կարևոր
4519 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-05 13:58
Հասարակություն

Չարենցը քաղաքական մեղադրյալ՝ նացիոնալիստ, դաշնակցական, ժողովրդի թշնամի

Չարենցը քաղաքական մեղադրյալ՝ նացիոնալիստ, դաշնակցական, ժողովրդի թշնամի

Ամեն ինչ սկսվեց Չարենցի գրական գործունեության 20-ամյակի կապակցությամբ Մկրտիչ Արմենի տպագրած «Չարենցի և հարակից խնդիրների մասին» աղմկահարույց հոդվածից («Գրական թերթ», 1933, թիվ 7, 21 ապրիլ) և երեք ամիս անց Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելքից (1933): Քաղաքական մահացու հարվածն իջավ «Նոյեմբեր» միության նախկին անդամների գլխին, որի մեջ Չարենցի կողքին նաև Բակունցն էր,Մահարին, Արմենը և ուրիշներ:

«Լենինիզմի հարցերի շուրջ» գրքում այդ հարցերի վերաբերյալ Ստալինն ասել էր. «…բովանդակությամբ՝ պրոլետարական, ձևով՝ ազգային, այսպիսին է այն համամարդկային կուլտուրան, դեպի որն ընթանում է սոցիալիզմը։ Պրոլետարական կուլտուրան չի վերացնում ազգային կուլտուրան, այլ ձև է տալիս նրան»։ Խոսվում է նաև «ազգերի կոնսոլիդացիայի» մասին (1926, էջ 257-258)։
Արմենի նախադրյալները պայմանավորված են այս դրույթներով։

Նույն համարում տպագրվում են Չուբարի «Ջախջախել խմբակայնությունն ու նացիոնալ-դեմոկրատական տենդենցները» և Վանանդեցու «Լեգենդա ազգային և «միջազգային» ձևի մասին» հոդվածները, որոնք նացիոնալիզմի վտանգավոր մեղադրանքներով ուղղված են Արմենի հոդվածի դեմ։

Արմենի հոդվածը բաժանված է ենթամասերի՝ «1. Քննադատության մասին», «2. Ինչո՞վ է Չարենցն արժեքավոր», «3. Ազգայնականը և ազգայինը», «4. Գրական տենդենցներն այսօր»։

Մի ամբողջ գրական խմբակցության անունից հեղինակն ընդդեմ Վանանդեցու պրոլետարական գաղափարական համահարթեցման և Չա¬րենցի գրական ճանապարհի իմաստավորմամբ պաշտպանում է ազգային առանձնահատկությունների խտացման դրույթը։

Արմենը գրում է. «Չարենցի գրական-հասարակական գործունեության քսանամյակի առնչությամբ մեր քննադատությունը բնականաբար պետք է հատուկ ուշադրություն դարձներ Չարենցի ստեղծագործության և հարակից այլ խնդիրների վրա։ Սակայն մեր քննադատությունը, որ տառապում է հանցավոր ամլությամբ, մինչև այժմ դեռ հրապարակ չի քաշել ոչ մի խնդիր և ոչ մի հարց՝ կապված այս քսանամյակի հետ։ Կարծեք թե մեր գրականությունը ունի մի քանի տասնյակ Չարենցներ, որոնցից մեկին,- ի՞նչ կա որ,- կարելի է անտեսել»։

Այնուհետև. «Չարենցի մեծագույն արժեքը և խոշոր ծառայությունը մեր կուլտուրային այն է, որ նա հանդիսանում է մեր ազգային կուլտուրայի ստեղծման առաջավոր հարվածայինը։ Կանգնած լինելով ցարական գաղութից ազգային հանրապետության վերածվող Խորհրդային Հայաստանի շեմքին՝ նա իր ստեղծագործությունները կապեց այն հեղափոխական պրոցեսի հետ, որը կոչվում է «ազգությունների զարգացման ընդհանուր պրոցես» (Ստալին)։ …պրոլետարական միջազգային կուլտուրան ստեղծվում է ազգային կուլտուրաների ստեղծման ճանապարհով և միայն դրանով։

…երևութական ինտերնացիոնալիզմով [տարվածները] Չարենցի ստեղծագործության մեջ ավելի և ավելի նկատվող ազգային հատկանիշների խտացումը համարել են ազգայնականություն։ Չարենցի ուղին դա շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում…։ …միջազգային գրող լինելու միակ ուղին ազգային գրող լինելն է, միջազգային կուլտուրա ստեղծելու միակ ուղին՝ ազգային կուլտուրա ստեղծելը»։ Ըստ նրա՝ պետք է «ընթանալ ազգային կուլտուրայի կոնսոլիդացիայի ուղիով», Չարենցի «ստեղծագործությունը զարգացել է «ազգային ձևի շարունակական խտացմամբ ու բյուրեղացմամբ»։

«Չարենցի ֆուտուրիզմը, նրա մայակովսկիականությունը պետք է բնորոշել ոչ թե իբրև քմահաճ ընտրություն նրա կողմից, այլ իբրև նորմալ ընտրություն ազգային միֆին հակադրվելու համար»։
Ըստ ամենայնի Չարենցի օրինակով Արմենը պաշտպանում է «Նոյեմբեր»-ականների ընտրած ազգային ինքնորոշման ճանապարհը՝ յուրովի շարունակելով Մյասնիկյանի 1922 թ. դեկտեմբերի սկզբին ԽՀ-ում տպագրած ծրագրային հոդվածի դրույթները։

Ըստ Արմենի՝ սխալ է Ն. Զարյանը, «որ դեռ կանգնած է անազգային ձևով պրոլետարական գրականության դիրքերի վրա»։

Չուբար. «Մ. Արմենի հոդվածը նշանակալից է նրանով, որ նա փորձում է ձևակերպել որոշ գրուպայի սկզբունքային տենդենցները։ Արմենի ստորագրությամբ լույս տեսնող այս դոկումենտն արտահայտում է նացիոնալ-դեմոկրատիզմի ազդեցության փաստը հեղինակի վրա»։

Այս վայրագության դեմ 1933 թ. ապ¬րիլի 28-ին Չարենցը գրում է «Բաց նամակ Խ. Հ. Գ. Մ. Կազմկոմիտեին և «Գր.[ական] թերթի» խմբագրությանը», որը մնում է անտիպ (ԳԱԹ, ՉՖ; ՀԱԱ, ֆ. 91, ց. 3, գ. 5373)։ Առաջին անգամ տպագրվել է «Գրականության մասին» ժողովածուի մեջ (1957, էջ 128-156, արտատպվել ԵԺ, VI, էջ 216-243)։ Ուղղված է Արմենի հոդվածի հետ թերթի նույն համարում ՀԽԳՄ-ի կազմկոմիտեի նախագահ, ԽՀ-ի խմբագիր Չուբարի ելույթի դեմ: Թերթի նույն համարում տպագրված են նաև Վանանդեցու «Լեգենդա «ազգային» և «միջազգային» ձևի մասին» և անստորագիր «Պայքար երկու ճակատով» հոդվածները։

Սկիզբը. «Մկրտիչ Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» հոդվածի առթիվ «Գրական թերթ»-ի միևնույն համարում տպված հոդվածները թողին ինձ վրա ծայր աստիճանի ճնշող տպավորություն»։

Խոսում է իր և խմբի դեմ ուղղված ծանր մեղադրանքների մասին, ասես լինեն քաղաքական հանցագործներ։ Արմենի հոդվածի դեմ ուղղված հիմնական մեղադրանքը՝ իբր Արմենը առաջնայինը «համարում է ազգային ձևը – և ոչ թե պրոլետարական բովանդակությունը։ <…> ընկ. Արմենը միանգամայն որոշակի կերպով է դնում ազգային ձևի խնդիրը իբրև միջոցի»։ Ըստ Չարենցի՝ Արմենը տվել է «ազգային ձևի (գրականության մեջ) համարյա սպառիչ բնորոշումը։ <…> ազգային ձևը գրականության մեջ հանգում է ոչ այլ ինչի, եթե ոչ բովանդակության ռեալիստական, կոնկրետ դրսևորման…»։ «Ավելի պարզ ասած՝ ազգային ձևը գրականության մեջ ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ՝ բովանդակության այնպիսի դրսևորում, երբ հեղինակի լեզուն, ոճը, նկարագրած մարդկանց և վայրերի ընդհանուր կոլորիտը ադեկվատ է տվյալ ազգային միջավայրին, բնորոշում է տվյալ ազգային միջավայրի բոլոր այն հատկանշական կողմերը, որոնք բնորոշ են միմիայն այդ ազգային միջավայրի համար և իբրև ձև տարբերվում են բովանդակությամբ նման բոլոր այլ միջավայրերից»։

Ազգային ձևի բացակայությամբ է պատճառաբանում Վշտունու արևելյան պոեմների, Ալազանի, Զարյանի, մյուս պրոլետգրողների գրական ձախորդությունը։ Չուբարը, ըստ նրա, դառնում է ՀՊԳԱ-ի «իսկական ռևանշիստական տրամադրությունների» արտահայտիչ։ «Չուբարը նախ հնարում է բովանդակության անտեսումը մեր կողմից, մեզ դարձնում է ազգային ինքնանպատակ ձևի քարոզիչներ, իբրև թե մենք պահանջում ենք ազգային ձև՝ ի՞նչ բովանդակությամբ ուզում է լինի…։ Դուք ազգային ձևը մեխանիկորեն հակադրում, բաժանում եք բովանդակությունից…»։

Չուբարին այսպես՝ որպես կողմնակալ գրական ղեկավար, որպես քաղաքականապես անպատրաստ մեկը հռչակելով՝ շարունակում է. «…ժամանակն է, որ մեր գրական ղեկավարությունը, մի կողմ դնելով խորհրդային տարբեր գրողների նկատմամբ երկու չափ և երկու կշիռ գործադրելու հանցավոր պրակտիկան, ծավալուն քննադատություն սկսի այդ տենդենցների դեմ…»։

Հետևում է թերթի նույն համարում Անանուն հոդվածագրի գաղափարական բարձրարվեստ ոչնչացումը՝ որպես «ամենատիպիկ ռևանշիստ»։ Ժխտվում է նրա այն դրույթը, թե «Նոյեմբեր»-ը եղել է սպեցիֆիկյան կազմակերպություն և լուծվել է ՀՊԳԱ-ի մեջ. «Պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը ո՛չ թե լուծվեց Ասոցիացիայի մեջ, այլ հատուկ համագումարում միացավ նրա հետ, …կազմվեց այդ երկուսից մի երրորդ միություն, որ պաշտոնապես կոչվում է Հայաստանի Պրոլետգրողների Միություն»։

«Վերջում անդրադառնում է իր գրական գործունեության 20-ամյա հոբելյանին. «Գիտե՞ք ինչ, սիրելի ընկերներ, եկեք չնշե՛նք այդ «հոբելյանը»։ Որովհետև, առաջինը, ներկայումս մենք բոլորս ավելի մեծ և կարևոր գործերով ենք զբաղված, քան այս կամ այն գրողի «հոբելյանն» է։- Երկրորդ՝ ինչո՞ւ անպայման նշել գրողի գործունեության 20-ամյակը, և ոչ, ասենք, 30-ամյակը, կամ 40-ամյակը։ Բայց, եթե ճիշտը կուզեք, այս երկու արգումենտներն էլ, ինչպես ասում են, «հե՛չ»։ Այս երկու արգումենտներն էլ ես բերեցի հենց այնպես, քաղաքավարության համար։ Իսկ իմ իսկական արգումենտացիան հետևյալն է։-

Յուրաքանչյուր հոբելյան ոչ այլ ինչ է, եթե ոչ հարգանքի և վստահության արտահայտություն դեպի տվյալ անձնավորության ո՛չ միայն անցյալ վաստակները, այլև ներկա և ապագա։ Ուրեմն, այս ամբողջից հետո, էլ ավելորդ չէ՞ խոսել անգամ այդ մասին։ Ավելի լավ չէ՞ գրական ղեկավարություն ստանձնած ընկերների կողմից մի «փոքր» ավելի զգույշ, ավելի պատասխանատու, ավելի հարգալից վերաբերմունք դեպի խորհրդային գրողը,- քան մի «մեծ» «հոբելյան»՝ առանց այդ վերաբերմունքի» (ԵԺ,VI, էջ 216-243)։ Չարենցը շրջապատված էր թշնամիներով, ինչը հատկապես սուր զգաց 1936 թ. նոյեմբերի 16-ի հարցաքննության ժամանակ, երբ ըստ ամենայնի պարտավոր էր արդարանալ իրեն ուղղված ամենածանր քաղաքական մեղադրանքներից: Իր կորստական վիճակի գիտակցությամբ հարցաքննությունից երեք օր անց՝ 1936 թ. նոյեմբերի 19-ին, ոչ թե ազդարարում, այլ ինքն իր համար գրում է «Ազդ!». «Եթե որևէ բերումով սույն գրություններն ընկնեն հա՛սկացող մեկի ձեռն՝ պահել խնամքով և միայն իմ մահից հետո հանձնել մեր թանգարանին։ Ոչ մի դեպքում չոչնչացնել։ Լավ է հանձնել ուր լինի՝ անգամ իմ կյանքի օրով, իմանալով, որ սրանք ինձ կկալանեն – քան ոչնչացնել» («Գիրք մնացորդաց», 2017, այսուհետև՝ ԳՄ, էջ 230)։

Այս օրերին արել է ծրագրային նշումներ, որոնք կարող էին դառնալ որևէ ելույթի, ավելի հավանական է ոչ թե տպագրության, այլ իր համար գրավելիք հոդվածի նյութ.
«Կոնտրնացիոնալիզմ։

Երգելով և ընդունելով ազգային արժեքները՝ գրգռում էին հայ ժողովրդի պատրիոտիզմը, որ որակավորվում էր իբրև նացիոնալիզմ։

***
1) Հայ կուլտուրայի ազգային արժեքների դաստիարակում։
Ուժերի կուտակում։
Ժառանգությունը չի ընդհատվում, տրադիցիա է դառնում։

