կարևոր
6418 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 21:48
Քաղաքական

Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, տուժող է ճանաչվել՝ խաղաղ ակցիաների ընթացքում իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից իրեն բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այս պահի դրությամբ՝ խոշտանգման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կարմիրբերետավորներից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ նրան ձերբակալելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը չի բավարարվել։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինը ձգձգում է Լևոն Քոչարյանի և նրան բերման ենթարկած չորս ոստիկանների միջև առերես հարցաքննությունները՝ ինչպես խոշտանգման վերաբերյալ, այնպես էլ՝ Լ․ Քոչարյանի կողմից իբրև ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթներով, թեև հենց այդ չորս ոստիկանի ցուցմունքներն են դրվել Լևոն Քոչարյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ միջնորդել են առերես հարցաքննել չորս բերետավորների հետ, սակայն առ այս պահը միջնորդության քննարկման և լուծման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, ավելին, վարույթն իրականացնող մարմինը խախտել է միջնորդության քննության համար օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը։

«Ոչ մեր միջնորդությանն են պատասխանել, ոչ էլ՝ առերեսում իրականացրել։ Ընդ որում, Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, միջնորդությունը գրավոր ձևով ներկայացվել է սեպտեմբերի 23-ին, այնուհետև, սեպտեմբերի 24-ին, երբ Լևոնը հարցաքննվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակում, մենք նաև բանավոր ենք միջնորդել, որ այդ չորս ոստիկանի հետ առերես հարցաքննվի, սակայն բանավոր միջնորդությունը, որը ենթակա է անհապաղ քննարկման, չի քննարկվել, լուծում չի տրվել։ Որոշ ժամանակ անց միջնորդություն է ներկայացվել՝ «հիշեցում»՝ կատարելու առերես հարցաքննությունը, քանի որ դրանով արդեն իսկ ցույց են տալիս, որ բացառիկ անգործություն են ցուցաբերում, ժամկետը խախտել են արդեն»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ նաև գլխավոր դատախազին է ներկայացվել բողոք՝ վարույթն իրականացնող անգործության դեմ։

Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։