կարևոր
5266 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-23 10:08
Քաղաքական

Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց:

Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը եւ դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա արցախատյաց թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով եւ հանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, սակայն դա էլ չի հաջողվում: Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գյուղեր, անկլավային այլ տարածքներ, ինչպես նաեւ 2021թ.-ից օկուպացված է պահում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է:

Ապագայում սպասվելիք դժվարությունները, հարձակումներն ու ագրեսիաները որեւէ կողմի վրա բարդելու համար (որեւէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում եւ, ահա, գտել է. Արցախի ղեկավարությունն է Հայաստանում: Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, եւ առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: