Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞ւ է «Դրօշակը» հայոց պետականության թեմային նվիրված մայիսյան համարում տպագրում Եղիշե Չարենցի մասին հոդված։ Նախ նշենք, որ 2022 թվականը հոբելյանական ու հիշատակելի տարի է մի քանի առումներով․ այս տարի լրանում է մեծ բանաստեղծի 125-ամյակը, ուղիղ 110 տարի առաջ տպագրվել է պոետի առաջին բանաստեղծությունը, իսկ 85 տարի առաջ ազգային բանաստեղծը դարձավ խորհրդային տոտալիտար համակարգի զոհը։
Փոխարենը նրա, որ ՀՀ իշխանությունը պետական մակարդակով անդրադառնար այս կարևոր իրադարձություններին Երևանում տեղի ունեցան հավուր պատշաճի կազմակերպված ինչ-ինչ միջոցառումներ, որոնք աննկատ մնացին լայն հանրության համար։
Եղիշե Չարենցը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին ասպարեզ մուտք գործած այն մեծերից է, ով վերածնվող պետականության մշակութային-հասարակական կյանքի հիմերից դարձավ՝ որպես այդպիսին անշուշտ շատ ավելին կարող էր անել, եթե իր ազգային միտքն ու երազները տեղավորվեին համայնավարական ապազգային ուղեգծի ու գաղափարախոսության նեղ շրջանակում։
Ազատ անկախ ու հզոր Հայաստանի համար Չարենց անունը լինելու էր այցեքարտ, ումով մենք հպարտորեն ներկայանալու էինք 20-րդ հեղափոխական դարի գրական մեծերի պառնասին։ Չնայած ամեն ինչին Չարենցը մնում է այդպիսի երևույթ ու արժեք, նրա ոգեղեն ժառանգությամբ սերունդներ են կայանալու, որոնք վեր են խոյացնելու ու հզորացնելու են հայոց ինքնության, գրականության և մշակույթի ամրակուռ շենքը։
Չարենցը հրատարակիչ
Դավիթ Գասպարյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1928 թ. հուլիսի 1-ին Չարենցն աշխատանքի է անցնում Հայաստանի պետական հրատարակչությունում (Հայպետհրատ, Պետհրատ). նրա աշխատանքային գործունեության ութ տարիները կարելի է բնորոշել որպես Չարենցի դար։ Ընդունվում է որպես գեղարվեստական ենթաբաժնի վարիչ։ Ըստ Պետհրատի հրամանների գրքի՝ պարտականություններն էին՝ կարդալ մուտքագրվող գեղարվեստական գրականությունը, զեկուցել հրատարակչական հանձնաժողովին, հրատարակվելիք գրքերը խմբագրել, «որպիսի աշխատանքի համար նա ստանում է ֆիքս հոնորար երկու հարյուր (200) ռուբլի։ Ընկ. Չարենցը այդ աշխատանքներով բացի իր տանը պարապելուց, պարտավոր է ցերեկվա ժամը 11-ից մինչև 2-ը աշխատել պետհրատի գրասենյակում»։
1930 թ. հունիսի 1-ին կազմավորվում է գեղարվեստական բաժին, և այդ բաժնի վարիչ է նշանակվում նախկին գեղարվեստական ենթաբաժնի վարիչ Չարենցը՝ 250 ռուբլի աշխատավարձով։ 1930 թ. սեպտեմբերի 21-30-ը ժամանակավորապես կատարում է Պետհրատի վարչության նախագահի պարտականությունները։
1934 թ. ապրիլի 1-ին նշանակվում է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից մարտի 7-ի թիվ 20 հրամանով ազատվում 1935 թ. մարտի 8-ին. «Հիմք – դիրեկտորի գրությունը»։
Հրատարակչական գործում Չարենցն ունի մնայուն և օրինակելի ներդրում, որ կարելի է ներկայացնել հետևյալ ենթակետերով՝
ա) Չարենցը և գրքի մշակույթը,
բ) Չարենցի հրատարակած գրքերը,
գ) Չարենցը խմբագիր,
դ) Չարենցը և գրքի գեղազարդումը,
ե) Չարենցի հրատարակչական համագործակցությունը ժամանակի նկարիչների ու երաժիշտների հետ,
զ) Չարենցը և ժամանակի ընթացիկ գրականության հրատարակությունը,
է) Չարենցը դասական գրականության հրատարակիչ,
ը) Չարենցը և թարգմանական գրական քաղաքականությունը,
թ) Չարենցի դասագրքաստեղծ գործունեությունը,
ժ) Չարենցը և Պետհրատի հրատարակչական քաղաքականությունը։
Պետհրատն սկզբում գտնվել է Րաֆֆու փողոցի երկհարկանի մի շենքում, բաղկացած էր չորս փոքր սենյակից (նույն սենյակում, Չարենցից բացի, նստում էին ևս երկու հոգի): Հրատարակչության դիմաց կարմրաքար Լուսավորիչ եկեղեցին էր, որը հետո քանդվեց, իսկ ավելի ուշ այդտեղ կառուցվեց Չարենցի անվան դպրոցը։ 1932 թ. Պետհրատը զբաղեցրել է ներկայիս Տեր-Գաբրիելյան փողոցի ներքևում գտնվող մեկհարկանի տան հինգ սենյակները։ Այնուհետև տեղափոխվել է Տերյան փողոցում կառուցված սյունաշար շենքը։
Չարենցի քարտուղար-օգնականը Սուրեն Հարությունյանն էր: 1931 թվականից Չարենցի ղեկավարած բաժնում Գարեգին Բեսը եղել է մանկապատանեկան գրականության ենթաբաժնի վարիչը: 1932 թվականից Հուսիկ Խանդամուրը Պետհրատի արխիվի վարիչն էր։ Արտադրական բաժնի վարիչը Գարեգին Լևոնյանն էր, նույն բաժնում աշխատում էր Տաճատ Խաչվանքյանը։
Չարենցի օրոք Պետհրատի տնօրեններ են եղել Միսակ Էփրիկը (նախ՝ հրատարակչության, ապա՝ տպարանի), Նշան Մակինցը և Էդվարդ Չոփուրյանը։
Որպես հրատարակիչ՝ Չարենցը ընդառաջում էր հեղինակներին, հետևում գրքի տպագրության բոլոր փուլերին՝ խմբագրում, շարվածք, սրբագրում, ձևավորում. արտադրական հարցերում պահանջկոտ էր ու խիստ։
«Թեև Չարենցը պաշտոնապես միայն գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր, բայց նա հրատարակչության հոգին էր։ Դասագրքերի բաժնի վարիչից սկսած մինչև երաժշտական, ռազմական բաժնի վարիչները՝ իրենց պլանները կազմելիս խորհրդակցում էին նրա հետ… Չարենցը շատ զգայուն էր նաև մարդկանց նյութական կարիքների նկատմամբ։ Նա ժողկոմխորհի նախագահին է դիմել մի շարք գրողների ազգականներին, այդ թվում՝ Րաֆֆու քրոջը օգնելու համար ։ Մի օր Չարենցը ինձ ցույց տվեց թղթերի մի կապոց և ասաց.– Սա իմ՝ աշխարհից գնալուց հետո լույս կտեսնի» (Հուսիկ Խանդամուր, «Հուշեր Եղիշե Չարենցի մասին», Եր., 1986, էջ 407-416)։
Տպագրել է հայ և համաշխարհային գրականության դասականների, ժամանակակից հայ և խորհրդային գրողների երկերը, հիմնել է «Էժանագին գրադարան» և «Կոմերիտական գրողներ» մատենաշարերը։ Վերջին մատենաշարով խմբագրել և տպագրել է երիտասարդ գրողների առաջին գրքերը՝ Վահան Գրիգորյան. «Անիվի երգը», Սարգիս Պայազատ. «Մանր մարդիկ», Արմենակ Թամազյան. «Հայացքներ», Սուրեն Վահունի. «Երկու երգ», Աղավնի. «Արտերի լիրիկան», Գարեգին Բես. «Կյանքի երգը»… Այս և համանման գրքերի կապակցությամբ ասել է. «Էս ստիխների մեջ, իհարկե, նոր շունչ կա՝ մաշինա՛, տրակտո՛ր, ռե՛լս։ Եվ մազալուն էն է, որ էդ բոլորը, բան ու գործ թողած, մի գլուխ երգում են։ Մաշինան երգում է, տրակտորը երգում է, ռելսը երգում է։ Ամեն ինչ երգում է, բացի մարդուց։
Ինչի՞։ Մարդը չկա, այ թե ինչի։ Որ լիներ, էն էլ երևի երգեր։ Տղաները մաշինան տեսել են, տրակտորը տեսել են, ռելսը տեսել են, դրանց վրա աշխատող մարդուն՝ չէ: Մենակ, հա՛յ-հարայ, մենակ. երկիր իմ՝ խնդա՛, թնդա՛» (Գարեգին Բես, Հուշանովելներ, Եր., 1985, էջ 152)։
Այնուամենայնիվ, «Առաջին գիրք»-ով կյանքի կոչեց բազմաթիվ գրողների: Տպագրել է վաղվա հույսով՝ զտել-մաղելով գրականության դռները բախող բանվոր հարվածայինների, կոմերիտ գրողների, գյուղ-գրողների ստվար շարքերը. «Շաբաթ չէր անցնում, որ մեկը ձեռագիրը ձեռքին կամ թևի տակ չերևար պետհրատում։ Շաբաթ չէր անցնում, որ որևէ ժողովածու չգնար տպարան։ Ամիս չէր անցնում, որ մեկ-երկու գիրք չստանայինք այնտեղից» (նույն տեղում, էջ 152)։
Երկար է սպասել Խաչիկ Դաշտենցին. 1925 թ. Գյումրիում որբաշխարհի հետ հանդիպմանը տեսել կանչել էր, ներկայացավ 1932 թ.։ Առաջին ընթերցումով անգիր էր արել նրա «Իմ վայրենի վարդենի» քերթվածը։ Շատ արագ խմբագրում և տպագրում է «Երգերի գիրք»-ը (1932)։ Տպարանում, ըստ հեղինակի նախապես նախընտրած գույնի, փոխել է տալիս արդեն տպագրված շապիկը. «Ծա՞խսը։ Մի քանի մանեթ չի՞, ես կտամ։ Բա՛ ինչպես, Դաշտենցի նման բանաստեղծին իր ուզածի պես պիտի հասցնել ընթերցողին» (նույն տեղում, էջ 162)։
Թե՛ հրատարակչությունում աշխատելիս, թե՛ հետո ոչ միայն երիտասարդ գրողների ուսուցիչն էր ու առաջնորդը, այլև վարպետ-դաստիարակը. առանց ուշացնելու կարդում, խմբագրում, տպագրում էր նրանց գործերը, երբեմն՝ մկրտում գրական հնչեղ անուններով ու ճանապարհ բացում նրանց առջև։ Այդ շարքը մեծ է՝ սկսած Գուրգեն Մահարուց, Նաիրի Զարյանից, Վաղարշակ Նորենցից, Մկրտիչ Արմենից, Գեղամ Սարյանից, Արտաշես Տեր-Մարտիրոսյանից (որին խոսքի ընկեր դարձրեց իրեն ու բանաստեղծություններ նվիրեց «Պոեզոզուռնա»-ում), Խաչիկ Դաշտենցից մինչև Վահան Գրիգորյան (տպարանի պատի թերթում 1928 թ. կարդում է «Անիվի երգը», հավանում, խրախուսում է հեղինակին, ով 1930 թ. լույս տեսած իր առաջին գիրքն այդպես էլ վերնագրում է), Խաչիկ Հրաչյան (արագացնում էր գրքերի տպագրությունը, փոխում Մեսրոպյան ազգանունը), Թաթուլ Հուրյան (Խաչատրյան ազգանվան փոխարեն ինքը՝ Թաթուլը, ընտրել էր կրկեսային մի դերասանի Զոլլո ծածկանունը, Չարենցը Խաչատրյան-Տրյան-Տուրյան անցումով դարձնում է Հուրյան, ասում՝ եթե վատ գրի, կդառնա Ջուրյան: Կանգնել է կողքին, հասակները չափել են, Չարենցի հասակին է եղել:
Նրան կարդացել, խմբագրել և 1927 թ. Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթում աշխատելիս տպագրել է առաջին բանաստեղծությունները), Գարեգին Բես (Սարինյան ազգանունը ինքն էլ դարձրել է Բես, ստանալուց երեք օր անց Չարենցը տպագրել է առաջին պատմվածքը), Սուրեն Թարյան (Թարվերդյան-Թարենց-Թարյան, գրական ստուդիայում եղել է Չարենցի սանը, այցելել է նրան, հինգ տարով դատապարտվել է ըստ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 10-րդ կետի՝ հակախորհրդային քարոզչության մեղադրանքով, մահացել է աքսորավայրում), Արագած Ավետիսյան (1917 թ. ծնված այս աղքատ տղային նվիրել է իր հագուստները: ՆԳԺԿ-ն նրան առաջարկել է համագործակցել, մերժումից հետո այնպես են խփել գլխին, որ ցնցում է ստացել: Մահացել է 1950-ականներին ավտովթարից), Մկրտիչ Խերանյան (գյուղական դպրոցի ուսուցիչ էր. տեղափոխել է Երևան), Սողոմոն Տարոնցի, Խորեն Ռադիո (խրախուսել է, խմբագրել ինքնուրույն ու թարգմանական գրքերը), Հովհաննես Շիրազ («Գարնանամուտ»-ի համար գրած Ալազանի առաջաբանը նկատի ունենալով՝ ասել է. «….օգնելու փոխարեն, էս է, կփչացնեն այս շնորհալի բանաստեղծին»), Գևորգ Էմին, Վախթանգ Անանյան, Գևորգ Հայրյան, Արաքս, Հայկազ Վարդանյան (երաժիշտ, ուղարկել է Մոսկվայի երաժշտանոցում բարձրագույն կրթություն ստանալու, Պետհրատի հաշվին նշանակել թոշակ), Մարգար Դավթյան, Հարություն Թուրշյան («Թող Բաքուն ու վարժապետությունը և արի Երևան, դու լավ թարգմանիչ կդառնաս»: Եկել է, և Չարենցն ամեն ինչով նպաստել է նրա կայացմանը), Հռիփսիմե Պողոսյան, Վահան Արամունի (փոխել է Գևորգյան ազգանունը, տպագրել, նյութապես օժանդակել), Գրիգոր Գարունց, Հենրիկ Թումանյան, Գրիգոր Հակոբյան, Սամվել Գրիգորյան, Արաբ Շամիլով, Աղավնի, Աթանես Սենալ (հավանել է «Արևային գրո՛հ, արևային գրո՛հ, // Արևային ոսկու անեզրական շերտե՛ր» տողերի յամբերը), Հուսիկ Խանդամուր (հայրենադարձվելուց հետո լուծել է աշխատանքի հարցը, ուղարկել սովորելու, նպաստել բնակարան ստանալու հարցում), անգամ՝ Բաբկեն Կարապետյան, ով Գյումրիից Չարենցի մոտ էր գնացել «Ռելսերի սիրտը» բանաստեղծությամբ, Ցական Շողենց՝ դարձյալ Գյումրիից՝ «Շրջադարձի երգեր»-ով («Նա չարանում էր այս կամ այն հեղինակի բնավորության բացասական կողմերի համար, սակայն նրանց ստեղծագործությունը պախարակող որևէ խոսք չէր ասում» (ԳԱԹ, Ց. Շողենցի ֆ., 57))։
Նորաթուխ պոետներից շատերն անգամ չգիտեին՝ ինչ է հոնորարը, բայց ստանում էին, չգիտեին՝ որտեղ է Մոսկվան, բայց գործուղվում էին սովորելու։ Կոչ էր անում լեզուներ սովորելու, «Թե չէ Սարյանն ու Նորենցը Հայնե են թարգմանում, Մեծարենց է ստացվում» («Հուշեր Եղիշե Չարենցի մասին», 1986, էջ 242)։ Այսինքն՝ բնագրի լեզուն չգիտեին, միջնորդ ռուսերենից էին թարգմանում։
Խրախուսել է Վաղարշ Վաղարշյանին՝ գրելու «Օղակում» (1929) թատերգությունը։ «Չարենցը շատ ուշադիր էր գրական նոր կադրերի նկատմամբ և մտահոգված մեր գրականության ապագայով։ Նա մանկական հրճվանքով էր դիմավորում մամուլում երևացող նոր, շնորհալի սկսնակներին։ Նրա նախաձեռնությամբ պետհրատն իրար ետևից լույս ընծայեց սկսնակ գրողների առաջին գրքույկների մի ամբողջ շարք» (Վ. Նորենց), «Եվ մեր բարեբախտությունն էր, որ մեզանից յուրաքանչյուրի ստեղծագործական կազմավորման այդ շրջանում մենք ունեինք Չարենցի նման գրական ուսուցիչ և բարեկամ։ Եթե ասեմ նա մեզ աճեցնում էր ամենայն քնքշությամբ և խնամքով, դա կլինի միանգամայն ճիշտ, բայց չի տա այդ աճեցման իսկական արտաքին պատկերը» (Մ. Արմեն, «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Եր., 1961, էջ 196, 228-229, 237)։ «….այնքան բարձր գնահատեց իմ առաջին գրչափորձերը, որ կարելի էր զարմանալ, որտեղից նրա մեջ սիրո այդքան մեծ մակընթացություն այն տարիների գրական երիտասարդության հանդեպ» (Խորեն Ռադիո, «Հայոց լեզու և գրականություն», Եր., 2017, թիվ 4, էջ 53)։