2) Գրողների առանձնացում։
3) Պերիոդիզացիա, որ կտրում է սով.[ետական] գրակ.[անությունը] իր կարճատև ուղու նվաճումների փորձից։
Չարենցը օղակն էր այդ անցյալ կուլտուրայի և նոր կուլտուրայի» («Անտիպ և չհավաքված երկեր» 1983, այսուհետև՝ ԱՉԵ, էջ 475)։
Նկատենք, որ իր մասին գրում է անցյալ ժամանակով՝ «Չարենցը օղակն էր…»։

1937 թ. ապրիլի 16-ին ՀԳՄ ընդլայնված նիստում զեկուցում է Աբովը, Չարենցին հռչակում նացիոնալիստ, հակահեղափոխական, հանցագործ, մինչդեռ կուսակցությունը «նրա նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերում». ըստ էության ասում, թե ինչո՞ւ Չարենցը դեռևս ձերբակալված չէ։

«Նոյեմբեր» խմբի ամոթալի մերկացումներով է հանդես գալիս Արմենը, Չարենցին հռչակում են իր իսկ նվիրական գաղափարների թշնամի, և նա չի կարողանում ապացուցել լույսի պես պարզ այդ ճշմարտությունը։ «Մի քանի վաստակավոր համբակներ և խառը այդ ժամանակներում ջրի երես թռած նորելուկ կարիերիստներ ատելով ատում էին Չարենցին: Ժողովների, գրական-գեղարվեստական հավաքույթների, գրավոր ու բանավոր վեճերի ժամանակ՝ բամբասանքի կարգով, բոլոր միջոցներով պախարակում, սևացնում էին նրան: Քաղաքական մեղադրանքներ էին բարդում գլխին: Ոչ նախանձն էր պակաս, ոչ էլ ծախու ճանապարհով առաջ գնալու տենդը: Հիշում եմ, Հայաստանի գրողների համագումարում, դեմքը դարձնելով Մոսկվայի ներկայացուղիչների խմբին (կարծեմ գրականագետ Կիրպոտինն էր), Չարենցը ամբիոնից բողոքում էր իր վիճակից: Ռուսերեն, ծայրահեղորեն բորբոքված, գոռաց. «Ինձ խեղդո՛ւմ են»… Այս ահավոր ճիչը մինչ այժմ էլ հնչում են ականջումս…» (Մ. Սարյան, «Չարենցի հետ: Հուշեր», 1997, էջ 409)։ Ահա, կատաղած, չարացած այս ոհմակը՝ վրեժխնդիր է լինում անպաշտպան հանճարից։

Եվ հուսահատության մատնված (տես՝ 1936 թ. մարտի 1-ի գրառումները), խոսում է ինքն իր հետ. «Քանզի չկա տանջանք ավելի մեծ և պատիժ ավելի սև, – քան դատել մարդուն նրա սրբազան գաղափարի, նրա ողջ կյանքի միակ գործին դավաճան լինելու համար» (ԳՄ, էջ 261)։

Որպես «կուստոմսավոր դաշնակցական», Չարենցի, Բակունցի կողքին հիշատակում Ներսիկ Ստեփանյանին, տրոցկիզմի մեջ մեղադրված Վաղարշակ Տեր-Վահանյանին, նրանց համարում «սրիկաների ոհմակ», ավելացնում է նաև այլ անուններ, որպես չիրականացված չարիք հայտնում, որ անգամ Ալազանը և ոմանք ցանկացել են Չարենցի թեկնածությունն առաջադրել ԳՄ նախագահի պաշտոնում, նույնիսկ Չարենցին տեղյակ են պահել կուսֆրակցիայի նիստերի բովանդակությանը…

Մահվան շուրջպարն սկսվել էր, և խոսքը տրվում է Կրեմլի քննադատ Վալերի Կիրպոտինին. «…նա, ով կոնֆլիկտի մեջ է մտնում ժողովրդի հետ, ով անցնում է նրա թշնամիների ճամբարը, կանգնում է վտանգավոր ուղու վրա։ Եվ ահա այդպիսի վտանգավոր ուղու վրա է այժմ գտնվում Չարենցը, ինչի մասին պետք է ասել լիաձայն։ <…>։ Չարենցը, գովերգելով հեղափոխությունը, մինչև վերջ չձուլվեց նրան։ Նա եղել է հեղափոխության կողմն անցած ինտելիգենտ ռադիկալ և ոչ թե լիովին պրոլետարիատի շարքերին ձուլված մարդ… Ըստ Չարենցի՝ հեղափոխությունը կատարում է դիմազուրկ մասսան [նկատի ունի «Ամբոխները խելագարված» պոեմը]»։

Կիրպոտինը չի գիտակցում ազգային ժառանգության շարունակականության չարենցյան սկզբունքները և, նկատի ունենալով «Գիրք ճանապարհի»-ն, անպատկառ խոսքեր է ասում նրա հասցեին։ Նրա ելույթը բազմիցս ընդհատվում է սրիկաների՝ տեղերից հնչող «Ճի՛շտ է» ձայնարկումներով։

Հրաչյա Քոչար. «… բայց արդյոք միայն այդ պոեմնե՞րն են, որոնք ուղղված են մեր ժողովրդի դեմ, մեր կոմունիստական ապագայի դեմ։ Եթե կարդաք նրա, այսպես կոչված, ամենաանմեղ բանաստեղծությունները, դուք կտեսնեք նույն դաշնակցական բամբասանքը մեր ժողովրդի դեմ»։ Իբր Չոպանյանը Խանջյանին ներշնչել է սահմանների վերանայման հարց, ինչը մաքսանենգորեն «…իր գեղարվեստական թաքուն արտահայտությունն է գտել Չարենցի մեջ <…>։ …այստեղ մենք տեսնում ենք ռեակցիոն լեզու, ռեակցիոն ոճ։ <…>։ Իր գրական և հասարակական գործունեությամբ վերջին տարիների ընթացքում Չարենցը մի քար էր՝ ընկած խորհրդային պոեզիայի ճանապարհին: Այսօր, ընկերնե՛ր,, երբ մենք խոսում ենք սոցիալիստական ռեալիզմի մասին, անշուշտ, պետք է Չարենցի այս գրականությունը ջախջախվի և դեն շպրտվի, որպեսզի իր ազդեցությունը չունենա երիտասարդ գրողների վրա։ Մի քանի խոսք մեր երիտասարդների մասին։ Ես, ընկերնե՛ր, ասացի, թե Չարենցը վերջին տարիներում մի քար է եղել՝ ընկած մեր խորհրդային պոեզիայի ճանապարհի վրա։ [Կրկնում է իրեն, ինչպես ստուգողական կրակոց՝ առաջին գնդակից սպանվե՞լ է թե դեռ ողջ է. Չարենցը ճանապարհի գիրքն էր բացում, բայց ահա գրականությունից հեռու մարդիկ նրան համարում էին ճանապարհին ընկած քար]: Ապա այդ ճանապարհով դեմ էին առնում նրանք և հնարավորություն չէին ունենում առաջ գնալու»։ Ապա անվանարկում է Դաշտենցին, ով հանդգնել է «…իր ոտանավորներից մեկը նվիրել Չարենցին, նրա աղջկան և Աբգար աղային»։

