Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը սակրամենտալ արտահայտություն էր ասել, որը կարող էր դառնալ քաղաքագիտության աքսիոմ, բայց չդարձավ. «ճիշտ քաղաքականությունը սկզբունքային քաղաքականությունն է»: Եվ ինքը՝ Չերչիլը, միշտ չէ, որ հավատարիմ էր այս սկզբունքին, ուստի նա կորցրեց իր գլխավոր ճակատամարտը՝ Բրիտանական կայսրության պահպանման համար պայքարը:
Մինչդեռ, 20-րդ դարի երկրորդ կեսի ԽՍՀՄ փորձը ցույց տվեց, որ սկզբունքային քաղաքականության մերժումը, այն այսրոպեական շահով, կարճաժամկետ պրագմատիկ շահերով փոխարինելու ձգտումը հանգեցնում է անխուսափելի ռազմավարական պարտության։ Արտաքին քաղաքական այս դարակազմիկ ձախողման անձնավորումն անձնավորվեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Գորբաչովը, որը հանձնեց ԳԴՀ-ն, Արեւելյան Եվրոպան, լուծարեց Վարշավայի պայմանագիրը, իսկ հետո փլուզեց ԽՍՀՄ-ը։
Այս հոդվածում մենք չենք դիտարկի Վրաստանի նկատմամբ թույլ տրված նախորդ ժամանակաշրջանի սխալները, ինչպիսիք են Սահակաշվիլիի ռեժիմի ճանաչումը, Ասլան Աբաշիձեի հանձնումը, Բաթումիից եւ Ախալքալաքից ռազմակայանների դուրսբերումը եւ 2008 թ-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմից հետո Սահակաշվիլիի ռեժիմի տապալումից հրաժարվելը: Ես այս թեմայով բավականին շատ եմ գրել եւ խոսել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ եղած ժամանակ։
Հիմա ՌԴ ԱԳՆ-ի սխալ կուրսի շնորհիվ հարցականի տակ է հայտնվել մեր ռազմական ներկայությունը Հայաստանում եւ ռուս-հայկական պաշտպանական դաշինքն ընդհանրապես։ Այդ կուրսը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ «հավասար հեռավորության» քաղաքականություն վարելն էր, ինչը, ըստ էության, նշանակում էր հրաժարվել Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններից Ադրբեջանի հետ նրա հակամարտությունում։ Այս կուրսի ապոթեոզը 2022 թ-ի հունվարին Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումն էր։ Այսինքն՝ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. Ռուսաստանը դաշինք է կնքել մեր դաշնակից Հայաստանի հետ պատերազմի մեջ գտնվող երկրի հետ։ Չէ՞ որ այդ պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվել էր միայն հրադադար, խաղաղության պայմանագիր չկար, եւ պատերազմը կարող էր վերսկսվել ցանկացած պահի։ Իրավիճակը հիմա էլ, ըստ էության, հավասարակշռվում է պատերազմի եզրին։ Ավելի ուշ հաջորդեց ադրբեջանական հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որի արդյունքում Ադրբեջանը գրավեց 150 քառ. կմ հայկական տարածք։ Ո՛չ ՌԴ ԱԳՆ-ն, ո՛չ ՀԱՊԿ-ը չեն դատապարտել Բաքվի ռեժիմի այս ագրեսիվ գործողությունը եւ չեն պահանջել զորքերի դուրսբերում հայկական տարածքից։ Փոխարենը ՀԱՊԿ-ն առաջարկել է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Սակայն հայկական կողմի հարցին, թե այդ առաքելությունը որ սահմանն է վերահսկելու, հետեւեց պատասխանը՝ «մենք չգիտենք, թե որտեղ է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ այն սահմանազատված չէ»: Եվ դա այն դեպքում, երբ ՀԱՊԿ բոլոր անդամները ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը, որտեղ նշված է՝ միութենական հանրապետությունների սահմանները հռչակագրի ստորագրման պահին հենց նրանց պետական սահմաններն են։
Իր անպատժելիութոյւնը զագոլվ՝ Ադրբեջանը, խախտելով 2020ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, շրջափակեց Լաչինի միջանցքը, իսկ 2023 թ-ի սեպտեմբերին ներխուժեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի եւ այնտեղից վտարեց ողջ հայ բնակչությանը։ Այսինքն, ըստ էության, էթնիկ զտումներ է արել։ Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ն ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները, այլեւ Զախարովայի՝ մամուլի խոսնակի շուրթերով հայտարարել՝ ինքը «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման փաստը հաստատող որեւէ փաստաթուղթ չունի»: Այս ցինիկ հայտարարությունը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում։
Մոսկվայի այս բոլոր գործողությունները հիանալի տեղավորվում էին ՀՀ վարչապետի՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելու եւ դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ վերակողմնորոշվելու ծրագրերի մեջ։ Այս ծրագրի էությունը, որը մշակվել էր, բնականաբար, Արեւմուտքում, Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելն էր, այսինքն՝ բավարարել նրա բոլոր պահանջները, ինչպես նաեւ Թուրքիայի պահնջները, որը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է, եւ առանց որի համաձայնության Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի։