Խմբագրական աշխատանքը հիմնականում կատարում էր հեղինակի ներկայությամբ. բառը, տողը փոխում, ուղղում էր տեղնուտեղը, հավելյալ աշխատանքի համար հեղինակին ասում էր. «Սա պետք է փոխել։
Այստեղ ուրիշ նրբերանգ է անհրաժեշտ։ Այստեղ հանգը շատ աղքատ է։ Փոխի՛ր փոխի՛ր։։ Փոխի՛ր հանգը, փոխի՛ր նրբերանգը, բայց ինչպե՞ս փոխել, նա դա չէր ասում։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ ինքը չէր կարող գտնել փոխարինող։ Պարզապես, ըստ նրա, դա խորհրդատվության ճիշտ ձև չէ և վիրավորանք է գործընկերոջը» (նույն տեղում, էջ 45)։
Չարենցի ուրախառիթ պահերից մեկը երիտասարդ գրողի առաջին տպագրված գիրքը իր ձեռքով նրան հանձնելն ու «Մուտքդ բարի» ասելն էր։
Մեծ է Չարենցի վաստակը երաժշտական հրատարակությունների գործում՝ Ա. Սպենդիարյան. «Պարսկական քայլերգ», Ս. Բարխուդարյան. «Արևելյան պարեր», Ա. Տեր-Ղևոնդյան. «Ախթամար» (սիմֆոնիկ պոեմ), Ն. Տիգրանյան. դաշնամուրային ստեղծագործություններ, այլազգի ժողովուրդների երաժշտություն… Տպագրում է 10-ամյա Առնո Բաբաջանյանի «Պիոներական քայլերգ»-ը:
Ըստ էության, Չարենցը նախաձեռնում ու սկսում է հայ դասականների երկերի գիտական հրատարակությունը: Այս շարքում են Հ. Պարոնյանը, Գ. Սունդուկյանը, Հ. Թումանյանը, Մ. Մեծարենցը… Անփոխարինելի է նրա դերը «Սասնա ծռեր» դյուցազներգության պատումների առաջին հատորի հրատարակության գործում:
Չարենցը թե՛ հեղինակի հանդեպ, թե՛ որևէ երկի հրատարակության առումով շատ ուշադիր էր: Դեռ նոր էր անցել աշխատանքի, երբ 1928 թ. հուլիսի 12-ին Երևանից նամակ է հասցեագրում Թիֆլիս՝ Մաթևոս Դարբինյանին. «Նախ՝ «Կիկոսդ» այնքան լավն է, որ ոչ մի рекомендация-ի կարիք չունի։ Երկրորդ՝ եթե հրատարակության գործն այդտեղ գլուխ չեկավ՝ գրիր ինձ, ես կաշխատեմ այստեղ անցկացնել։ Այժմ ես աշխատում եմ Պետհրատում, գեղարվեստական բաժնում և կարծում եմ, որ կոլեգիան սիրով կհամաձայնվի տպագրել քո գեղեցիկ գործը» (ԳԱԹ, ՉՖ, 188)։ Չանցած մի քանի օր՝ 1928 թ. հու¬լիսի 23-ին, Թիֆլիս՝ Մ. Դարբինյանին է ուղարկում «Կիկոսը» վիպակի իր «Երկու խոսք» առաջաբանը։ Նյութը հայ գյուղն է քաղաքացիական կռիվների շրջանում. «Հեղինակը կարողացել է գեղարվեստական պրիոմների զարմանալի պարզությամբ տալ սոցիալական շերտավորման այն պատկերը, որ գոյություն ուներ Հայաստանի գյուղում նոյեմբերյան օրերին։ Վիպակի աշխույժ սյուժեն և հեղինակի առողջ հումորը գիրքը դարձնում են հետաքրքիր և հեշտ ընթեռնելի» (Չարենց Ե., Երկերի ժողովածու, հ. VI, Եր., 1967, էջ 660)։ «Կիկոսը» Չարենցի «Երկու խոսք»-ով լույս է տեսնում 1929 թ. Երևանում։ Իսկ ռուսերեն թարգմանության համար 1930 թ. մարտի 3-ի երկտողով տեղեկացնում է Մ. Դարբինյանին. «Այն գլուխը, որ մտադիր ես ավելացնել «Կիկոսին» – շուտ ուղարկիր։ Կարծում եմ, որ լավ կլինի ավելացնես»։
1929 թ. սեպտեմբերի 11 – հոկտեմբերի 26-ը Չարենցը Հայպետհրատից գործուղումով մեկնում է Լենինգրադ։ Հրատարակչական գործն ուսումնասիրելուց զատ՝ այստեղ գրում և հղանում է բազմաթիվ գործեր, որոնք զետեղում է «Էպիքական լուսաբաց»-ում՝ «Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից», «Ձմեռային պալատի ներքնահարկում», «Հոկտեմբեր 25-26 1917», «Ներբող առ քննադատ № №», «№-ին Լենինգրադից», «Լենինգրադյան սենտենց», «Անկարելի սեր»։ «Հրաժեշտ Լենինգրադին» բանաստեղծությունը թվագրված է 26. X. 1929։ Լենինգրադյան միջավայրը՝ քաղաքը, Նևան, առավոտյան աշխատանքի շտապողների ձիգ շարքերը, նրան մղում է դեպի մոնումենտալ ռեալիզմ: Լենինգրադից մեկնում է Մոսկվա, այցելում հրատարակչություններ և նոյեմբերի 27-ին վերադառնում Երևան, թեև գործուղման ժամկետն ավարտվելու էր դեկտեմբերի 9-ին։
Կան ուշագրավ մակագրություններ: 1930 թ. մարտի 22-ին Ն. Զարյանի «Պայքարի և կառուցման էպոպեա» գրքի ձեռագրի վրա մակագրել է. «Հանել «Կառուցողները», «Վարդան Վարագյան»-ը, «Հնոցի մոտ»-ը և ավելացնել «Ռուշանի քարափը»»։ 1932 թ. սեպտեմբերի 8-ին մակագրել է Մկրտիչ Ջանանի «Բանվոր քեռին Արևելքում» պիեսի ձեռագրի տիտղոսաթերթի վրա. «Ժամանակին ընդունվել է տպագրության, բայց հետաձգվել է։ Այժմ հնացել է, բայց քանի որ տպագրությունը չի կայացել ոչ հեղինակի պատճառով, անհրաժեշտ է հեղինակին վճարել ամբողջ հոնորարը»։ 1931 թ. փետրվարի 10-ին մակագրել է Հ. Հակոբյանի «Նոր առավոտ (Ընտիր բանաստեղծություններ)» գրքի ձեռագրի վրա. «Գտնում եմ անհրաժեշտ հրատարակել անփոփոխ»։ Տպագրական ընթացքի մասին 1931 թ. հուլիսի 19-ին մակագրել է Արազու «Լույսեր» պատմվածքների ժողովածուի վրա: 1931 թ. օգոստոսի 5-ին Թ. Տարեկանյանի «Մարդն «անիրավ» բոլորին կերավ» պոեմի ձեռագրի վրա մակագրել է. «Չի տպվի։
Վերադարձնել հեղինակին»։ Հենրիկ Թումանյանի «Երգեր պղնձի ու հողի» (1931) ժողովածուի վրա մակագրել է. «Անհրաժեշտ է ընտրել, խմբագրել, որից հետո կարելի է առանձին գրքույկով «Երիտ-պրոլետ գրողներ» սերիայում, Չարենց, 931. VI. 4»։ Վարսենիկ Աղասյանի ժողովածուի վրա՝ «Դնել քննության, 22. VIII, 931», այնուհետև՝ «Վերադարձնել հեղինակին, հայտնել, որ ընտրված նյութերը լույս կտեսնեն առանձին գրքույկով 1932 թվին։ 1931, XII. 15, Չարենց», Մարո Մարգարյանի «Անցյալի զոհերից» պատմվածքի վրա՝ «Անշուշտ կարդալ և տալ գրավոր կարծիք։ Եթե ընդունելի է՝ խմբագրել, Չարենց. 14. VI. 1932»:
Զբաղվել է կազմակերպական հարցերով: 1930 թ. հունիսին «Գրական դիրքերում» ամսագրի 6-րդ համարում տպագրում է «Պետհրատի 1930 թ. գեղարվեստական գրականության հրատարակչական պլանը» հաղորդումը. «Այս տարի հրատարակվող գեղարվեստական գրականությունը երկու անգամ ավելի է լինելու նախորդ տարիների հետ համեմատած։նախատեսված են հետևյալ սերիաները։- Պրոլետարական գրականություն, Խորհրդային գրողների ֆեդերացիա, հայ կլասիկներ, ռուս կլասիկներ, եվրոպական կլասիկներ, ռուսական պրոլետգրականություն, անդրկովկասյան գրականություն, միջազգային հեղափոխական գրականություն, քննադատություն, արվեստ, մանկական, պատանեկական, կոմսոմոլի, քաղլուսվարական սերիաներ և այլն»։
1930 թ. օգոստոսի 8-ին Չարենցը նախագահում է Պետհրատի գրական-գեղարվեստական բաժնին կից գրական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում են Թադևոս Ավդալբեգյանի խմբագրությամբ կազմված Հովհաննես Հովհաննիսյանի ժողովածուն վերանայելու, Վեսպերի գրվածքները տպագրելու, Վարդան Աճեմյանի «Գեղարվեստական ընթերցանության ձեռնարկ»-ը մասնագիտական եզրակացության ուղարկելու, Տիցիան Տաբիձեի «19-րդ դարի նորագույն վրաց գրականություն» աշխատությունը, Սիրասի «Մանյակ» վեպը, Ռաշիդի «Արյունոտ սկուտեղ» գրվածքը, Հ. Հակոբյանի բանաստեղծությունների գրպանի գրքույկը, Պոլումորդվինովի գրվածքները հրատարակելու, Ալազանի «Կապույտ գլխաշոր»-ը, Զորյանի «Սպիտակ քաղաք»-ը և քաղաքացիական կռիվների շրջանից մի վիպակ, Դեմիրճյանի «Կրակե գծում»-ը, Թոթովենցի «Բագու» վեպի 2-րդ հատորը «կոնտրակտացիայի ենթարկելու», Անուշավան Վարդանյանի «Նախօրյակին», Ղարագյուլյանի «Փոքրիկ թյուրիմացություն», Բորիսովսկու «Վերջին ճիչ», ՀԱՄԽ-ից ուղարկված հինգ այլ թատերգությունների հրատարակության և գրական հանձնաժողովի անդամներին գրվածքներ կարդալու ու գրավոր կարծիքներ ներկայացնելու համար հոնորար վճարելու հարցերը։ Հետաքրքրական են Հովհաննիսյանի ժողովածուի կազմմանը վերաբերող դիտողությունները՝ որպես ժողովածու կազմելու սկզբունք։ Չարենցն առաջարկում է գիրքը ներքուստ չմասնատել, հանել ենթաբաժինների վերնագրերը, նյութերը վերադասավորել ժամանակագրական կարգով և դնել տարեթվերը, տպագրվածներից հետո դարձյալ ժամանակագրական կարգով զետեղել անտիպները, ավելացնել թարգմանությունները, զետեղել հեղինակին նվիրված հոդված։
Պետհրատի վարչության որոշմամբ՝ պլանների կատարման և աշխատանքային կարգապահության վերահսկման նպատակով 1931 թ. մայիսի 12-ին Չարենցը կցվում է լիտոգրաֆիայի և ցինկոգրաֆիայի արտադրամասերին։ 1931 թ. մայիսի 15-ին մասնակցում է Պետհրատի վարչության նիստին, որտեղ նրան հանձնարարվում է երկու օրվա ընթացքում կազմել 1932 թ. հրատարակչական պլանը։ Իսկ 1931 թ. մայիսի 21-ին, Պետհրատի վարչության որոշմամբ, Չարենցին և Պետհրատի նախագահ Մակինցին առաջարկվում է երկու օրվա ընթացքում հաստատման ներկայացնել հրատարակչության 1931 թ. թեմատիկ պլանը։
1931 թ. հունվարին Էդուարդ Խոճիկին հասցեագրված անթվակիր նամակում Չարենցը դիմում է նրան՝ տրամադրելու իր մոտ եղած նյութերը՝ Հակոբ Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուն տպագրության պատրաստելու համար։ I հատորը Չարենցի խմբագրությամբ տպագրվում է 1931 թ. (լույս է տեսել 11 հատորով, հրատարակությունն ավարտվել 1948 թ.)։
Չարենցի խմբագրությամբ Պետհրատը շատ գրքեր է լույս ընծայել: Կարևորներից է 1930 թ. նոյեմբերին Երևանում տպագրված «Արևմտահայ բանաստեղծներ» ժողովածուն (կազմողներ՝ Ալազան, Նորենց, առաջաբանը՝ Վանանդեցու)։
1931 թ. մարտի 16-ին Պետհրատի վարչությունը որոշում է «Գեղարվեստական բաժնի վարիչ ընկեր Եղիշե Չարենցին 40 օրով գործուղել Մոսկվա և Լենինգրադ՝ գեղարվեստական գրականության հրատարակությունների գործն ուսումնասիրելու համար։ Ընկեր Չարենցի բացակայության ընթացքում գեղարվեստական բաժնի վարիչի պարտականությունների կատարման գործը դնել ընկեր Ստեփան Զորյանի վրա» (ՀԱԱ, ֆ. 21, ց. 3, գ. 2, թ. 12)։
Պետհրատում աջակցել է քրդական գրականության բաժնի աշխատանքներին (տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», էջ 125)։
Ահա Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Չարենցի աշխատանքային գործունեության միայն մի քանի տարիների շատ համառոտ ժամանակագրությունը:
1931, 15 մայիսի – Վրացերեն նախատեսվող հայ գրողների ժողովածուի համար Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների միությունից գրությամբ պահանջում է համապատասխան երկերի ցուցակ և առաջարկությամբ դիմում Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիային՝ նյութերն ընտրելու, ինչպես նաև թարգմանության հարցը համակարգելու նպատակով Երևան գործուղել իրենց ներկայացուցչին։
1931, հունիս – Պատասխանում է Սուրեն Ավչյանի նամակին՝ վրաց գրականության անթոլոգիա հրատարակելու առաջարկության կապակցությամբ։
1931, 10 հունիսի – Պետհրատի վարչության որոշմամբ՝ Չարենցին հանձնարարվում է զբաղվել հեղինակների և թարգմանիչների հետ բանակցել-պայմանավորվելու և հրատարակչական տեխնիկային վերաբերող հարցերով։
1931, 13 հունիսի – Գրություն է հղում Հարություն Ճյուղուրյանին և ներկայացնում նրա «Մոռացված աշխարհ» պատմվածքների ժողովածուի ու նրա կազմած Արշակ Ագապյանի «Երկերի ժողովածու»-ի տպագրության աշխատանքների ընթացքը։
1931, 19 հունիսի – Գրություն է հասցեագրում Արազիին՝ վերջնական տարբերակով տպագրության ներկայացնելու իր «Լույսերը» պատմվածքների ժողովածուն։
1931, 2-3 հուլիսի – Պետհրատի վարչության նիստում Չարենցը զեկուցում է երաժշտական բաժին ստեղծելու, հրատարակությունների արտաքին ձևավորման, բաժինների վարիչների ֆինանսական հնարավորությունների մասին։ Քննարկումներից հետո գեղարվեստական բաժնին կից Չարենցի գլխավորությամբ ստեղծվում է երաժշտական մասնաճյուղ։
Նույն նիստում զեկուցում է գրքի արտաքին ձևավորման կարևորության մասին, ինչի համար բացվում է նկարչի լրացուցիչ հաստիք։
Նույն նիստում, իր դիմումի համաձայն, ազատվում է հրատարակչական բաժնի վարիչի լրացուցիչ պարտականությունից և դիմում՝ ազատվելու աշխատանքից. «Լսեցին. Ընկեր Եղիշե Չարենցի հրաժարականի հարցը։ Որոշեցին. Ընկեր Եղիշե Չարենցի դիմումը՝ պետհրատի աշխատանքներից ազատվելու մասին, ընդունել անհիմն և մերժել» (Չարենց Ե., Գիրք մնացորդաց, Եր., 2017, էջ 295)։