Շարունակում է. «Կան մարդիկ, որոնք մտածում են, թե պատմությունը ապագայում նրանցից գոհ կլինի, որոնք բարյացակամ վերաբերմունք են ունեցել դեպի Չարենցը»: Ավելացնենք՝ այո՛, պատմությունն այսօր նրանցից գոհ է և գնահատում է նրանց գրական դիրքորոշումը: Այսպես ելույթ է ունենում գրող Քոչարը, որի խոսքը ոչինչով չի տարբերվում հետաքննիչների մեղադրանքներից ու մարդապանների կրակոցից:

Քոչարի հետ քոչարի է պարում Արտաշես Ոսկերչյանը, ըստ որի՝ Չարենցը «իր տեսական և քաղաքական ելույթներում եղել է հակահեղափոխական», «հանցանքներ է գործել ժողովրդի հանդեպ», «Չարենցի մոտ նկատվում է գազազած ատելություն դեպի այն ժողովուրդը, որը կառուցում է սոցիալիզմը»։

Հովիկ Մելիքյան. «…իբր թե այդ ժողովուրդը ոռնում է, քաղցած է, մերկ է և այլն։ Հայ ժողովրդին մարդկային կերպարանքից հանում և գազանային կերպարանք է տալիս…», «Ասացեք խնդրեմ Նարեկացու և Չարենցի մեջ ի՞նչ տարբերություն կա», «Ես այստեղ չեմ ուզում շատ օրինակներ բերել Չարենցից՝ դարձնելով նրան մեր ժողովրդի կենտրոնը»։ Ըստ նրա՝ նացիոնալիզմն ու տրոցկիզմը Չարենցի ստեղծագործության մեջ հանդես են գալիս միասին (ԳԱԹ, ԳՄՖ, 16-17)։

1937 թ. ապրիլ 17-21-ին տեղի է ունենում հայ գրողների ընդհանուր ժողովը (նյութերը՝ ԳԹ, թիվ 12, 23 ապրիլ, թիվ 13, 1 մայիս, նաև՝ թիվ 18, 12 հունիս)։ Նախորդ օրվա՝ ապրիլի 16-ի փորձարկումից հետո, իրենց կրկնելով, լրացնելով, հանդես են գալիս կարմիր ջարդարարները։ Հինգ օր շարունակ 40-ից ավելի պրոլետար գրողներ հոշոտում էին ոչ պրոլետար գրողներին. գրական բեմահարթակում երբևէ չեղած արյունոտ ողբերգություն էր։ Շեքսպիրը սոսկ միամիտ ու իմաստախոս ողբերգակ է այն ամենի համեմատ, ինչ կատարվում էր գրական-մշակութային կյանքի բեմահարթակում։ Պահանջը Չարենցին խաչելն էր, նրա առաքյալներին ոչնչացնելը կամ հրապարակայնորեն լռեցնելը։ Իսկ նա ոչ մի պաշտպան չուներ…

Գեղարվեստի վարպետները գեղեցիկից խոսելու փոխարեն՝ վարչակարգի թելադրանքով կա՛մ մեղադրում են մեկմեկու, կա՛մ արդարանում ու պաշտպանվում մեկը մյուսից։

Չարենցը չի մասնակցում, բայց տեղյակ էր անցուդարձին։

Առաջին օր՝ ապրիլի 17։ Նախագահություն՝ Բաշինջաղյան, Իսահակյան, Կիրպոտին, Դաբաղյան, Աբով, Գյուլիքևխյան, Զորյան։

Գրողների միության անելիքների մասին զեկուցում է Աբովը։ Հիմքում մարտի 3-ի Ստալինի զեկուցման դրույթներն են. «Երկերեսանի նացիոնալիստ-տրոցկիստ թշնամիները՝ Բակունցը, Ալազանը և մյուսները, կարողացել էին իրենց շահատակությունների ասպարեզ դարձնել գրողների միությունը»։

Սիրաս. «Մեր առաջնորդի զեկուցումը, նրա հանճարեղ ցուցմունքները [ցուցումները] մեզ համար ուղենիշ կհանդիսանան՝ աշխատանքները ավելի բարձր աստիճանի վրա դնելու համար»։
Երկրորդ օր՝ ապրիլի 18։ Առաջինը ելույթ է ունենում Արազին. «…յուրաքանչյուր գրական շեղում բերում է իր հետ նաև քաղաքական շեղում»։

Ելույթ են ունենում՝ Ղարագյոզյան, Հռ. Պողոսյան, Վեսպեր, Կորյուն, Վ. Գրգորյան, Ռ. Զարյան, Խ. Այվազյան, Զ. Եսայան։

«Հայտնի է, որ Ռ. Զարյանը մեկն է այն երիտասարդ քննադատներից, որոնք ոչ այնքան հեռու անցյալում խնկարկել են Բակունցի և Ալազանի նման հակահեղափոխականների գրական ստեղծագործություններին։ Ուստի՝ քաջալերելի է, որ իր ելույթում նա ընդունում է իր կատաարած սխալները։

Ծավալուն զեկուցմամբ հանդես է գալիս նույն Վալերի Կիրպոտինը՝ «Ստեղծագործական ոգևորությամբ դեպի նոր հաղթանակներ գրականության ֆրոնտում»։

Չարենցի մասին կրկնում է նախորդ օրվա ելույթը և շարունակում «Ես ցանկանում եմ հիշել նրա՝ որպես գրողի, էվոլյուցիայի մասին։ Չարենցը՝ որպես պոետ, իր ստեղծագործությունն սկսեց հուսահատության երգերից։ Նրա առաջին երգերը լի էին խավարով։ Նա կապված չէր հեղափոխական շարժման հետ, դրությունը Հայաստանում ծանր էր, և նա ելք էր որոնում։ Նրա առաջին երկերի մեջ հուսահատության նոտաներ, մահվան թախծի նոտաներ են հնչում։ Երբ սկսվեց իմպերիալիստական պատերազմը՝ նա ընկավ նացիոնալիստների բանակը։ <…>։ Նա տեսավ կոտորած, միմյանց անողոք ոչնչացում, սարսափներ <…>։ Չարենցը սարսափեց և հեռացավ, նա գնաց հեղափոփության կողմը <…> և ոչ թե միայն Չարենցի տաղանդն էր, այլ հենց նրա հեղափոխության կողմն անցնելն էր, որ ստեղծեց նրա ստեղծագործության հաջողությունը, փառք բերեց նրա համար։ Միայն տաղանդը, միայն ձիրքը – դեռ ոչինչ չեն կարող անել <…>։ Չարենցը գովաբանեց հեղափոխությունը, նրա հետ չձուլվեց ոչ մինչև վերջ։ Նա ռադիկալ ինտելիգենտ էր, անցած հեղափոխության կողմը, և ոչ թե մի մարդ, որը լիովին ձուլվել էր պրոլետարիատի շարքերի մեջ։ <…>։ Նա հեղափոխությունը հասկանում է ոչ որպես օրինաչափ մի պրոցես՝ նախապատրաստված մարդկության նախորդ պատմության ընթացքով, ինչպես այն նկարագրել են Մարքսը, Էնգելսը, Լենինը, Ստալինը,– նա հեղափոխությունը նկարագրում է որպես արբեցում, որպես կրակե մրրիկ, որն այրում է հին աշխարհը։ Հեղափոխության ստեղծագործական ուժերին նա մոտենում է որպես ռադիկալ ինտելիգենտ։ Իսկ Չարենցի համար հեղափոխությունը կատարում է դիմազուրկ մասսան»։

