Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր երկրի արվեստի, մշակույթի, գրականության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրհասական ժամանակներում իրենց այնպես են «պահում» կամ դրսևորում, որ կողմնակի դիտորդին կարող է թվալ, թե նրանք ոչ մի կապ ու առնչություն չունեն Հայաստանի, հայ ժողովրդի, երկրի ու հասարակության հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է: Հասկանալի է, որ ասվածն անխտիր բոլորին չի վերաբերում, բայց, ցավոք, կարող է վերաբերել շատերին: Չէինք ցանկանա առանձին 1 օրինակի վրա կենտրոնանալ, մանավանդ, որ օրինակների պակասություն չկա:
Ըստ որում, թե՛ «անվանի հայտնիների» շարքից, թե՛ ոչ այնքան հայտնի կամ նոր-նոր հայտնիության ուղի հարթողների շարքում: Բայց օրինակները, ցավոք, հաճախ խոսում են օրինաչափությունների մասին: Խնդրեմ, օրերս տեղի է ունեցել «Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի» համերգը, որին ներկա են գտնվել նաև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իսկ համերգը վարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նաև պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով: Հարցը մեդալը չէ: Թոփչյանը նաև Նիկոլ Փաշինյանին դիմել է «մեծարգո պարոն վարչապետ»-ով: Ոլորտին ծանոթ մարդիկ հարկավ տեղյակ են, որ նույն Թոփչյանը իրեն «նախկինների» ժամանակ էլ վատ չի զգացել, չգնահատված չի եղել, ի դեպ, շատ մեղմ ասած:
Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն անգամ հենց Թոփչյանը չէ: Եվ հարցը նույնիսկ իշխանությունը չէ: Լավ, Արցախի գլխին բերած աղետից հետո, Հայաստանը անդունդի եզրին հասցնելուց հետո ինչպե՞ս կարող է մտավորական մարդը նրան «մեծարգո» անվանել: Ո՞նց, էլի: Այն, որ քպական պաշտոնավորները այդպես դիմում են Նիկոլ Փաշինյանին, հասկանալի է. նրանք չունեն խիղճ, ամոթ, հայրենիք: Նրանք ուղղակի կորցնելու բան ունեն: Իսկ դո՞ւք… Գուցե Պատկանյա՞ն կարդաք, ինչպես էլ չլինի՝ գրագետ մարդիկ եք: Այդպիսի մի գործ ունի Պատկանյանը, կոչվում է «Հայերուս թուքը»:
Գուցե դրանից հետո մի հարցի կարողանաք պատասխանել՝ Հայաստան աշխարհը միայն «Եռաբլուրվածների՞նն» է, ձեր սիրտը չի՞ ցավում մեր երկրի, մեր հայրենիքի համար, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տանում է կործանման: Լավ, արդեն քանի տարի, հատկապես աղետաբեր պատերազմից հետո որևէ անգամ նույն պարոն Թոփչյանի, նման այլ մտավորականների ծպտունը դուրս եկե՞լ է, ասե՞լ են՝ այս ի՞նչ եք անում իմ երկրի հետ: Իսկ գուցե նրանց խոսքը, միավորված այլ՝ իրական մտավորականների խոսքին, իրապես հայրենասեր ու հայրենատեր մարդկանց խոսքին, ինչ-որ բան փոխե՞ր: Թե բա՝ «մեդալ», թե բա՝ «մեծարգո»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում