Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա նոյեմբերին կլրանա հայ գրականության վառ դեմքերից մեկի` Եղիշե Չարենցի մահվան 85-րդ տարելիցը: Հայ հասարակության մեծ մասը Չարենցի մասին պատկերացում է կազմել խորհրդային քարոզչամեքենայի հրամցրած «ճշմարտության» շրջանակներում, որի համաձայն՝ Չարենցը «կարմիր» պոետ է, համոզված բոլշևիկ: Տասնամյակներ շարունակ սա էր խորհրդահայ հանրության համոզումը, սակայն բնական հարց է ծագում` այդ դեպքում ինչու «կարմիր» պոետ և «համոզված բոլշևիկ» Չարենցը հալածվեց, կյանքն ավարտեց բանտում սոսկալի պայմաններում:
Չարենցի նկատմամբ «հալածանքները սկսվեցին 1933-ին` «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելանքով: Դրան հաջորդեցին հարցաքննությունները, այնուհետև նրան վտարեցին Գրողների միությունից, հեռացրին զբաղեցրած պաշտոնից, մեկուսացրին գրական կյանքից, դադարեցրին գրքերի տպագրությունը, այդ թվում` Մոսկվայում և Թիֆլիսում ռուսերեն թարգմանական ժողովածուները, հռչակեցին քաղաքականապես անվստահելի անձ, հսկողության պայմաններում հրամայեցին քաղաքից չբացակայել, մամուլում քննադատեցին թե՛ իրեն և թե՛ իր գրական խմբի անդամներին ու համակիրներին, թունավորեցին կենցաղը, մղեցին ծայրահեղ արարքների, ի վերջո, ձերբակալեցին, բանտում հարցաքննության փոխարեն դաժան հաշվեհարդար տեսան նրա հանդեպ, ուր և 1937 թ. նոյեմբերի 27-ին ավանդեց հոգին»1:
Չարենցին հետադիմական նացիոնալիստ էին ներկայացնում և այլն: Հատկանշական է Երևանի «Գրական թերթի» 1937 թ. ապրիլի 23-ի համարում տպագրված Հայաստանի կոմկուսի ամբաստանագիրը. «Բակունց, Ալազան եւ ուրիշներ՝ գրականութեան մէջ գործել են որպէս վնասարարներ, որպէս հակայեղափոխականներ, որպէս Տրոցկիստներ եւ Դաշնակներ, որպէս միջազգային կապիտալի գործակալներ…. Հետագայում Չարենցն ընկնում է հակայեղափոխական-նացիոնալիստների ազդեցութեան տակ: …. Նա (Չարենց) ստեղծում է մի գիրք՝ «Գիրք Ճանապարհի», որ ամբողջապէս գրուած է որպէս հայ գրականութեան ազգային յատկանիշների խտացման թէորիայի իլլուստրացիա»2: Այս տխուր պատմության վերջակետը դրվեց այն ժամանակ, երբ Չարենցը միամտաբար վստահեց երկու ընկերների և պատմեց այն մասին, որ ժողովածուի բանաստեղծություններից մեկում` «Պատգամ»-ում, յուրաքանչյուր տողի երկրորդ տառերով ակրոստիքոս է կազմել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Իսկ դա, ինչպես հայտնի է, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նշանավոր կոչն էր` ժամանակին ասված նաև Նժդեհի շուրթերով, որի նպատակը «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» ստեղծումն է: Պատճառը, սակայն, միայն «Գիրք ճանապարհի»-ն չէր. խորհրդային հատուկ ծառայությունների ուշադրությունից չէր վրիպել նաև «Երկիր Նաիրի»-ն, որը լոկ վեպ կամ երգիծանք չէ, այլ պատմաբանների համար վաղուց շղարշազերծված վավերագրություն: ««Երկիր Նաիրի». այսինքն` անկախ և միացյալ հայրենիք. այս գաղափարապաշտության ցմահ ուխտավորն են Եղիշե Չարենցը` որպես ազգային հավաքական հանճար, և Հայ հեղափոխական դաշնակցությունը` որպես ազգային հավաքական ուժ, ուստի դեպի Նաիրի տանող ճանապարհին նրանք կամա-ակամա պիտի խաչվեին այն կետում, որ տաճարն էր իրենց հավատամքի: Ապացույցը նաև «Երկիր Նաիրի»-ն` գրված 1921-1924 թթ.` Չարենցի ձախ որոնումների ամենաբուռն շրջանում: Ողբերգական, ահեղ, մահացու ճշմարտությունը թղթին հանձնելու համար Չարենցը գիտակցաբար պիտի գնար օրվա ճանապարհով: Ժամանակի գովքն անող անմուսա երկերի հանգույցում ոգու կանչով և պարտքով հառնում է պոեմանման վիթխարի ասքը՝ «Երկիր Նաիրի»-ն»3:
Վեպի գրական-գեղարվեստական արժեքի շուրջ չծավալվելու համար խոսենք միայն պատմական անցքերի մասին, որոնց հիմքում Չարենցի ծննդավայր Կարսի անկումն է: Ինչո՞ւ և ինչպե՞ս ընկավ Կարսը:
Հարյուր տարուց ավելի հայ գիտական ու քաղաքական շրջանակներին մտահոգող այս հարցի պատասխանն ամփոփված է «Երկիր Նաիրի» վեպում, որի առաջին գլխում նկարագրելով Կարսի հայտնի բերդը՝ Չարենցը գրում է. «Անառիկ է այդ բերդը — ամենքն այդ գիտեն,— և դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին»4: Այն մասին, որ Կարսն ընկավ դավաճանության հետևանքով, հետխորհրդային շրջանի պատմաբանները բազմիցս են խոսել, բայց խոսքը դարձյալ տանք Չարենցին. «….այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,— երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,— ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում և խոսում էին հաշտության մասին, ո՞ւմ հետ.— հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,— ինչպես ասում էր Մազութի Համոն,— որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, և նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ…»5: Պատերազմում դասալքությունից զատ՝ այդ նաիրուրաց ու նաիրադավաճան մարդիկ հաշտություն ու «խաղաղություն» էին քարոզում հայության դարավոր ոսոխի հետ, և այդ «խաղաղության» նախապայմաններից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի՝ Թուրքիայի հետաքրքրությունների տիրույթում գտնվող տարածքներից հրաժարվելն էր. «Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում և շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը։ Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ։ Երևակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության, ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան, ազգուրաց մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը, ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի…»6: Մեր օրերի համար չափազանց ծանոթ այս պատկերն էր Հայաստանում 1920 թ.:
Պետական դավաճանությունը կատարվում էր «խաղաղության» օրակարգով, և Չարենցը հստակ մատնանշում էր այդ ստոր, նաիրուրաց մարդկանց. «….Եվ ովքե՞ր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը.— մի քանի լղրճուկ սինլըքորներ…. Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք…. «վերի գլուխը».— արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր… Ահա՛ թե ովքե՞ր էին դրանք և ահա թե ո՛վ էր դրանց «ամենավերին գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը»7: Արդեն հետխորհրդային շրջանում կաղապարազերծված հայ գիտական միտքը պետք է բացահայտեր, որ խոսքը բոլշևիկների մասին էր, որոնց առաջնորդ Լենինը, ինչպես արդեն գիտենք, թուրք-թաթարական ծագում ուներ (կովկասյան թուրք, արդի եզրութաբանությամբ՝ ադրբեջանցի էր) և 1917 թ. հոկտեմբերին իշխանության էր բերվել Գերմանիայի կողմից հստակ ծրագրով, ու ամենևին էլ պատահական չէր, որ 1918 թ. մարտին կնքեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով Ռուսական կայսրության գրաված բոլոր տարածքները զիջեց Թուրքիային, հետո էլ Ռուսաստանը ներքաշեց հյուծիչ քաղաքացիական պատերազմի մեջ, որում, իհարկե ի դժբախտություն հայերի, լենինյան ուժերը հաղթանակ տարան՝ ոչ առանց արտաքին միջամտության: Գրեթե նույն պատկերն է, ինչ 2018-2020 թթ. Հայաստանում:
Հայաստանում Լենինի թուրքամետ քաղաքականության սպասարկուները հայ բոլշևիկներն էին, որոնք, «համաշխարհային հեղափոխության» անիրական հովերով տարված, զոհաբերեցին Հայաստանն ու հայկական շահը Քեմալ-Լենին դաշնակցային շահերին: Այդ մասին է վկայում նաև Բաքվից նրանց հղված «Հույժ գաղտնի» վերնագրված հեռագիրը, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում:
Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի գարնիզոն մեկնող բոլշևիկներին անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում…. ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի: Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի): Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև՝ Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, դրանք են.
ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին,
բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք,
գ) չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին` ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցությունից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործի:
Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան: Նո. 218, Բաքու, 1920 ՍԵՊ. 20»8:
Եվ ահա՛ «Երկիր Նաիրի»-ում Չարենցը պատմում է այս իրադարձությունների մասին՝ հակադրելով նաիրադավ ու նաիրուրաց բոլշևիկներին «Նաիրյան գործերի կենտրոնին»՝ «Ընկերությանը», ասել է թե՝ Դաշնակցությանը: Չարենցի հերոսը կամա թե ակամա դառնում է Համո Համբարձումովիչ Աստվածատրյանը (Մազութի Համոն)՝ նույն ինքը՝ ՀՅԴ Կարսի կոմիտեի նախագահ Համբարձում Նոհրադյանը. «Նա եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, հետագայում, հոր մահվանից հետո, ղեկավարել է «Լույս» նավթարդյունաբերական ընկերությունը որպես կառավարիչ, որն ապահովել է նավթամթերքներով Բաթում-Կարս նահանգը: 1919 թ. Երեւանում մասնակցել է ՀՅԴ Ընդհանուր ժողովին եւ ընտրվել Հայաստանի Քաղաքների Միության եռանդամ նախագահության անդամ»9: Համբարձում Նոհրադյանի որդին՝ Գևորգը, զոհվել էր դեռ Առաջին աշխարհամարտի տարիներին Կարսի ճակատում մղված մարտերի ժամանակ. «….ապր. 12-ին, Մազրայի մոտ, նահանջի ճանապարհը պաշտպանելիս հերոսի մահով մեռավ Կարսի քաղաքագլխի որդին՝ կամավոր Գևորգ Նոհրադյանը»10: Կարսի դավաճանական հանձնումից հետո Համբարձում Նոհրադյանը գերի է ընկել և տանջամահ արվել թուրքերի կողմից: Մազութի Համոյի մահվան տեսարանը Չարենցն այսպես է պատկերել. «Բերդը մտնելով, ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս։ Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել և մեծագույն շուքով տարել քաղաք։ Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, և նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը և ցավակցություն հայտնել նրանց վշտի համար։ Այսպիսի՛ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը և Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք և կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց։ Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից բժշկին, իսկ մեջտեղից— իրան, Մազութի Համոյին,— և սա չէ դեռևս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին։ Ամենազարհուրելին ու ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերևը,— ու գրում վրան, երևակայո՞ւմ եք— նաիրյան տառերով.
Մ. Հ. Ա. Ն.
որ նշանակում է՝
«Մազութի Համո՝ Արքա Նաիրի»»11:
Ինչպես տեսնում ենք, Համբարձում Նորհատյանը, որի կերպարում ամփոփված է Դաշնակցության գաղափարախոսությունը, Հայաստանի ազատության ճանապարհին խաչին գամված այն հերոսն էր, որի չլինելով չկային, ցնորք ու միֆ էին դարձել նաև Նաիրին և նաիրյան այն քաղաքը, որ նաիրցի վարպետները բացառիկ ամրությամբ էին կառուցել, և որի վրա այժմ օտարի դրոշն է ծածանվում, որովհետև այլևս այնտեղ չէ սիրեցյալ ժողովրդին կռվի կոչ հղող ՀՀԴ-ն, ինչպես նշում է Չարենցը «Երկիր Նաիրի»-ում:
Ահա՛ 1921-1924 թթ. «կարմիր պոետ» Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի համառոտ պատմական ակնարկը, որին լրացնելու է գալիս 1933 թթ. գրված «Գիրք ճանապարհի»-ն, որում Չարենցը ներառել է նաև «Մահվան տեսիլ» շարքը: Այս շարքով նա իր հարգանքի տուրքն էր մատուցում հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչներին՝ Րաֆֆի, Խրիմյան Հայրիկ, Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան, Ռոստոմ` Ստեփան Զորյան, Սիամանթո, Վարուժան, Ահարոնյան, Խաժակ, որոնց շատ հաճախ ստիպված էր եղել քննադատել խորհրդային մամլիչ մեքենայի գաղափարական ճնշումների տակ: Ասվածի մասին են վկայում հետևյալ տողերը.
Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն վարանում ու մահ,
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մեծ մի բանակ,
Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ մահ»:
Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց,
Տիրում էր այնտեղ բռնություն, և′ ոճիր, և′ կյանք անազատ.
Գնացին նոքա` սրբելու մեր դեմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:
…Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենա,
Բայց դժբախտ փորձի ժամանակ Արքայից հեռու նա պայթեց,
Եվ խփեց-խորտակեց նա ինձ… Իսկ Արքան կենդանի մնաց,
Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր…
Եվ մնաց նա կենդանի… Կենդանի նա մնաց… Վա՜յ ինձ…
Աշխարհից հեռացա ես այսպես` իմ ուխտը թողած անկատար…
…Եվ հանկարծ մոտեցան նրան երկու այր՝ դեմքով կավիճ
Բուսնելով կարծես խավարից՝ մոտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքներին պղնձյա նշան.
…Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի-
…Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն
«ՀԸԴԱՅՈ՜ՒՆ, ՀԸԴԱՅՈ՜ՒՆ, ՀԸԴԱՅՈ՜ՒՆ» ձայնում էր կանչով շառաչուն
…«ԽԱՆ ԲԱ՜Ն ՕՏ, ԽԱՆ ԲԱ՜Ն ՕՏ, ԽԱՆ ԲԱ՜Ն ՕՏ»…
Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար պարզ է, որ խոսքը Քրիստափոր Միքայելյանի մասին է, որ մահափորձ էր կազմակերպում արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ և զոհվեց ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ Վիտոշ լեռան վրա, իսկ «ՀԸԴԱՅՈՒՆ» և «ԽԱՆ ԲԱՆ ՕՏ» ծածկագրված բառերից ակնհայտ է, որ խոսքը ՀՅԴ-ի մասին է, որը 1896 թ . կազմակերպել էր Բանկ Օտոմանի գրավումը, իսկ 1897 թ.՝ Խանասորի արշավանքը։ Ահա այսպես խորհրդային բռնատիրության պայմաններում Չարենցը ապաշխարում է Դաշնակցության ու ազգային-ազատագրական պայքարի այլ անվանի գործիչների նկատմամբ իր երբեմնի վերաբերմունքի ու քննադատության համար և հայ ժողովրդին ներկայացնում իր իրական պատմությունը:
Ի հակադրություն այս ամենի՝ ոմանք հաճախ հիշատակում են Չարենցի «Լենինն ու Ալին» ստեղծագործությունը, և տրամաբանող անհատը կարող է հարցնել, թե ինչու է հայ Չարենցի ստեղծագործության մեջ թուրք Ալին ողբում Լենինի մահը, ոչ թե, օրինակ, հայ Արմենը… Պատասխանը հստակ է. Լենինը հայկական հողերը բաժանել էր թուրքերին, վերացրել Հայաստանի՝ այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, և բնական է, որ Լենինի ձեռքով հայկական հողերը ստացած թուրք Ալին պետք է ողբար նրա մահը, ոչ թե հայրենազրկված հայը: «Այս խոր ըմբռնումն ու ներքին պատկառանքը Չարենցն ուներ Դաշնակցության հանդեպ, ինչքան էլ հրապարակավ չխոստովաներ»12: Այս ամենի համար, բնականաբար, Չեկան չներեց Չարենցին, և նրան մեղադրեցին ժամանակի ամենամահացու «մեղքերում»՝ նացիոնալիստ ու դաշնակցական անվանեցին, մինչդեռ Չարենցը պարզապես մեծ հայրենասեր էր, որն անասելի ցավ էր ապրում բզկտված հայրենիքի համար: Իրական Չարենցին պետք է ճանաչել, բացահայտել ու վերադարձնել հայ ժողովրդին, որպեսզի վերջինս, կարդալով նրա հանճարեղ բանաստեղծությունները, կարողանա ընկալել ոչ թե դրանց արտաքին կաղապարը, այլ ա՛յն, թե ինչ է դրված դրանց հիմքում։ Չարենցի բանաստեղծությունների տողատակերը հասկանալը չափազանց կարևոր է հայ հասարակության գաղափարական ճիշտ կողմնորոշման համար, որպեսզի Կարսի օրինակով Արցախն էլ կեղծ խաղաղությանը զոհաբերած նաիրադավ ու նաիրուրաց մարդկանց պատճառով հերթական անգամ Հայաստան-Նաիրին միֆ ու ցնորք չդառնա:
_____________________________________________
Հղումներ
1. Գասպարյան Դ., Ստալինյան բռնաճնշումները և հայ գրողների մարդկային ու ստեղծագործական ճակատագիրը, «Գրական թերթ», 17.11.2017, https://www.grakantert.am/archives/10720 (մուտք՝ 24.07.2022):
2. Եղիշէ Չարենց – Սողոմոնեան (1879-1938), «Հայրենիք», Մարտ 13, 1974, N 18649, http://tert.nla.am/archive/HGG%20TERT/hayreniq%20boston/1974/1974(18649).pdf (մուտք՝ 24.07.2022):
3. Հովհաննիսյան Ն., Եղիշե Չարենցը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ապառաժ», 04.04.2018, https://bit.ly/3PHCAwG (մուտք՝ 24.07.2022):
4. Չարենց Ե., Երկիր Նաիրի, Եր., 1977, էջ 10:
5. Նույն տեղում, էջ 150:
6. Նույն տեղում, էջ 148:
7. Նույն տեղում, էջ 149:
8. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
9. Չիլինգարյան-Նոհրադյան Ն., Ով է Մազութի Համոն, Եր., 2016, էջ 4:
10. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 117:
11. Չարենց Ե., նշվ. աշխ., էջ 172:
12. Հովհաննիսյան Ն., նշվ. աշխ.:
Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ
ա) Աղբյուրներ
1. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
բ) Գրականություն
1. Չարենց Ե., Երկիր Նաիրի, Եր., 1977:
2. Չիլինգարյան-Նոհրադյան Ն., Ով է Մազութի Համոն, Եր., 2016:
3. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:
գ) Համացանցային նյութեր
1. Գասպարյան Դ., Ստալինյան բռնաճնշումները և հայ գրողների մարդկային ու ստեղծագործական ճակատագիրը, «Գրական թերթ», 17.11.2017,https://www.grakantert.am/archives/10720 (մուտք՝ 24.07.2022):
2. Եղիշէ Չարենց – Սողոմոնեան (1879-1938), «Հայրենիք», Մարտ 13, 1974, N 18649, http://tert.nla.am/archive/HGG%20TERT/hayreniq%20boston/1974/1974(18649).pdf (մուտք՝ 24.07.2022):
3. Հովհաննիսյան Ն., Եղիշե Չարենցը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ապառաժ», 04.04.2018, https://bit.ly/3PHCAwG (մուտք՝ 24.07.2022):
Անի Մելքոնյան