Գտնում է, որ Չարենցն այն ժամանակ հիմնավորապես ժխտում էր «կուլտուրական ժառանգությունը», որը «երբեմն ընդունում էր ուղղակի անարխիզմի երանգ – հիշենք «Ռոմանս անսերը»»։

<…>։ Հետագայում Չարենցն ընկնում է հակահեղափոխական նացիոնալիստների ազդեցության տակ։ Մենք անձամբ գիտենք նրա «բարեկամներին», որոնք ազդում էին նրա վրա – դրանք էին Բակունցը, Խանջյանը և ուրիշներ։ Նա ստեղծում է մի գիրք («Գիրք ճանապարհի»), որն ամբողջովին գրված է որպես հայ գրականության «ազգային հատկանիշների խտացման» թեորիայի իլյուստրացիա։ <…>։ Չարենցը չի ցանկանում քննադատաբար վերանայել հինը՝ այսօրվան օգնելու համար, նա ցանկանում է, որ այսօրվա վրա կնիք դնեն մեռելները, նա ցանկանում է մեր այսօրվա գրականությունը վերածել որոշ չափով «թանգարանային գրականության», այնպիսի գրականության, որը ձայնակցում է անցյալի գերեզմաններին և ոչ թե ժողովրդական կյանքի կենդանի հորձանքին։

Եվ բնորոշ է, որ Չարենցի ստեղծագործության այս շրջանում ուղիներ չկան դեպի կենդանի ժողովրդական ստեղծագործությունը, որը Հայաստանում հորդում է անսպառ հորձանքով, որ ստեղծում է այնպիսի շեդևրներ, ինչպես «Հեքիաթը Լենինի մասին» [ակնարկում է Սարմենի «Լենին հսկան», 1937, ինչպես նաև բազմաթիվ աշուղների անարվեստ հանգերգային կցոնումերը]»։

Այսքանից հետո հայ գրականությունը գիտակցաբար գլխատող և մոլախոտը գրականություն համարող գաղափարական դահիճ Կիրպոտինը հանգում է մահացու եզրակացության. «Չարենցի ձեռքից բռնեց թշնամին։ Խորհրդային հասարակությունը <…> իր բոլոր օղակներում հիանալի համբերություն ու մեծահոգություն ցուցաբերեց դեպի Չարենցը, Չարենցը <…> պետք է ինքը հասկանա, որ նա դեռ կարող է դուրս գալ լուսավոր ուղի, կարող է միանալ իր ժողովրդին, և այն ժամանակ նրա ստեղծագործությունը կստանա նոր թռիչք, նոր խթան»։

Ըստ նրա՝ ժողովուրդը «ցանկանում է երգեր լսել Լենինի, Ստալինի մասին»։ «Ազգային հատկանիշների խտացումը» բացատրում է որպես գաղափարական ընդդիմություն, ինչն իր մեջ չի կրում սոցիալիստական բովանդակություն։ «Չարենցը կանգնել է նացիոնալիստական ուղու վրա»։

Կիրպոտինի ելույթը Չարենցի դատավճիռն էր՝ համաձայնեցված Ամատունու հետ։

Շարունակում է. «Սիմոնյանը, Բակունցը, Ալազանը և ուրիշներ գրականության մեջ գործել են որպես վնասարարներ, որպես հակահեղափոխականներ, որպես տրոցկիստներ, դաշնակներ, որպես միջազգային կապիտալի գործակալներ, նրա՛ համար, որպեսզի հայ ժողովրդին շեղեին երջանիկ կյանքի ուղուց և վերադարձնեին անցյալում նրա ապրած բոլոր սարսափները։ Նրանք <…> գրողներին հրահրում էին միմյանց դեմ, խեղդում էին այն բոլոր նախաձեռնությունները, որոնց նպատակն [էր] հայ գրականությունը դուրս բերել համաշխարհային ճանապարհի վրա, նրանք խեղդում էին հայ գրականության տաղանդները»։ «Տաղանդների» մեջ նաև անգրագետ աշուղներն էին, ովքեր արժանանում են նրա հովանավորությանը։

Կիրպոտինը դրվատում է Իսահակյանին, ով «բուրժուական նացիոնալիզմի բանակից» գալիս է դեպի մեզ։ Իսահակյանը ներկա է եղել և լսել իր մասին ասածը. կա նրա արձագանքը՝ ռեպլիկը։
Ընթերցվում է Իսահակյանի նամակը, որ նա գրել էր ելույթի փոխարեն, քանի որ հիվանդության պատճառաբանությամբ անձամբ ներկա չի գտնվել վերջին մի քանի նիստերին։ Լույս է տեսնում «Իմ ազատ և ստեղծագործ ժողովրդի հետ» վերնագրով (ԳԹ, թիվ 12, 23 ապրիլ)։

Իսահակյան. «Նրա [Կիրպոտինի] խոսքը տոն տվեց ինձ գրելու այս երկտողը։

Եղել եմ տոլստոյական, նիցշեական, Գերմանիայում ուսանող ժամանակս՝ սոցիալ-դեմոկրատ։ Հուսահատված դարձել եմ անիշխանական, պեսիմիստ։ Տարվել եմ Բուդդայով։

Ոգևորվել եմ հայկական մարտական ազգայնությամբ, դաշնակցական ոչ երկրորդական գործիչ՝ աշխատել եմ անձնվիրաբար, բանտեր եմ նստել, աքսորվել, փախել հայրենիքից։

<…>։ Ինձ շատ մեծ վիշտ պատճառեց նաև մի քանի գրողների ձերբակալությունները, որոնց մեջ ունեի անձնական ընկերներ, բայց երբ վերադարձա Երևան և հնար եղածի չափ ծանոթացա իրերի և իրադարձությունների հետ, տեսա որ մեր կառավարությունը (որին անպայման վստահում ենք) և ժողովուրդը ուրիշ կերպ չէին կարող վարվել նրանց հետ։ [Ժողովուրդը կապ չունի բռնությունների հետ. ժողովուրդը և քաղաքական վարչակարգը տարբեր են և հիմնականում անհամատեղելի]: Որովհետև նրանք շեղվել են ուղիղ, տրամաբանական ճանապարհից և ընթացել են մի դատապարտելի ճանապարհով, որ միայն վնաս է բերում մեր բազմաչարչար ժողովրդին»։

Այսինքն՝ բոլշևիկների կողմից գնահատված և ընդունված Իսահակյանը արդարացնում է բռնադատումները։

Երրորդ օր՝ 19 ապրիլ։ Ելույթ է ունենում Քոչարը. «Խոսելով Չարենցի, Բակունցի և մյուսների «Նոյեմբեր» խմբակի մասին, ընկ. Քոչարը շեշտում է, որ այդ խմբակը տարել է նացիոնալիստական, սպեցիֆիկյան քաղաքականություն ոչ միայն հրապարակային ելույթներում, այլ նաև գեղարվեստական գրականության մեջ։ Նա գտնում է, որ չնայած իր մի շարք հեղափոխական պոեմներին, այնուամենայնիվ, Չարենցը հետևողական հեղափոխական գրող չի եղել։ Չարենցը ոչ մի լուսավոր էջ չի գտնում մեր ժողովրդի պատմության մեջ և այն պատկերացնում է «անղեկ, անգաղափար»։ Ընկ. Քոչարը բերում է մի շարք փաստեր Չարենցի գրքից, որոնք ցույց են տալիս նրա նացիոնալիստական հանցանքները»։ «Գիրք ճանապարհի»-ն տոգորված է նացիոնալիզմով։
Ս. Սողոմոնյանը քննադատում է Արմենի «Հեղնար աղբյուր»-ը։

Մ. Արմենը պաշտպանում է «Հեղնար աղբյուր»-ը՝ գտնելով, որ ինքը վրիպել է միայն «Երևան» վեպում։ Այնուհետև. «Պատմելով «Նոյեմբեր» կազմակերպության անդամների նացիոնալիստական, հակահեղափոխական արարքների մասին, Արմենն աշխատեց որոշ չափով նվազեցնել իր դերն այդ ասպարեզում»։ Գրողների ընդհանուր ժողովում Արմենը գրավոր հայտարարում է Չարենցի և Բակունցի գլխավորած «հակահեղափոխական խմբակի» գոյության մասին, որի անդամներից էր նաև ինքը։

«Ընկ. Վահունին իր ելույթում մի շարք օրինակներ է բերում այն մասին, թե ինչպես հակահեղափոխական Ալազաններն ու Բակունցները ստեղծում են հաճոյակատարության մթնոլորտ գրողների կազմակերպության մեջ»։

Դեմիրճյանն «ասում է, որ ինքը խորհրդային գրողի զգոնություն չի ունեցել՝ նկատելու և հասկանալու, որ Բակունցի, Ալազանի, Չարենցի և մյուսների պայքարը տարվում է ազգայնական դիրքերից, և այդ է պատճառը, որ նա իր ժամանակին պաշտպանել է նրանց»։

Վերստին ելույթ է ունենում Կիրպոտինը. «Չարենցը կանգնել է նացիոնալիստական ուղու վրա։ Խորհրդային կառավարությունը ամենահամբերատար վերաբերմունք է ցուցաբերել նրա հանդեպ։ Սակայն Չարենցը դեռ համապատասխան եզրակացություն չի արել այդ բոլորից։ Նա նույնիսկ չմասնակցեց ժողովին և լռություն պահպանեց։ Այժմ միայն Չարենցից է կախված, թե արդյոք նա կվերադառնա դեպի խորհրդային գրականությունը՝ մինչև վերջ գիտակցելով իր հանցանքները»։

Չորրորդ օր՝ 20 ապրիլ։ Ընդդեմ «տրոցկիստ և նացիոնալիստ» գրողների ելույթ են ունենում Տիգրան Հախումյանը, Արաքսը, գյուղագիր Արշակ Շահնազարյանը…

Տարոնցին խոսում է «իր ստեղծագործության մեջ թույլ տված մի շարք նացիոնալիստական սխալների մասին։ Կանգ է առնում հակահեղափոխական նացիոնալիստ Ալազանի և Նորենցի հետ միասին «Գրական թերթում» վարած նացիոնալիստական քաղաքականության վրա»։

«Ընկ. Ոսկերչյանը խոսում է Ս. Տարոնցու և Մ. Արմենի սխալների մասին, գտնում է, որ նրանք միչև վերջ էլ չխոստովանեցին իրենց սխալները։ <…>։ Արմենի նկարագրած Գյումրու արհեստավորության մեջ շերտավորում չկա, պայքար չկա։ Խոսելով Չարենցի մասին՝ ընկ. Ոսկերչյանը գտնում է, որ ընկ. Կիրպոտինը չափազանց ճիշտ կերպով տվեց Չարենցի գնահատականը։ Չարենցը մեծ հանցանքներ է գործել ժողովրդի նկատմամբ, նա մասնակից է եղել հակահեղափոխական նացիոնալիստների գործունեության, մեր կառավարությունը մեծահոգի գտնվեց նրա հանդեպ, նրան հնարավորություններ են տրված, որ ուղղի իրեն, այժմ մնում է, որ Չարենցը հիմնովին վերանայի իր գործունեությունը, եթե միայն ուզում է վերադառնալ դեպի խորհրդային գրականությունը»։

Սիմոն Հակոբյանը խոսում է Թերզիբաշյանի, Արմենի, Ստեփանյանի, Տեր-Սիմոնյանի դեմ։ Այնուհետև. «Չարենցը դասագիրք էր կազմել, բայց այդ դասագրքից հանել էր ռուսական և եվրոպական գրողներին, մի խոսքով՝ օտար հեղինակների գրվածքները»։ Հակոբյանը պիտի որ իմանար՝ այդպես էր վարվել, որովհետև ռուս և եվրոպական գրականությունները ներկայացվում էին առանձին դասագրքերով, իսկ այստեղ մեկնաբանվում է որպես նացիոնալիզմ։

«Ընկ. Ղազնչյանը նշում է, որ Չարենցի մոտ կա նաև բուխարինովշչինա, ինչպես Բուխարինը մի ժամանակ ռուս մեծ ժողովրդին համարում էր օբլոմովշչինա, ապա Չարենցը, Դր. Սիմոնյանը, Վանանդեցին աշխատում էին մեր լուսավոր անցյալի էջերը մթնեցնել։ Նրանք ամբողջովին ուզում էին ժխտել մեր անցյալը»։

Հինգերորդ օր՝ 21 ապրիլ։ Ելույթ են ունենում Գ. Լևոնյանը (Իսահակյանի մասին), Հ. Մամիկոնյանը (ՀԽԳՄ քննադատության բաժանմունքի աշխատանքների մասին), Գ. Ղազարյանը (պետհրատի տնօրեն Չոփուրյանի դեմ), Վշտունին (կազմակերպական հարցերի մասին), Հ. Մելիքյանը (բռնադատված գրողների դեմ), Ս. Զորյանը (դրվատում է Իսահակյանին), Հ. Գյուլիքևխյանը (խոսում է իր թույլ տված սխալների մասին), Աբովը (եզրափակիչ մեղադրանքներ)։ «Հայտնաբերվում» է «Հայաստանի հակահեղափոխական, նացիոնալիստական-տրիոցկստական կենտրոն», գրողներից հերթական թիրախներ են դառնում Զ. Եսայանը, Ե. Չուբարը։