1931, 8 հուլիսի – Նամակ է հասցեագրում Թիֆլիս՝ Ռուսթավելու «Վագրենավոր»-ի թարգմանիչ Գևորգ Մուրադյանին. «Խնդրում ենք գալ Երևան՝ պայմանագիր կնքելու համար»: Պայմանագիրը կնքվել է 1932 թ. հունվարի 29-ին: Ստացած թարգմանության ձեռագրի վրա 1932 թ. մարտի 15-ին Չարենցը մակագրել է. «Դնել քննության» (ՀԱԱ, Գ. Մուրադյանի ֆ., 17; Գևորգ Ռոմանի Մուրադյան՝ մանկավարժ, գրականագետ, երկրաբան, ֆ. 419): Տիգրան Հախումյանից ու Գևորգ Ասատուրից հետո պոեմի վերջնական խմբագրությունը պետք է աներ Չարենցը: 1935 թ. դեկտեմբերի 5-ին «Զարյա Վոստոկա»-ն տպագրել է զրույց Չարենցի հետ՝ որպես «Վագրենավոր»-ի խմբագրի։ Գիրքը լույս է տեսել 1937- թ.՝ առանց Չարենցի վերջնական խմբագրության։ Որպես թարգմանիչ նշված է Գևորգ Ասատուրը, խմբագիրներ՝ Ն. Զարյանը և Գ. Սարյանը։ Մուրադյանի թարգմանությունը համարվել է տողացի, անունն անգամ նշված չէ (տե՛ս «Չարենցը և իր ժամանակաշրջանը», Եր., 2019, էջ 28-34)։
1931, 9 հուլիսի – Պետհրատի վարչությունը որոշում է «Երաժշտական կոլեգիայի նախագահի պարտականությունները դնել գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի վրա» (Չարենց Ե., Գիրք մնացորդաց, էջ 295)։
1931, 6 օգոստոսի – Պետհրատի վարչության նիստում որոշվում է Չարենցին և Գևորգ Պարիսին գործուղել Թիֆլիս՝ մասնակցելու հրատարակիչների տարեկան գործունեությանը նվիրված Անդրֆեդերացիայի լուսավորության աշխատողների խորհրդակցությանը։
1931, 14 օգոստոսի – Թիֆլիսում մասնակցում է Անդրկովկասի գրահրատարակիչների խորհրդակցությանը, հանդես գալիս զեկուցումով (տե՛ս Հակոբյան Գ., Կենսագրական պատառիկներ, «Չարենցյան ընթերցումներ», IV, Եր., 1979, էջ 190)։
1931, 14 օգոստոսի – Պետհրատի վարչության որոշմամբ՝ Չարենցին և այլոց հանձնարարվում է 15 օրվա ընթացքում կազմել դասագիրք՝ Հայրապետ Հայրապետյանի մերժված «Նոր գյուղ» դասագրքի փոխարեն։ Այս կապակցությամբ ավելացնենք՝ իր գործունեության հետագա տարիներին դպրոցների և տեխնիկումների համար Չարենցը կազմել է 14 անուն դասագիրք և մշակել դրանց մեթոդական ուղեցույցները:
1931, 26 օգոստոսի – Պետհրատի վարչության նիստում Չարենցը զեկուցում է տպարանի աշխատանքի կազմակերպման և արտադրանքի որակի մասին։
1931, 28 հոկտեմբերի – Պետհրատի վարչության որոշմամբ՝ Չարենցին արձակուրդ է տրվում նոյեմբերի 1-ից. «…․արձակուրդը Կիսլովոդսկում վերջացնելուց հետո տալ նրան 15 օրով Մոսկվա գործուղում՝ նոտաների տպագրության գործը ուսումնասիրելու և Երևանում կազմակերպելու համար» (Չարենց Ե., Գիրք մնացորդաց, էջ 294)։ Նույն նիստում որոշվում է Չարենցին ընտրել երաժշտական մրցանակաբաշխության հանձնաժողովի փոխնախագահ և հանձնարարել մշակել կատարվող գործերի վարձատրության չափը։
1932, 5 փետրվարի – Չարենցը պայմանագիր է կնքում Արշակ Աթայանի հետ՝ նրա թարգմանությամբ տպագրելու Օմար Խայամի քառյակների ժողովածուն։ Այդ կապակցությամբ գրում է գրություններ, անում մակագրություններ (շուրջ հազար քառյակից կատարում է ընտրություն. նախ՝ 500, ապա՝ 400), խմբագիր նշանակում է նախ Նորենցին, ապա՝ Գ. Սարյանին, բայցև ինքն էլ վերամշակում է 28, խմբագրում շուրջ 100 քառյակ (պահվում են ԳԱԹ, ՉՖ)։ Գիրքը տպագրվել է 1936 թ. հունվարին. ընդգրկում է 400 քառյակ։ Չարենցն ինքն էլ քառյակի (ռուբայի) վարպետ էր. 1927 թ. հրատարակել էր «Ռուբայաթ» ժողովածուն, 1932 թ. «Երկեր»-ում զետեղում է «Ռուբայաթ» բաժինը, 1934 թ. «Գիրք ճանապարհի»-ի «Գիրք իմացության» շարքում՝ «Ռուբայիներ» ենթաշարքը։
1932, 14 մարտի – Չարենցի անմիջական աջակցությամբ Պետհրատը լույս է ընծայում Տիցիան Տաբիձեի «Վրաց նոր գրականություն (19-րդ դար. սեղմ ակնարկ)» գիրքը (թարգմանիչ՝ Ա. Ղուրբանյան) և նրան ուղարկում հետևյալ մակագրությամբ. «Օ՜, Տիցիան։ Թանկագի՛ն Տիցիանին։ Քանի որ թղթի ճգնաժամի պայմաններում քո գիրքը ոչ այնքան փառահեղ ենք տպագրել, ուստի կարգադրեցի սույն օրինակը հնագույն հայ գրքերի կազմերի ոճով նրբաթերթ ոսկիով զօծեն։ Ընդունի՛ր և թող սիրտդ կախ չմնա Հայաստանի հրատարակչությունից։ Սրտագին ողջո՜ւյն։ Քո Եղիշե Չարենց։ 1932. 03. 14, Երևան» («Չարենցյան ընթերցումներ», VI, Եր., 1998, էջ 185. այլ թվագրությամբ՝ 1932. 9. 14, և այլ թարգմանությամբ զետեղված է «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքում (էջ 218))։ Վրաց գրողի հետ մտերմության վկայություն է նաև 13. 06. 1927 թվագրությամբ երկտողը։
1932, սեպտեմբեր-հոկտեմբեր – Պետհրատի № 4 բյուլետենում Չարենցը ներկայացնում է տարվա ընթացքում լույս տեսած մանկապատանեկան և հուշագրական գրականության սեղմ բնութագրությունները։
Այստեղ են Յոհաննես Բեխերի «Լուիզիտ», Ս. Զորյանի «Սպիտակ քաղաք» վեպերը, Ն. Զարյանի «Ռուշանի քարափը» պոեմը, Շավարշ Գարագաշի «Պայքարի ճամփին» հուշագրությունը։ Անդրադարձներ կան Թաթուլ Հուրյանի, Ղևոնդ Կոմունու, Գրիգոր Գարունցի, Օկտյաբրինա Վարոսյանի, Աթանես Սենալի, Հենրիկ Թումանյանի, Գրիգոր Հակոբյանի առաջին գրքերին։ Ահա կարծիքներ. Զորյանի վեպի մասին. «Հեղինակի այս նոր վեպում ներկայացված է գավառական քաղաքը՝ վերակառուցման ֆոնի վրա, որն իր ասիական, գյուղական վիճակից դուրս է գալիս նոր օրերի շինարարական թափով և դառնում է սպիտակ քաղաք։ Կառուցողների ոգևորությունը, ինչպես նաև նրանց անձնական կյանքն ու դրաման, գեղարվեստականորեն վերարտադրված են սույն վեպում»։ Զարյանի պոեմի մասին. «Հանրածանոթ այս պոեմը հեղինակի կողմից ենթարկվել է հիմնական վերամշակման և լույս է տեսնում երկրորդ հրատարակությամբ։ Պոեմը պատկերում է գյուղի կոլեկտիվացումը՝ առաջին էտապից մինչև նրա ամրապնդվելը, անցնելով կազմակերպական բոլոր դժվարություններով՝ ինչպես գլխապտույտի, այնպես էլ պայքարի ու արյան միջով» (Հակոբյան Գ., Կենսագրական պատառիկներ.– «Չարենցյան ընթերցումներ», IV, 1979, էջ 186)։ Այս և մյուս դեպքերում նկարագրական խոսք է՝ առանց գնահատության կամ վերլուծության:
