման մեղադրանքով՝ հիմնավոր կասկածը բացակայում է, հետևաբար, փողերի լվացման մասին խոսք լինել չի կարող։
«Փաստացի ինձ մեղսագրված 3 հոդվածներից փողերի լվացումն ամենածանր է: Երբ գործի էվոլյուցիան նայում ենք, կտեսնեք՝ տարբեր մարմիններում՝ ԱԱԾ, ՀՔԾ, անգամ ակնարկ չի եղել, որ նման մեղադրանք կարող է լինել: Այդ մեղադրանքը ծնվել է ՔԿ-ում, ամենավերջին պահին, երկու պատճառով: Այս հոդվածով հնարավոր պատիժը շատ մեծ է, ու հույս ունեին՝ օդից ծագած մեղադրանքով սաստկացնել ճնշումն իմ նկատմամբ: Մյուս պատճառն այն է, որ սա արվեց, որ ինձ վարկաբեկեն իմ միջազգային գործընկերների մոտ»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «նրանց համար դա нерукопожатный հոդված է: Երկու պատճառն էլ չաշխատեց»։
Դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։