Այս մթնոլորտում 1937 թ. մա¬յիսի 26-ին բացվում է ՀԿ(բ)Կ X համագումարը և տևում մինչև հունիսի 2-ը։ Ճառով հանդես է գալիս ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունին։ Առանձին բաժնով ներկայացված են «Գրականության և արվեստի հարցերը»։ Ամատունին իր ճառում խիստ քննադա¬տում է Չարենցին, Բակունցին, նրանց համախոհ արդեն իսկ ձերբակալված գրողներին և «Նոյեմբեր» միության գործունեությունը։

Խանջյանի հանձնարարությամբ «դաշնակ» Բակունցը առաջարկում է ֆիլմ նկարահանել և ցուցադրել «դաշնակ ավանտյուրիստների հարձակումը Օտտոմանյան բանկի վրա, պահանջում էին կինոնկար պատրաստել հակահեղափոխական դաշնակ-խմբապետ Անդրանիկի մասին»։

ՀՊԳԱ-ն ներկայացնում է որպես ՌԱՊՊ-ի մասնաճյուղ, իսկ «Նոյեմբեր»-ը՝ սպեցիֆիկյան ուղղվածության ազգայնական կազմակերպություն։

««Նոյեմբեր» խմբակը, որ առաջ էր եկել 1925 թ. Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի նացիոնալ-ուկլոնիստական-սպեցիֆիկյան ղեկավարության աջակցությամբ [ակնարկում է Ա. Մյասնիկյանին և Ա. Հովհաննիսյանին], սնվում էր սպեցիֆիկների հակահեղափոխական թեորիայով, որը ժխտում էր Հայաստանում պրոլետարական գրականություն ստեղծելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը, հայկական խորհրդային գրականությունը հակադրում էր ռուսական խորհրդային գրականությանը։

Հենց այդ խմբակի ձայնափողն էր հանդիսանում գրող Մ. Արմենը, որը ապրիլի 23-ի որոշումից հետո հանդես եկավ «ազգային հատկանիշների խտացման» վերաբերյալ «տեսությամբ», որն ըստ էության մարտնչող նացիոնալիզմի պրոպագանդ էր։

Մեր նվաճումների ազդեցության տակ իր դիրքերի հակահեղափոխականությունը խոստովանեց գրող Եղիշե Չարենցը։ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի անունով ուղղած իր նամակում նա հայտարարում է. «Ես նույնիսկ չեմ կասկածում, որ, իրոք, իմ սխալներն ունեն նացիոնալիստական, հետևաբար և (սոսկում եմ ասել) հակահեղափոխական, ուրեմն և հակախորհրդային էություն»։

Այս խոստումները և իր սխալների ու վարմունքի քննադատությունը Չարենցին պարտավորեցնում են մինչև վերջը գիտակցել իր հանցանքը խորհրդային գրականության հանդեպ և գործնականում նոր ստեղծագործական պրոդուկցիայով ապացուցել, որ նա իսկապես դառնում է լիարժեք խորհրդային գրող։

Ժամանակն է, վերջապես, որ Չարենցը լրիվ հաշիվ տա իրեն իր ամբողջ ուղու մասին և դադարեցնի թե իր և թե գրականության հանդեպ երկերեսանիություն անելը։ Նա պետք է հասկանա, որ ամենից առաջ հարկավոր է անկեղծություն» (ԳԹ, թիվ 12, 12 հունիս; ՆԷ, էջ 561-562)։ Չարենցը արյան հրդեհների այս խելագար շուրջպարի մեջ էր։

Ամատունին գնահատող խոսք է ասում Իսահակյանի, Վշտունու, Զարյանի, Սիրասի, Արազիի մասին, հանդուրժում ուղեկիցներ Դեմիրճյանին, Զորյանին, Մանվելյանին, ովքեր «վերակառուցվել» են…
Մոսկվայում գնդակահարության դատավճիռներ էին կայացվել Զինովև-Կամենևի, Բուխարին-Ռիկովի «խմբերի» նկատմամբ, մահապատժի էին ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ։ Ամատունին իր հերթին «մերկացնում» ու դատապարտում է Խանջյանի շրջանակի կուսակցական և պետական գործիչների՝ Ա. Երզնկյան, Ս. Փիրումյան, Պ. Մակինցյան, Դ. Շահվերդյան, Ա. Շահվերդով, Ս. Մարտիկյան, Ռ. Դաշտոյան, Օ. Դուրգարյան և ուրիշներ։ Իբր նրանք մտադիր էին Հայաստանը առանձնացնել Անդրֆեդերացիայից ու ԽՍՀՄ-ից և ստեղծել հակախորհրդային բուրժուական պետություն։

Առանձին դաժանությամբ է խոսում իբր Խանջյանի հովանավորությամբ և Ստեփանյանի, Տեր-Սիմոնյանի ու Բակունցի ղեկավարությամբ գործող «տրոցկիստական նացիոնալիստական տեռորիստական կենտրոնի» արդեն իսկ ձերբակալված անդամների մասին, որոնք ոչ միայն վնասարար գործունեություն էին ծավալում գրական ասպարեզում, այլև նախապատրաստում էին ահաբեկություն կուսակցության ղեկավարության դեմ»։
Համագումարում ՀԿ(բ)Կ Կենտ¬կո¬մի ա¬ռա¬ջին քար¬տու¬ղարի՝ իր դեմ ուղղված խիստ քննադատական ելույթից հետո 1937 թ. մայիսին Չարենցը բաց նա¬մա¬կով դի¬մում է Ա¬մա¬տու¬նուն՝ ա¬պա¬ցու¬ցե¬լու, որ ինքն ան¬մեղ է և ար¬դար։ Իր խոսքը բնորոշում է որպես «քաղաքական անվերապահ հաշվետվություն. <…> [իր] քաղաքական-գրական սխալներն ու սայթաքումները գիտակցելու միջոցով՝ գտնելու հետագա խորհրդային գրական-հասարակական կյանքին ու աշխատանքներին կապվելու ուղիներ ու հնարավորություններ»։

Այսպիսի մի բաց նամակ նա Կենտկոմ էր ուղարկել նաև մայիսի 26-ից առաջ, որը Ամատունին հիշատակում է և որից մեջբերում է անում իր ճառում։ Չարենցը բաց նամակով Կենտկոմ դիմել է և՛ համագումարից առաջ (Առաջին հայտարարություն), և՛ հետո։ Մայիսի 30-ի գրություններից մեկի սկիզբը. «Ի հավելումն Ձեզ ուղղած իմ առաջին հայտարարության <…>։ Մի քանի օր առաջ Ձեզ ուղղած իմ հայտարարության կոնկրետացման և պարզաբանման կարգով՝ խնդրում եմ թույլ տալ հայտնել Ձեզ հետևյալը» (ՆԷ, էջ 559-560)։