Հասկանալի է՝ Արեւմուտքը խորապես անտարբեր է, թե ինչպիսին կլինի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրումից հետո.արդյո՞ք այն կլինի կտրված սահմաններում, կտորոհի՞ նրան արտատարածքային «Զանգեզուրի միջանցքը» մասերի, կհրաժարվի՞ արդյոք իր Սահմանադրությունից եւ պատմական հիշողությունից, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ իր Առաքելական եկեղեցուց։ Արեւմուտքի համար գլխավորն Անդրկովկասում ինչ-որ պլացդարմ ունենալն է, որտեղից այն կկարողանա ազդել Իրանի վրա, ի դեպ, Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ նրանց միացած Իսրայելի հետ համատեղ։ Եվ նաեւ՝ միջանցք դեպի Կասպից եւ Կենտրոնական Ասիա։
Մի խոսքով, Արեւմուտքին պետք էր մի ծրագիր, որի դեպքում նա լավ հարաբերություններ կպահեր Ադրբեջանի հետ եւ միաժամանակ թույլ կտար խաղաղություն կնքել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Նման արդյունքի կարելի էր հասնել միայն Հայաստանին պարտադրելով ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները։ Բայց դա կարելի էր անել միայն ստիպելով հայ հասարակությանը համաձայնել այդ ծրագրին՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի ներքո։ Պատերազմ, որը Հայաստանն ի վիճակի չէ հաղթել, քանի որ դաշնակիցը դավաճանել է նրան, որդեգրել է չմիջամտելու կեցվածք։ Իսկ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դեմ միայնակ հայկական բանակը, բնականաբար, ոչինչ չի կարող անել ։
Միանշանակ կարելի է համաձայնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի հետեւյալ գնահատականին․ «փաշինն ինքն իրեն հավատարիմ է։ Նա շարունակում է Ադրբեջանի շահերը բավարարելուն ուղղված իր նախկին գիծը, բայց միեւնույն ժամանակ երեւալ մի մարդ, ով ստիպված դիմել է այդ քայլին, եւ ի լրումն ամեն ինչի, դրան զուգահեռ, նման դիրքորոշում որդեգրելով, ամեն ինչում հանդիմանում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը, բայց իր վրա չի վերցնում Հայաստանի պաշտպանությունը։ Նա բռնել է իր հայրենակիցներին լքելու՝ դավաճանելու ճանապարհը, եւ նա ստիպված է գնալ այս ճանապարհով։Ի՞նչ նշանակություն ունեն այդ գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը։ Դրանք Հայաստանի համար ապահովում են ելք դեպի Իրան, ապահովում են ճանապարհ դեպի Վրաստան։ Սրանք տարանցիկ գյուղեր են եւ եթե Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման արդյունքում երկիրը կորցնում է դրանք, ապա հաղորդակցությունն ընդհատվում է, եւ ճանապարհ է բացվում հետագա զիջումների համար։ Ամենակարեւորն Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ այդպիսով Թուրքիայից ուղիղ տարանցում կատարելով դեպի Ադրբեջան»։ Եվ այստեղ, տեսնում ենք, ՌԴ ԱԳՆ ադրբեջանամետ դիրքորոշումը Նիկոլի համար շատ տեղին էր։ Նիկոլը ոչ միայն կարողացավ հայ հասարակությանը ապացուցել, որ Հայաստանը միայնակ է եւ անպաշտպան ադրբեջանա-թուրքական տանդեմի առջեւ, այլ պետք է զիջումների գնալ Ադրբեջանին։ Նա կարողացավ Ռուսաստանին ներկայացնել որպես դավաճան, որը միայն մեղավոր է հայկական տարածքների կորստի համար։ Դրա համար էլ, իբր, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր կապերն անվտանգության ոլորտում, վերակողմնորոշվի դեպի Ֆրանսիա եւ Եվրոպական միություն։
Դե, իսկ հետո՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան կփակվի, եւ Անդրկովկասն ամբողջությամբ կանցնի Արեւմուտքի վերահսկողության տակ։ Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ Իրանը կարող է կանխել դա, ապա չարաչար սխալվում է։ Իրանը միայնակ ընդդեմ կոալիցիայի՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի եւ հավաքական Արեւմուտքի, ոչինչ չի կարող անել։ Միայն Ռուսաստանի օգնությունը կարող է փրկել իրավիճակը։ Բայց հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է հեռանանք Հայաստանից, որպեսզի հետո մարտո՞վ վերադառնանք այնտեղ։ Ցանկանում ենք կրկնել «Մինսկի համաձայնագրերի» փորձը, երբ, 2014ին չոչնչացնելով Կիեւի ռեժիմին, մենք հիմա ստիպված ենք երկար եւ արյունալի պատերազմ վարել։
Այսպիսով, հերթական անգամ հաստատվում է Չերչիլի իրավացիությունը։ Սկզբունքային դիրքորոշումից հրաժարվելը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առեւտրից այսրոպեական օգուտները կորզելու ձգտումը մեզ կանգնեցրին Անդրկովկասում աշխարհաքաղաքական աղետի եզրին։ Բայց դեռ ժամանակ կա խուսափելու այդ էպիկական ձախողումից: Անհրաժեշտ է շտապ հաստատել Հայաստանի տարածքային ամբողջականության մեր երաշխիքները եւ զգուշացնել Ադրբեջանին հայկական ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի դեպքում լուրջ հետեւանքների մասին: Պետք է դադարել պարել Նիկոլի դուդուկի տակ եւ դադարել հետեւել մեզ պարտադրված արեւմտյան սցենարին։
Միխայիլ Ալեքսանդրով
Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի