կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 13:18
Տարածաշրջան

«Էրդողա՛ն, դու խոզ ես», «Վրաստանի ծարավ վամպիր». Թուրքիան ճանկում է Վրաստանի հերթական տարածքը` Մեսխեթ-Սամցխեն

«Էրդողա՛ն, դու խոզ ես», «Վրաստանի ծարավ վամպիր». Թուրքիան ճանկում է Վրաստանի հերթական տարածքը` Մեսխեթ-Սամցխեն

Արդեն օրինաչափություն են դարձել Թուրքիայի և նրա բռնապետ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծավալապաշտական հայտարարությունները՝ ի հաշիվ հարևանների և ոչ միայն: Այսպես, օրինակ, Թուրքիան աչք ունի Իրաքի և Սիրիայի հյուսիսի (որտեղ արդեն կան թուրքական զորքեր), Կիպրոսի հյուսիսի (որն արդեն օկուպացրել է), Հունաստանի հողային և ջրային տարածքների, ՌԴ-ի (Ղրիմ), Իրանի (Արևմտյան և Արևելյան Ադրբեջաններ` թյուրքախոս իրանցիներով բնակեցված), Հայաստանի, նույնիսկ՝ Ադրբեջանի տարածքների վրա:

Թուրքիայի «ձեռքից չի պլստացել» նաև մեր հյուսիսային հարևանը` Վրաստանը: Վրաստանի տարածքների նկատմամբ թուրքական ախորժակի մասին վաղուց է հայտնի. Թուրքիան Վրաստանի անկախացումից հետո սկսել էր տնտեսապես գրավել Վրաստանը` երկիրը կախվածության մեջ գցելով: Վրաստանի Աջարիան, ըստ վրացիների, դարձել է թուրքական հերթական իլը` նահանգը․ ամեն քայլափոխի մզկիթներ, թուրքական սննդի և այլ հանրային օբյեկտներ, մեծ հիմնարկություններ և այլն: Դառնալով Թուրքիայի և Ադրբեջանի համար տարանցիկ երկիր՝ Վրաստանն, անշուշտ, օգուտներ է քաղում, սակայն, դրան զուգահեռ, երկրում ավելանում են թուրք-ադրբեջանական բիզնեսները` դուրս մղելով վրացականը:

Կարելի է ասել, որ Թուրքիային հաջողվել է առանց ռազմական մեթոդների, փափուկ ուժի ու լիրայի միջոցով օկուպացնել վրացական Աջարիան: Բայց, ինչպես և սպասելի էր, Թուրքիայի ախորժակը չի բավարարվում:

Դեռևս 11-12-րդ դարերում սելջուկյան արշավանքների ժամանակ պատմական Ջավախքի հյուսիսային և հյուսիսարևմտյան տարածքներում հաստատվեցին թյուրքական փոքրաթիվ ցեղեր, քանի որ Հայաստանը նվաճելուց հետո սելջուկները լուրջ դիմադրության հանդիպեցին Վրացական թագավորության կողմից (հայտնի Դիդգորիի ճակատամարտը): Վերոնշյալ տարածքում թյուրքական ներկայությունն ավելացավ հատկապես 16-րդ դարում. 1578 թ. սկսվեց օսմանա-պարսկական պատերազմը, որի բաղկացուցիչ մասն էր նաև Կովկասյան արշավանքը` օսմանցի մեծ մեզիր Լալա փաշայի ղեկավարությամբ: Պատերազմի հետևանքով Ջավախքի մի մասը կազմող Մեսխեթը (Սամցխե) հայտնվեց օսմանյան լծի տակ: Հետագայում շրջանում տեղի ունեցան ուծացման գործընթացներ` թյուրքերը շատացան, բնիկներն իսլամացվեցին և գերակշռեց թյուրքական տարրը: 1944 թ. վրացի Իոսիֆ Ստալինը որոշում կայացրեց արտաքսել մեսխեթցի թյուրքերին` մոտ 90 հազար մարդ:

Ներկայումս թուրքական արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է համարվում թյուրքական ծագմամբ ժողովուրդների «պաշտպանությունը». օրինակ` ույղուրները Չինաստանում, թաթարները՝ Ղրիմում, ադրբեջանցիները (թյուրքախոս իրանցիներ)՝ Իրանում, ինչպես նաև մեսխեթցի թյուրքերը՝ ամբողջ աշխարհում:

Ներկայումս մեսխեթցի թյուրքերի թիվը գնահատվում է մոտ 400 հազար մարդ: Թուրքիան քայլեր է մշակում, որպեսզի նրանց աստիճանաբար տեղափոխի  բնակության նախկին վայրերը` Մեսխեթ (Սամցխե): Թուրքիայում, 2017 թ. տվյալներով, քաղաքացիություն ունի 70 հազար մեսխեթցի թյուրք, տասնյակհազարավորներ էլ սփռված են երկրի տարբեր քաղաքներում:

Անթալիայում դեկտեմբերի 12-ին, թուրքական իշխանությունների աջակցությամբ, 9-ի երկրներից մեսխեթցի թյուրքերի ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել` քննարկելու ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն կտա նրանց վերադառնալու Վրաստան:

Թուրքիայի հեռանկարն ակներև է՝ իրականացնել այն, ինչ եղել է 1938 թ. Աթաթուրքի օրոք Սիրիայի Ալեքսանդրետի սանջաքի բռնակցման ժամանակ. 1930-ական թվականների սկզբից թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները բարձրացրեցին Ալեքսանդրետի սանջաքը Թուրքիային միացնելու հարցը՝ նշելով, որ երկրամասը դարեր ի վեր եղել է թուրքական տարածք: Թուրքիան այս թեմայով հարցում ուղարկեց Ազգերի լիգա: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Բելգիայի, Նիդերլանդների ներկայացուցիչները կազմեցին սահմանադրություն Հաթայի (անունը տվել էր Աթաթուրքը) երկրամասի համար, որով այն ստացավ ինքնավարություն ֆրանսիական Սիրիայի տարածքում: Չնայած միջէթնիկական բախումներին՝ ընտրվեց օրենսդիր ժողով, որի կազմում ընդգրկված էին 22 թուրք, 9 արաբ-ալևի, 5 հայ, 2 արաբ-սուննի, 2 արաբ-ուղղափառ: 1938 թ. սեպտեմբերի 6-ին Հաթայը հռչակվեց անկախ պետություն, որի դրոշն առաջարկել էր Աթաթուրքը, պաշտոնական լեզուն դարձավ թուրքերենը (նաև՝ ֆրանսերենը), իսկ դրամական միավորը՝ լիրան: 1939 թ. հունիսին Թուրքիան բռնազավթեց Հաթայի երկրամասը՝ միացնելով Թուրքիային, և այն դարձավ Թուրքիայի 81-րդ նահանգը (իլ): Չնայած Սիրիայի բնակչության դժգոհություններին՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին գտնվող Եվրոպային և Ֆրանսիային չէին հետաքրքրում հետամնաց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

Այսպիսով՝ Թուրքիան նախատեսում է ամբողջ աշխարհում սփռված հարյուրհազարավոր մեսխեթցի թյուրքերին (պաշտոնապես նրանց թիվը 400 հազարից ավելի է) տեղափոխել Վրաստան, այնուհետև որոշ ժամանակ անց բարձրացնել նրանց «ինքնորոշման» իրավունքի հարցը ու հետո բռնակցել:

Մեսխեթի նկատմամբ թուրքական ախորժակի մասին բարձրաձայնել է անգամ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը: 2019 թ. դեկտեմբերին` մեսխեթցի թյուրքերի (թրք. Ahıska Türkleri) արտաքսման 75-րդ տարելիցի միջոցառման ժամանակ իր ելույթում նա բանաստեղծություն արտասանեց` ցուցադրելով իր երկրի նկրտումները վրացական տարածքների նկատմամբ.

«Ահըսկա, 

դու ես իմ միջի վառվող կույր կրակը,

Դու ես իմ հավերժական հայրենիքը,

Քեզ հասնելու հույսով եմ ապրել այսքան տարիներ,

Հույս  է տածում իմ անպարտելի բանակը:

Ահըսկա,

Դու թալանվել են թուրքական հայրենիքից…

Քո զավակից առանձնացվել ես, 

Մոր պես վիրավոր ես»:

Էրդողանի այս ելույթը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում: Ոմանք ծաղրում էին, որ նման «ռազմավարական գործընկեր ունեն», ոմանք նշում, որ շուտով Մեսխեթն ու Բաթումը կդառնան թուրքական՝ «Էրդողա՛ն, դու խոզ ես», «Վրաստանի ծարավ վամպիր»:

Այսպիսով, չնայած վրացական տնտեսական կայությանն ու համեմատական բարեկեցությանը` ի հաշիվ թուրք-ադրբեջանական փողերի, Վրաստանը ոչ հեռու ապագայում բախում կունենա իր ռազմավարական գործընկերների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ` հերթական անգամ պայքարելով երկրի թյուրքացման դեմ:



Ա. Եղիազարյան

Yerkir.am