1932, 29 նոյեմբերի – Պետհրատի տնօրեն Էդվարդ Չոփուրյանի աշխատասենյակում Չարենցը պայմանագիր է ստորագրում Հայաստանում գտնվող Արշակ Չոպանյանի հետ «Նահապետ Քուչակի դիվանը» գիրքը վերահրատարակելու վերաբերյալ։ Անշուշտ, Չարենցի նախաձեռնությունն էր՝ Խանջյանի իմացությամբ։ Վճարվում է հոնորար, բայց Չ-երի դաշինքը չի իրականանում։ Չարենցի և Չոպանյանի հրաժեշտը եղել է շատ զգայուն։
1932, 23 դեկտեմբերի – Գրությամբ տեղեկացնում է Դեմիրճյանին նրա երկերի ժողովածուի 2-րդ հատորին հատկացված տպագրական մամուլի ծավալի մասին։
1932, մարտ – Մազմանյանին, որի հետ ծանոթացել էր դեռևս 1922 թ. Մոսկվայում, հրավիրում է աշխատելու իր ղեկավարած գեղարվեստական բաժնի երաժշտական ենթաբաժնում և հրատարակում երաժշտական գրականություն՝ Կոմիտասի մեներգերը և խմբերգերի երկու ժողովածու, Ալ․ Սպենդիարյանի, Ա. Տեր-Ղևոնդյանի, Ն. Տիգրանյանի, Ս. Բարխուդարյանի առանձին երկեր, ժողովրդական, ակումբային, մանկական երգերի ժողովածուներ։ Կոմիտասի երկերի պատասխանատու խմբագիրն էր։ Հրատարակում է Անտոն Մայիլյանի «Հոկտեմբերիկների երգերի ժողովածու»-ն։
Պետհրատը նոտաներ տպագրելու հնարավորություն չուներ. տպագրում էին Մոսկվայի կուլտուրայի տանը։ Չարենցը կազմակերպում է նոտաների տպագրությունը Երևանում։ Իր նախագահությամբ ձևավորում է Պետհրատի երաժշտական հանձնաժողով և տպագրում հավանության արժանացած գործերը։ Հրատարակչական միջոցները սուղ էին, բայց նրա կողմից երբեք չէ՛ չկար։ Երաժիշտների համար ընտրում էր հարմար բանաստեղծություններ, կազմակերպում ժամանակին հայտնի ռուսական երգերի խոսքերի հայերեն թարգմանությունը, նպաստում օպերային թատրոնի ստեղծմանը, ձայնագրման ստուդիա բացելու պահանջ է դնում։ Ասում էր. «Խոսքը որքան էլ կատարյալ լինի, չի կարող փոխարինել մարդու էությունը համակող կախարդական հնչյուններին»։ Երազում էր, որ կինը դաշնամուր նվագել սովորի, աղջիկներն ստանան երաժշտական կրթություն (տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», էջ 332)։ Այդ նպատակով Մոսկվայից գնում և Երևան է հասցնում դաշնամուր, որ զարդարում էր նրա վերջին բնակարանը։
1933, 17 հուլիսի Վարսենիկ Աղասյանին գրությամբ տեղեկացնում է. «Ձեր բանաստեղծությունների «Քաղաքում» ժողովածուի նյութերը հնացած են և հրատարակության համար աննպատակահարմար»։
1933, 29 նոյեմբերի – Լերմոնտովի երկերի թարգմանության հետ կապված՝ նամակ է հասցեագրում Լեյլիին։ Հավաստիացնում է, որ մինչ այդ ուղարկված սպառնական հեռագիրը (պայմանագրով նախատեսված թարգմանության ժամկետը խախտելու պատճառով վերադարձնել կանխավճարը) տրվել է ընդհանուր կարգով և առանց իր գիտության: Երբ Լեյլիի ամուսնուց իմացել էր, որ ուշացումը պայմանավորված էր նրա հիվանդությամբ, հուզվել էր (Տեր-Մկրտչյան Գ., Եղիշե Չարենց, «Հայրենիք», Բոստոն, 1964, փետրվար, թիվ 2):
1934, 1 հունվարի – Պետհրատի ձևաթղթով նամակ է հղում Կարեն Միքայելյանին. «Ուղարկում ենք Ձեզ Պուշկինի արձակ երկերի թարգմանության պայմանագրի պրոյեկտը» (ԳԱԹ, ԿՄՖ, 594)։
1934, հունվար – Երկտողով դիմում է Պետհրատի տնօրեն Չոփուրյանին, որպեսզի Դաշտենցի «Գարնանային երգեր» գիրքը վերջինիս խնդրանքով չտպագրվի «…․կոմերիտական սերիայով, այլ իբրև առանձին գիրք»։ Գրությամբ դիմում է նաև նկարիչ Տաճատ Խաչվանքյանին և պարտավորեցնում անձամբ հետևել Դաշտենցի գրքի ձևավորմանը, որպեսզի արտաքինը տխուր չլինի։
1934 – Չարենցի խմբագրությամբ տպագրվում են Ֆիրդուսու «Ռոստոմ և Սոհրաբ» (թարգմանիչ՝ Գևորգ Ասատուր, ձևավորումը՝ Սարյանի), Բելա Իլեշի «Տիսսան այրվում է», Գոգոլի «Քիթը» գրքերը, Դոստոևսկու «Երկերի ժողովածու»-ի I հատորը (թարգմանիչներ՝ Նար-Դոս, Շիրվանզադե, Մակինցյան)։
1934 – Առանձնահատուկ է Չարենցի խմբագրությամբ լույս տեսած Շեքսպիրի «Մակբեթ»-ը (թարգմանիչ՝ Հովհաննես Խան Մասեհյան)։ Խմբագրում է «Լիր արքա» ողբերգության՝ Մասեհյանի թարգմանությունը (1898, Թիֆլիս)։ Հիմնականում արդիականացնում է լեզուն, վեհացնում ոճը։ Շեքսպիրով ոգեշնչված՝ ցանկություն է հայտնում թարգմանելու «Լիր արքա»-ն, նաև «Համլետ»-ը։
Տարված էր «Լիր արքա»-ով, ասել է՝ առաջ հասկանում էր, հիմա և՛ հասկանում է, և՛ զգում։ Կերպարն այնքան հարազատ էր դարձել, որ առանց բացատրության ասում էր. «Լիրը ես եմ» (Զարյան Ռ., Հուշապատում, Եր., 1975, էջ 96)։ Կատարում է «Լիր արքա»-ի ամբողջական խմբագրությունը, որը պետք է տպագրվեր։ Եվ ահա Չարենցի փոխարեն Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչի պաշտոնում հայտնված Սիրասը 1937 թ. նոյեմբերի 9-ին անում է այսպիսի մակագրություն. «Չընդունել՝ ներկայացնել Խան-Մասեհյանի թարգմանության բնագիրը տպագրության համար։ Սիրաս» (Զարյան Ռ., Մայրամուտից առաջ, Եր., 1988, էջ 430)։
Գրքարվեստի հարցերում շատ էր կարևորում տեղային միջավայրը, գույնն ու երանգը. «Եթե նկարիչը չի բավարարում ճաշակի այսօրվա պահանջները, արհեստավոր է։ Եթե նա մեր հողից, մեր ժողովրդի կյանքից, մեզ հուզող հարցերից դուրս մոդեռնիզմ է խաղում, նույնպես արհեստավոր է» («Հուշեր Եղիշե Չարենցի մասին», էջ 184)։ Ասում ու պնդում էր՝ պետք է օրինակ վերցնենք ռուս ու եվրոպացի հրատարակիչներից, բայց ստեղծենք մե՛րը, մեր ազգայի՛ն գիրքը, որովհետև գրքի մշակույթը ազգային արժեք է: Հրատարակչությունում իր շուրջ էր համախմբել Սարյանին, Կոջոյանին, Տաճատ Խաչվանքյանին և յուրաքանչյուր գրքի ձևավորման կապակցությամբ հանգամանալի քննարկումներ էր անցկացնում։ Կոջոյանն անմիջապես համաձայնել էր «Գիրք ճանապարհի»-ն ձևավորելու առաջարկին, բայց միայն երկարատև զրույցներից հետո էր անցել գործի. «Շատ սիրով երկար ու անքուն գիշերներ անցկացրի այդ գրքի յուրաքանչյուր էջի վրա։….ընթացքում Չարենցը վերցնում էր մատիտը և իր մտքերը արտահայտում նկարչական մոտավոր գծերով։ Այդպիսի դեպքերում ինձ թվում էր, որ իմ դեմ նկարիչ Չարենցն է նստած։ Պետք է խոստովանեմ, որ միայն Չարենցի օգնությամբ ու խորհուրդով «Գիրք ճանապարհի»-ի ձևավորումն ու պատկերազարդումը նրա կողմից հավանության արժանացավ։ Չարենցը աչքերը կկոցելով դիտում էր ժողովածուի ձևավորումը, պատկերազարդումները և գոհունակությամբ կրկնում. «Իսկ և իսկ իմ ուզածն է ստացվել, շնորհակալություն, վարպե՛տ»» («Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», 1961, էջ 305)։