Քաղաքական այս դաժան պայքարի մեջ, չունենալով ոչ մի աջակից, Չարենցը փորձում էր պաշտպանվել, իմանալով ճշմարտությունը՝ միաժամանակ ընդունել իրեն վերապահված պաշտոնական տեսակետը և դրանով իսկ, իբր թե, կոտրել հարվածի ալիքը. «ԱՄԵՆԱԷԱԿԱՆԸ։ Իմ գրական-քաղաքական ողջ կոնցեպցիայի վերագնահատության սկզբունքային խորության, քաղաքական կոնկրետ բովանդակության և որակային կշռի մասին թերևս կարելի լինի պատկերացում տալ հետևյալ ձևակերպումով.–Ընկ. Կիրպոտինի ելույթում իմ քաղաքական և գրական սխալների և մեղքերի մասին տրված գնահատականը՝ իր քաղաքական կոնկրետ բովանդակությամբ և վերաբերմունքային ամբողջ առումով,– ներկայումս ես գտնում եմ ոչ միայն ճիշտ և քաղաքականապես անվիճելի,– այլև առավել, քան կարելի է պատկերցնել քաղաքական ներկա սիտուացիայում,– աններելի չափով մեղմացած, ԱՅԼ ԴԵՊՔՈՒՄ լիբերալ վերաբերմունքի սահմանակցելու չափ բարեհոգի վերաբերմունք»։ «Հիմնական սայթաքման քար» է համարում «հասարակական մարդու կատարած յուրաքանչյուր ակտի սեփական պատկերացման և օբյեկտիվ նշանակության միջև տարբերություն չտեսնելը»։

Առողջական վիճակի և դրանով պայմանավորված աշխատանքային սահմանափակ հնարավորությունների պատճառաբանությամբ հուշում է, որ իր շարադրանքից պետք չէ սպասել առարկայական հետևողականություն և կատարելություն։ Սա ևս գիտակցված նահանջ է, այլ կերպ՝ գրի դիվանագիտություն՝ ներկայացնելու իր «Մեղայական խարտիան»։ Չարենցն ստիպված է լինում սահմանազատել իրեն Խանջյանից, ձերբակալված գրողներ Բակունցից, Տեր-Սիմոնյանից, Վանանդեցուց, Նորենցից, Թոթովենցից, որոնց հետ, 1935-ին ՀԳՄ-ից իրեն վտարելուց հետո, իրականում հարաբերություններ չուներ։ Գուցե միայն Բակունցի, Մահարու մորմոքն էր հոգու մեջ, աչքի առաջ փչացած հին «թաբունի» հիշողությունը։

Բանտերում գրողներին հարցաքննում էին և նրանց անունից ցուցմունքներ կորզում մեկը մյուսի, այդ թվում՝ Չարենցի դեմ, ով, ահա, այսպիսի գրություններով փորձում էր պաշտպանվել, իսկ խորքային դատողություններով ակնարկել, որ այս ողբերգությունը մտածող անհատի, ստեղծագործող անհատականության և գաղափարական որոշակի կաղապարներով գործող պետական ջարդարար մեքենայի բախում է։ Չարենցն ընկրկում է, բայցև իր մասին խոսում որպես «…իր խորհրդային բովանդակ երկրի ու ժողովրդի մեծագույն և ամենաժողովրդական պոետի բարձր կոչումին ու բախտին» արժանացած հեղինակության։
Այս ծավալուն նամակը Չարենցը գրել է մի քանի տարբերակով, նյութի հետ կապված գրառումներ է արել թղթի առանձին պատառիկների վրա, փորձել իրական Չարենցին դիմակ հագցնել, շարժվել ժամանակի պահանջներին համապատասխան, իրեն դնել գիտակցական մոլորության մեջ՝ փորձելով դիմացինին համոզել, որ ինքն էլ է այն կարծիքի, թե, իբր, հեղափոխությունը շարունակվում է։ Այս հոգեբանական միջավայրում Չարենցն ակամա և ստիպմամբ իրեն մեղավոր է ճանաչում, այստեղից էլ՝ «սեփական քաղաքական հանցագործության գիտակցումը», «ժողովրդի հանդեպ կատարած հանցանքի պատկերացումը», «հանցապարտությունը», «մեղսագործության էական կերպարանքը»։

Ընկրկումը, ընկճվածությունը երբեմն տեղի են տալիս, և Չարենցն ուղիղ ասում է. «Ընկեր Ամատունի,- և, ընդհանրապես,– ընկ. Կենտկոմ.– Ես իմ գրական-հասարակական ողջ էությամբ,– վերջապես իբրև հասարակ մարդ և հասարակ, շարքային քաղաքացի – չեմ կարող լինել, եթե ուզենամ անգամ, իմ խորհրդային երկրի ու ժողովրդի դեմ…»։

Ամատունուն հղած այս նյութերի կապակցությամբ Չարենցը տեսակցություն է խնդրել նրա հետ, որպեսզի տա ավելի մանրամասն բացատրություն։ Տեսակցությունը չի կայացել։ Կայացել է սառը հեռախոսազրույց։ Իսկ Կենտկոմ՝ Ամատունուն հասցեագրված նյութերը քննարկման են ուղարկվել գրողների միություն՝ Աբովին, ինչն ամենևին Չարենցի սրտով չէր, որովհետև գրել էր «միմիայն Կենտկոմի համար»։ Իսկ Կենտկոմ ասածը Ամատունին էր (ԳԱԹ, ՉՖ, 164, 165, նաև 85; ՆԷ, էջ 280-289, 539-562; ԳՄ, էջ 239)։

Գրություններից մեկում իր և յուրայինների վիճակը տեսնում է ամբողջ երկրի համապատկերով. «Ոչ միայն իմ հանդեպ հարուցված մեղադրանքի, այլև վերջին ողջ շրջադարձի քաղաքական իսկական իմաստն ու նշանակությունը ինձ համար պարզվեց չափազանց դանդաղ, օր օրի – գերազանցապես շրջադարձի սկզբից մինչև օրս, և՛ առավելագույն չափով Խորհրդային ողջ Միության մեջ տեղի ունեցող, հետզհետե բացվող դեպքերի և փաստերի անդրդվելի տրամաբանության հարվածների ներքո» (ՎԽ, էջ 117)։

Ահա այս պայմաններում Չարենցը և նրա համախոհները ստալինյան ղեկավարության կողմից հռչակվեցին որպես նացիոնալիստ ու քողարկված դաշնակցական, հորջորջվեցին ժոցովրդի թշնամի և գնդակահարվեցին, աքսորվեցին կամ մեռան բանտերում ու ճանապարհներին:

Օգտագործված հապավումներ՝

ԱՉԵ – Ե. Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, Երևան, 1983:
ԳԱԹ – Ե. Չաենցի անվան գրականության և արվեստւ թանգարան, Երևան:
ԳԹ – Գրական թերթ, Երևան:
ԳՄ – Ե. Չաենց, Գիրք մնացորդաց, Երևան, 2017:
ՀԱԱ – Հայաստանի ազգային արխիվ, Երևան:
ՆԷ – Ե. Չաենց, Նորահայտ էջեր, Երևան, 1996:
ՎԽ – Ե. Չաենց, Վերջին խոսք, Երևան, 2007:

Դավիթ Գասպարյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Դրօշակ» թիվ 2, 2024թ.