Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և արցախահայության անվտանգ և ապահով վերադարձի իրավունքն ուժով պաշտպանելու ուղղությամբ։
Մարտի 21-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը, զույգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայությունների և հատկացումների հանձնաժողովների նախագահներին հասցեագրված նամակով՝ Համբարյանը խիստ հանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու և բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու գործում։ Համբարյանը նկատել է՝ վարչակազմը շարունակապես հրաժարվում է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների կոչերին, բարձրաձայնված մի շարք նամակներում և բանաձևերում, որտեղ կոչ է արվում անհապաղ արձագանքել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետևանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկվեցին սննդի, վառելիքի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների հասանելիությունից: Համբարյանը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացավ կաշկանդել Ադրբեջանին, այլև բազմիցս խթանել և քաջալերել է Բաքվի ագրեսիան»։
Նամակում, մասնավորապես, ընդգծվում են Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնց արդյունքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել․
Համբարյանը նաև ուշադրություն է հրավիրել նախագահ Բայդենի կողմից արցախահայությանը լքելու հանգամանքի ազդեցությանը ընտրական գործընթացի վրա, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրություններում կլինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջև և ազդեցիկ դեր կխաղա ընտրություններում։ Ամերիկահայերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչությամբ՝ քվեարկելով «չեզոք» առանցքային տատանվող նահանգներում։ Դա են վկայել նաև New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն և USA Today-ը:
Նամակում վերահաստատվել է 7288 բանաձեւի անհապաղ ընդունումն ապահովելու, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցման նախագահական լիազորությունները չեղարկելու և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապես կիրառելու անհրաժեշտությունը և այլն։
«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատվություն չպարտադրելը միայն խթանում է հետագա ագրեսիան։ Քանի որ Ալիևի վարչակարգը հրապարակայնորեն մերժում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը և դուրս գալիս խաղաղության բազմակողմ բանակցություններից, ակնհայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով ավելին կարելի է շահել, քան խաղաղությամբ», - գրել է Համբարյանը։
Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնորեն ճնշել վարչակազմին, որպեսզի վերջինս շոշափելի գործողություններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, Համբարյանը միաժամանակ նաև ընդգծում է անօրինական կերպով կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառյալ նրանց անհատական և հավաքական սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների լիակատար պաշտպանությունը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
22.03.202