Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ե՜ս եմ հիմա – մի պոետ.
և իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում,
պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից
ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝
դեպի վառվող ապագան:
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի, եթե ՀԳՄ առաջնորդ Լևոն Անանյանը կամ նրա հիմնարկից որևէ մեկը հանդգնի ինքն իր մասին այսպիսի տողեր գրել: «Даже не думай»,- կասեր ավտոմեխանիկ Հովոն, երբ ես ձեռքս տանեի «փռշտոցով» աշխատող կարբյուրատորի պտուտակներին… Իսկ Հովոն դեմք է: Մանավանդ այն պոետների համեմատությամբ, ովքեր 06 ունեն անհիշելի ժամանակներից:
Հիմա էլ մեր գրական դեմքերն այն տեսակետն են առաջ տանում, թե Չարենցին, հավանաբար, Երևանի բանտից տարել են այլ, առավել խիստ ռեժիմի հեռավոր բանտեր, ու նա Հայաստանից դուրս է կնքել իր մահկանացուն: Եվ դարձյալ ասվածն ապացուցող ոչ մի փաստաթուղթ չկա, եւ դարձյալ ամեն ինչ հենված է ենթադրությունների ու ծակպրոֆեսորության վրա:
Եթե Երևանի բանտում պահպանվել է կարգը եւ այդ կարգի համաձայն գործին կցվել է բանտային բժշկի եզրակացությունը, ապա պետք է պահպանվեին նաև մյուս ձևականությունները, այսինքն` պետք է տեղեկանք կցվեր նաև այն մասին, թե որտեղ են հուղարկավորել մեծ բանաստեղծին: Եթե չկա նման տեղեկանք, նշանակում է, ըստ մեր պրոֆեսորների, որ ոչ մի թաղում էլ չի եղել, եւ Չարենցին Հայաստանից տարել են հեռավոր տեղեր: Չէր կարող Չարենցի ճակատագրում դերակատարություն չունենալ նաև նեղճակատ կինտոն, ով գիտեր Չարենցի մասին եւ սարսափում էր նրանից` որպես հակասովետական շարժման գաղափարախոս եւ առաջնորդ: Չի բացառվում, որ կինտոն ցանկացել է հաճույք ստանալ Չարենցին անձամբ հարցաքննելուց: Ահա այսպիսի տեսակետ: Հը՞, իսկ գուցե Չարենցը բոլորովին վերջե՞րս է մահացել` Բրեժնևից մեդալ չստանալու ցավից:
Մեր կարծիքով` սա քանակով փոքր ազգերին հատուկ հիվանդություն է, որ կոչվում է գիգանտոմանիա: Սա մի կողմից 37 թվականը լավ չպատկերացնելու հետևանք է, իսկ մյուս կողմից` Չարենցին, իբր, ավելի մեծացնելու, սովետական իշխանությունների սարսափ դարձնելու անհարկի փորձ, որ կարող է նույնիսկ ծիծաղելիության աստիճան նվաստացնել պոետի հիշատակը: Ես էլ կարող եմ ասել, որ եթե Չարենցին այն ժամանակ մի պատի տակ չեն թրխկացրել, ապա միայն այն պատճառով, որ հայ չեկիստների մեջ, այնուամենայնիվ, ակնածանք է եղել Չարենցի հանդեպ, ու նրանք փորձել են ինչ-որ կերպ փրկել Չարենցին, թեկուզ բանտի պատերի հետևում, բայց` փրկել: Բայց սա նույնպես ճշմարտություն չէ, չէ՞, վարկած է, գուցե էշություն, ես ի՞նչ իմանամ:
Հիմա հարցնում եմ` ի՞նչ կարիք կա պատեպատ դիպչելու: Աշխարհում քի՞չ են անշիրիմ մեծուփոքր մարդիկ: Իսկ Չարենցը մարդ էր, մեծ, բայց մարդ, հանճար, բայց մարդ, միս ու արյուն, հողեղեն: Չարենցը չպիտի դառնա «ուղեղի մորմոք»: Ապրեցնել պետք է նրա հիշատակը, բայց ոչ աճյունը, նյութը, ինչից, հեռու տնից-տեղից, ազատվում ենք բոլորս` երրորդ օրն իսկ դուրս տանելով մեր հանգուցյալին: Հիմա ի՞նչ ենք ուզում, նե՞րս բերել:
Եթե ընդամենը մի գերեզմանատեղի է մեր ուզածը, որ սերունդները գան, հարգեն Չարենցի հիշատակը, ապա մարդիկ կան, որ մատնանշում են այդ տեղը: Միայն բութ արարածը կարող է չռած աչքերով նայել մատնանշված տեղին եւ ոչինչ չանել` համոզվելու համար` Չարե՞նցն է այնտեղ հուղարկավորված, թե՞ ոչ: Մի աղմուկ են բարձրացրել, մի «պրինցիպի» են ընկել, մի ձեռք են առնում տեղը մատնանշողին, տարածքը մաքրողներին, խաչ տնկողներին, նկար տեղադրողներին: Ինչո՞ւ: Գրողների միության դրոշակակիր Անանյանը զարմացած նայում է այս մարդկանց ու նրանց «ջատագով» կոչում, առանց հասկանալու, որ սրանք Չարենցի ջատագով են, գիր ու գրականության ջատագով, բանաստեղծական հանճարեղ երևույթի ջատագով:
Կովը միայն կարող է հանգիստ արածել մսուրքի խոտը, երբ գոմից այդ պահին դուրս հանեն նրա հոր մեծադիր լուսանկարը: Դեռևս խորհրդային ժամանակների մի գյուղնախարար է ասել այս մասին: Հիմա մենք այդ գյուղնախարարի չափ էլ չկա՞նք, որպեսզի հասկանանք, որ պարտավոր ենք առնվազն ծամելը դադարեցնել, երբ խոսքը մեծ ու հանճարեղ մարդու հիշատակին է վերաբերում:
Մի խոսքով` թարկը տվեք այս անիմաստ աղմուկի: Եկեք վեր կենանք գնանք ամենայն հայոց հայրիկի մոտ ու հարց տանք` եթե Չարենցից մնացած մի մասունք տուփի մեջ դնենք, հողին հանձնենք նրա հուշարձանի կողքին ու վրան մի համեստ շիրմաքար դնենք, շա՞տ մեծ սրբապղծություն կլինի: Սա, իհարկե, ճարահատ, եթե «ջատագովների» մատնանշած տեղում, պարզվի, Չարենցը չէ: Կառավարությանն էլ չխառնենք այս գործին: Վերջում թող գան, ձեռքերը գոտկատեղից ներքև իրար միացրած շարվեն հուշարձանի մոտ, ծաղիկ դնեն ու հեռանան:
Ի վերջո, Թումանյանի սիրտը տարանք Դսեղում հուղարկավորեցինք, չէ՞: Մինչև էսօր բոլորն են խոսում, թե գյուղն ինչ հոգեհաց տվեց Երևանից եկած սոված թափորին` Լևոն Տեր-Պետրոսյանից բռնած, էն էլ էն մութ ու ցուրտ տարիներին: Մեր` ապրողներիս, պարտքն է, ուրիշ էլ ի՞նչ պիտի անենք մարդու հիշատակի առաջ:
Սրանից հետո գիտնականներն ինչքան ուզում են թող ուսումնասիրեն, փնտրեն, պրպտեն: Գիտությունը հևիհև չեն անում, նիստ գումարելով չեն անում, իրար կոկորդ կրծելով չեն անում: Մանավանդ` չարենցագիտությունը:
Էդիկ Անդրեասյան