Չարենցը Կոջոյանին է նվիրում բոլոր ժողովուրդների այբուբենների ժողովածու՝ տառերի հիանալի նմուշներով, և ասում. «Քեզ շատ պետք է, հատկապես քո տառարվեստի համար» (նույն տեղում, էջ 306)։ Կոջոյանը ձևավորում է նաև Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» (1934) գիրքը՝ Չարենցի թարգմանությամբ, որը՝ որպես ընծա, տանում են ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարի պատվիրակներին, և որն արժանանում է նաև Գորկու հիացմունքին։
Ընդհանրապես Չարենցն ուշադիր էր ցանկացած գրքի ձևավորման հանդեպ, ինքն էլ իր ցուցումներով մասնակցում էր ձևավորմանը։ Այդպես նա հիացել է նաև Ֆիրդուսու «Շահնամե»-ի՝ իր խմբագրությամբ լույս տեսած գրքի՝ Սարյանի ձևավորմամբ։ Այս կապակցությամբ Սարյանը գրում է. «Չարենցը մոլի գրասեր էր և գիրքը լավ էր հասկանում։ Զարմանալի նուրբ դիտողություններ կաներ ձևավորողին, տեխնիկական խմբագրին, կազմարարին, կարճ ասած՝ բոլորին, ովքեր կապ ունեն գրքի ստեղծման հետ։ «Ռոստոմ և Սոհրաբ»-ը տպելիս մոտիկից տեսա, որ նա՝ իբրև հրատարակիչ, պրոֆեսիոնալ էր։ Այն, ինչ կոչվում է «գրքի էսթետիկա», Չարենցի համար ասես մասնագիտություն լիներ։։ Գաղտնիք չէ, որ Չարենցի պաշտոնավարության ժամանակ պետհրատի թողարկած գրքերը այսօր էլ նախանձ են շարժում։ Եվ գաղտնիք չէ, որ դրանք այդպես են շնորհիվ Չարենցի միջամտության, շնորհիվ այն բանի, որ կրում են Չարենցի ճաշակի կնիքը» («Հուշեր Եղիշե Չարենցի մասին», էջ 182-183)։
Առանձին էջ է ազգային դյուցազներգության պատումների հրատարակությունը: Չարենցը տարված էր «Սասնա ծռեր»-ով. և՛ուսումնասիրում էր, և՛ գրում իր «Սասունցի Դավիթ» պոեմը։ Կ. Մելիք-Օհանջանյանին դժգոհել է ժողովրդական վեպի գրառման որակից. «….պատումների մի ստվար մասը թերի է՝ և՛ բովանդակությամբ լավ չի պատկերված ժողովրդի նիստուկացը, կենցաղը, և՛ գրի առնելու սիստեմի բացակայությամբ, այսինքն՝ կայուն, գիտականորեն մշակված սիստեմի բացակայության հետևանքով վեպի ձևն էլ ակներև չէ, ցայտուն չէ» («Հիշողություններ Չարենցի մասին», էջ 326)։
Խանջյանը Չարենցին առաջարկում է կազմակերպել «Սասնա ծռեր»-ի ծանոթ պատումների հրատարակությունը և գրի առնել նոր պատումներ։ Չարենցը դժվարությամբ համոզում է Մ. Աբեղյանին՝ գլխավորելու գործը. «….համաձայնվեց ղեկավարել վեպի պատումների խմբագրությունը, հրաժարվեց վեպի նոր պատումներ հավաքելու և գրի առնելու աշխատանքից» (նույն տեղում, էջ 328)։
1932 թ. սեպտեմբերի 2-ին, ինչպես նաև Աբեղյանին հասցեագրած այլ նամակներում Չարենցը ճշտում է «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի պատումների հրատարակության աշխատանքային պայմանները։ 1932 թ. սեպտեմբերի 7-ին «Սասնա ծռեր»-ի խմբագիր Աբեղյանի և Պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ Չարենցի միջև Չարենցի իսկ ձեռքով կազմվում է պայմանագիր։ Առաջին կետի պահանջները. «Հեղինակը հանձն է առնում հավաքել ու խմբագրել «Հայ ժողովրդական վեպի՝ Սասնա ծռերի» բոլոր լույս տեսած և անտիպ վարիանտները։ Աշխատությանը պետք է կցված լինեն՝ ա) առաջաբան, բ) հատուկ անունների մասին ծանոթագրություններ, գ) լեզվական-քերականական բացատրություններ, դ) բառարան և ե) հատուկ անունների ցանկ։ Ծանոթագրություններն ու լեզվական յուրաքանչյուր վարիանտի համար առանձին բառարանն ու հատուկ անունների ցանկը երրորդ հատորի վերջում ամբողջ աշխատության համար։ Աշխատությունն ունենալու է մոտավոր ծավալ մեկ հարյուր մամուլի սահմաններում» («Սովետական գրականություն», Եր., 1982, թիվ 10, էջ 124, «Չարենցյան ընթերցումներ», V, Եր․, 1988, էջ 186-187)։ 1932 թ. սեպտեմբերի 8-ին կից գրությամբ պայմանագիրն ուղարկում է Աբեղյանին. «Եթե համաձայն եք պայմանագրի այս վերջնական ձևակերպման հետ, ստորագրեք և մի օրինակ վերադարձրեք մեզ, որից հետո արդեն կանցնենք վարիանտների գնման աշխատանքին»։ Երկկողմանի գրություններով աշխատանքային համագործակցության պայմանները ճշտվում են։ Ընթացքում աշխատանքները շարունակվում են. 1933 թ. մայիսի 11-ին Չարենցը գրություն է ուղարկում Աբեղյանին. «Խնդրում ենք բանակցել բանահավաք Չիթունու հետ՝ իր մոտ գտնվող վարիանտները ստանալու համար։ Հոնորարը դրամով վճարելու հնարավորություն չունենալով, մենք կարող ենք նրան ուղարկել Պետհրատի կողմից հրատարակված գրքերից, իր ուղարկած ցուցակի համաձայն» («Սովետական գրականություն», Եր․, 1982, թիվ 10, էջ 125)։ Աշխատանքները հաջող ավարտ են ունենում: Գրքի Ա հատորը լույս է տեսնում 1936 թ.՝ Խորհրդային Հայաստանի 15-ամյակի կապակցությամբ, երբ Չարենցն արդեն հեռացված էր հրատարակչությունից, մինչդեռ մտադիր էր կազմակերպել բանահյուսական այլ նյութերի հրատարակություններ ևս՝ վիպերգեր, հեքիաթներ, առածներ, խաղիկներ… Գրքի ձևավորումը (Հ. Կոջոյան) և տպագրությունը բացառիկ են: Այդպես բացառիկ է նաև իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի հրատարակությունը՝ դարձյալ Կոջոյանի գեղազարդումներով:
Առանձին էջ է նաև Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հայերեն հրատարակությունը՝ Կարեն Միքայելյանի թարգմանությամբ: 1931 թ. օգոստոսի վերջին Չարենցը հեռագրում է Մոսկվա՝ Կարեն Միքայելյանին, և առաջարկում թարգմանել Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը՝ նկատի ունենալով Մոսկվայի «Ակադեմիա» հրատարակչության ռուսերեն ամբողջական տեքստը, «նաև անգլերեն բնագիրը»։ 1931 թ. սեպտեմբերի 3-ին Պետհրատի ձևաթղթով գրություն է ուղարկում Մոսկվա՝ Միքայելյանին՝ դրան կից երկու օրինակով ուղարկելով Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի թարգմանության՝ իր ձեռքով լրացված պայմանագիրը (տե՛ս ԳԱԹ, ԿՄՖ, 182): Նորից ասում է. «Թարգմանել ռուսական «Academia» հրատարակչությունից՝ ի նկատի ունենալով անգլերեն բնագիրը…․»։ Վերստին հիշեցնում է. «…․թարգմանությունը պետք է կատարվի անպայման ռուսական «Academia» հրատարակչությունից՝ ի նկատի ունենալով անգլերեն բնագիրը։
Անհրաժեշտ է թարգմանել բոլոր ծանոթությունները և այլն։ Անունների տրանսկրիպցիան անպայման պետք է պահել բնագրինը։ Մնացած ոճային և այլ սկզբունքային խնդիրները առաջարկում ենք համաձայնեցնել մեզ հետ»։ Միքայելյանը վեպը թարգմանում է բնագրից՝ ձեռքի տակ ունենալով նաև ռուսերեն հրատարակությունը։ Թարգմանական գրքի և իր պատմվածքների ժողովածուի տպագրության կապակցությամբառնչությամբ Միքայելյանը տարբեր առիթներով գրում է Չարենցին. «8. VII. 1930»՝ առաջարկում է թարգմանել և տպագրել Սվիֆթի վեպը, «7. X. 1931»՝ վեպի թարգմանության հարցերի մասին, «28. XII. 1931»՝ ուղարկում է վեպի առաջին մասը, «11. IV. 1933»՝ հետաքրքրվում է իր գրքի տպագրության հարցերով (տե՛ս ԳԱԹ, ԿՄՖ, 200)։ Հաջորդում են նորանոր հեռագրեր և գրություններ: 1931 թ. սեպտեմբերի 16-ին թարգմանության վերաբերյալ Չարենցը տալիս է հերթական ցուցումներ («Տեքստի խոշոր տարբերությունների դեպքում կողմնորոշում ունեցեք դեպի անգլերեն բնագիրը») և մեկ ամսով երկարեցնում թարգմանության ժամկետը։ 1931 թ. սեպտեմբերի վերջին հայտնում է Բակունցին որպես խմբագիր աշխատանքի մեջ առայժմ ներգրավելու անհնարինության մասին. «Ակսելը մոբիլիզացված է այլ աշխատանքի»։ 1932 թ. հունվարի 5-ին տեղեկացնում է, որ ստացվել է թարգմանության առաջին մասը։ 1932 թ. հունվարի 27-ին զգուշացնում է, որ թարգմանությունն ստանալու վերջին ժամկետը փետրվարի 28-ն է, մինչդեռ ստացվել է կեսը։ Ժամկետը երկարեցվում է ևս մեկ ամիս՝ մինչև մարտի 28-ը։ 1932 թ. փետրվարի 26-ին երկտողով ապսպրում է արագացնել թարգմանությունը, որպեսզի տարվա ընթացքում տպագրվի։ 1932 թ. հունիսի 20-ին տեղեկացնում է, որ ստացվել է թարգմանության երրորդ մասը, և նշում․ «…․սպասում ենք վերջին մասին, որպեսզի ուղարկենք տպարան»։ 1932 թ. սեպտեմբերի 21-ին զգուշացնում է վեպի վերջին մասն ու ծանոթագրությունների թարգմանությունն ուշացնելու մասին. «Խնդրում ենք անմիջապես պատասխանել, թե ե՞րբ եք ուղարկում վերոհիշյալ նյութերը, որպեսզի մենք կարողանանք «Գուլիվերի ճանապարհորդությունների» հրատարակությունը մտցնել մեր հրատարակչական արտադրական պլանի մեջ»։ Ի վերջո, 1934 թ. Չարենցի պատասխանատու խմբագրությամբ, Բակունցի առաջաբանով, Կարեն Միքայելյանի բարձրորակ թարգմանությամբ լույս է տեսնում Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը։
Ավելացնենք, որ այս ընթացքում Չարենցը Միքայելյանի հետ համագործակցում էր նաև Մոսկվայում ռուսերեն «Հայ պոեզիայի անթոլոգիա» տպագրելու և իր՝ Միքայելյանի պատմվածքները Երևանում հրատարակելու հարցերով:
Չարենցը շատ էր կապված իր աշխատանքին: Դա իր առօրյան էր՝ հանդիպումներ, ստեղծագործական ծրագրեր, քննարկումներ, բանավեճեր, անգամ, բարուրը գրկած, երբեմն իր հետ տանում էր առաջնեկին:
ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1932 թ. հունվարի 24-ի որոշմամբ՝ Չարենցը և մի շարք գրողներ մեկ տարով ազատվում են աշխատանքից, նյութապես ապահովվում՝ նվիրվելու հատկապես ստեղծագործական աշխատանքի։
Մի քանի օր անց՝ փետրվարի 17-ին, Չարենցը դիմում է Կենտկոմի կուլտպրոպ բաժին և առարկում ընդունված որոշման դեմ. «Ինչ վերաբերում է ինձ՝ հայտնում եմ, որ իմ ստեղծագործական պարապմունքներին խանգարում էր ոչ թե Պետհրատի աշխատանքը, այլ այն, որ այդ պաշտոնավարության ռոճիկն ինձ չի ապահովել նյութապես, և ես հարկադրված եմ եղել, բացի պաշտոնավարությունից, բոլոր ազատ ժամանակս տրամադրել խմբագրական, թարգմանական և այլ աշխատանքների, որպեսզի հնարավորություն ունենամ ապրելու։
Բացի այս, ես ինձ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է միանգամայն կտրվել պրակտիկ աշխատանքից և զբաղվել ստեղծագործությամբ։ Պետհրատի աշխատանքը միակ ասպարեզն է, որին կապված եմ ես,– ինձ համար մի չափազանց հետաքրքիր ասպարեզ, որի մեջ կատարած իմ աշխատանքը, կարծում եմ, վնասակար չէ ոչ ինձ, ոչ էլ Պետհրատի համար։ Ի նկատի ունենալով այս ամենը՝ խնդրում եմ ինձ թողնել Պետհրատում աշխատելու….» (ՀԱԱ, ֆ. 1, ց. 12, գ. 248, թ. 5, ֆ. 1, ց. 6, գ. 266, Չարենց Ե., Երկերի ժողովածու, հ. VI, էջ 461-463)։
1935 թ. ահաբեկչի մեղադրանքով Չարենցին մի քանի անգամ կանչում են հարցաքննության: Մարտի 8-ին նա հեռացվում է զբաղեցրած պաշ¬տոնից։ Նույն օրը «Հայտարարություն» վերնագրված գրությամբ Չարենցը դիմում է Հայաստանի խորհրդային գրողների միության վարչությանը. «Հայտնում եմ, որ այսօրվանից ես դուրս եմ գալիս Գրողների կորպորացիայից: Խնդրում եմ դիմումս ընդունել առանց հետին մտքերի, չտալ նրան քաղաքական բովանդակություն»։ Չարենցի դիմումին տալիս են քաղաքական բովանդակություն և մարտի 13-ին՝ իր ծննդյան օրը, հեռացնում գրողների միության շարքերից:
Միջնադարյան կացին
Ես ներշնչված արեգակով
Տենչում էի այգաբացին,
Սակայն եղավ նա մեզ համար
Միջնադարյան սրած կացին։
Եվ գլուխներ թռան պայծառ –
Կացնի զարկից այդ մահաբեր,
Արյունատենչ ու արնավառ
Դահիճը իր գահին է դեռ։
Նա մորթոտված գլուխների
Ուղեղներն է միայն ծամում,
Եվ մոլեգնում է վիթխարի
Մեր երկրին դառած սամում։
Օ, մորթոտված արեգակներ,
Խավարեցիք հորիզոնում,
Ձեր բախտակից պոետը՝ ձեր
Բանտի մեջ ձեզ երգ է ձոնում։
Դուք ամենքով էլ դարավոր,
Դարի շնչով էիք ապրում,
Դարն եղավ ձեզ հուղարկավոր
Եվ նզովք է ձեզ ուղարկում,
Քանզի դեռ կա դահիճ ագահ
Արյունատենչ ու վիթխարի,
Կառափներով բարձրացած գահ՝
Դառած կացին միջնադարի։
Եվ այդ կացնով միջնադարյան
Արեգակներ գլխատվեցին,
Արևները, ավաղ, չկան։
Հորիզոնները մթնեցին։
1937 թ․, բանտ
Դավիթ Գասպարյան, Նորահայտ էջեր, Երևանի համալսարանի հրատարակչություն 1996 թ․ էջ 136