կարևոր
943 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-25 17:05
Հասարակություն

Շավարշ Միսաքյանի պատմական հարցը՝ուղղված Միմարօղլուին

Շավարշ Միսաքյանի պատմական հարցը՝ուղղված Միմարօղլուին

Պատմաբան Ումիթ Քուրթի «Օրենքի և կարգավորումների վարչությունում. ցեղասպանության տեխնոկրատ Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուի հետքերով՝ Օսմանյան շրջանից մինչև հանրապետություն պետական ​​մեխանիզմը» վերնագրով նոր ուսումնադիրությունը վերջին շաբաթներին լույս է ընծայել «Արաս» հրատարակչությունը։ Քուրթը կենտրոնացել է 1915 թ ապրիլի 24-ի ձերբակալությունները և դրան հաջորդած ցեղասպանությունը «որպես սեղանապետ» իրականացրած կարևոր պաշտոնյաներից մեկի, հետագայում ընդհուպ պետխորհրդի նախարարի աստիճանի բարձրացած – Մուսթաֆա Ռեշաթ Միմարօղլուի կյանքին, թե ինչպես նա օրինականացրեց հայերի տեղահանությունը և իր հարցաքննած Շավարշ Միսաքյանի հետ նրա «պատմական» հանդիպմանը։

-Ի՞նչ տեսանկյունից եք կարևորել Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուին ու նրա կյանքը և որոշել գիրք գրել նրա մասին:

-Հիմնականում ամբողջ պատմությունը սկսվեց պատմաբան Դեյվիդ Սեզերանիի Ադոլֆ Այքմանի կենսագրությունից։

Հայտնի SS-ի սպա Ադոլֆ Այքմանը հանցագործ էր, որը տառացիորեն հետևում էր հարյուր հազարավոր հրեաների մահվան ճամբարներ ուղարկելու հրամաններին: Հետաքրքիրն այն է, որ Այքմանի անունը կարծես ոչ ոքի ուշադրությունը չգրավեց 1945 թ․ նոյեմբերին, երբ նացիստները պարտվեցին պատերազմում, և դաշնակիցները գործողություններ ձեռնարկեցին նրանց պատժելու համար։ Ինչպես հայտնի է, այս իրավիճակը փոխվեց, երբ Այքմանը 1960 թ․ Բուենոս Այրեսում առևանգվեց իսրայելական հետախուզության կողմից կազմակերպված գործողության արդյունքում, բերվեց Երուսաղեմ և ողջ աշխարհի աչքի առաջ դատվեց։ Այքմանը պատմության մեջ մնաց որպես «գրասենյակային մարդասպան», չնայած ինքը երբեք զենք չի վերցրել և իր ձեռքով ոչ մի հրեայի չի սպանել:

Հաննա Արենդտը, ով «New Yorker» թերթի համար 1961 թ․ ուշադիր հետևել է այս գործին, Այքմանին, ով բազմիցս հայտարարել է, թե ինքը ոչ մի հրեայի չի սպանել, որ առանձնահատուկ ատելություն չունի հրեաների նկատմամբ, որ ինքը խնդիր չունի հրեաների հետ, և որ նա կատարում էր միայն իրեն տրված հրամանները, նրա պատասխաններից գտնում էր, որ Այքմանը «անկեղծ» է և ճշմարտությունն է ասում։ Ըստ Արենդտի, Այքմանը ոչ հավակնոտ վարչարար էր, ինչպես նկարագրում է նրան՝ նա ընդամենը մի փոքրիկ անվիկ էր լայն և հսկայական կործանիչ մեխանիզմի մեջ, որին հեշտությամբ կարելի էր փոխարինել մեկ ուրիշով: Նա պաշտոնյայի/բյուրոկրատի/տեխնոկրատի մտածելակերպով հասարակ մարդ էր, ով ամբողջությամբ ենթարկվել էր ամբողջատիրական համակարգին։

Այս շրջանակներում, որը փորձում էի ստեղծել, հանդիպեցի Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուին՝ որպես այն պատմական դերակատարի, ում պետք է դիտարկել Հայոց ցեղասպանության համատեքստում, և ով այս ուսումնասիրության առարկան է։

-Ո՞վ է Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն։

-Մուստաֆա Ռեշաթը, որպես երիտասարդ պաշտոնյա, ով Ներքին գործերի նախարարությանն առընթեր քաղաքական վարչության պետն էր, իր հետ նույն բաժնում ծառայած այլ սպաների հետ ակտիվ դերակատարություն ունեցավ Հայոց ցեղասպանության մենկարկի՝ 1915 թ․ ապրիլի 24-ի ձերբակալությունների ծրագրման, կազմակերպման և իրականացման գործում՝ դրանով իսկ հեշտացնելով քաղաքական որոշումներ կայացնողների աշխատանքը։ Զինադադարից հետո տեղի ունեցած դատավարությունների շրջանակներում նրան ուղղված ամենամեծ մեղադրանքը եղել է այն, որ նա խոշտանգել է ձերբակալվածներին հարցաքննության ժամանակ։ Նույն Ռեշաթը ակտիվ դերակատարություն է ունեցել Թալեաթ փաշայի՝ Անատոլիայի հայերի արտաքսման հրամանների կազմակերպման և իրականացման գործում։ Արևելյան գավառներ կատարած իր այցելությունների ժամանակ նա հետևում է տեղահանությանը և վերահսկում այս գործընթացը։ Նրան, որպես խնդիրներ լուծող տեխնոկրատի, ուղարկեցին այն շրջաններ, որտեղ տեղահանության ընթացքը դանդաղել էր, և այս առումով նա «վաստակեց» Թալեաթի վստահությունը։ Բացի այդ, Մուստաֆա Ռեշաթը նաև քրտնաջան աշխատել է տեղահանված հայերի ունեցվածքի ուղղությամբ։

Այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հայերենի իմացությունը, այս լեզվին վարժ տիրապետելը, մանկուց հարևանության միջոցով հայ համայնքի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները և համայնքն այս մակարդակով ճանաչելը, չեն վրիպում Թալեաթ փաշայի աչքից։ Նա վերածվեց ցեղասպան տեխնոկրատի՝ որպես գավառապետ, նահանգապետ, վարչարար և պաշտոնյա, և պատմության մեջ մտավ որպես հայերի բնաջնջման գործընթացում վճռորոշ շեմի՝ 1915 թ․ ապրիլի 24-ի ձերբակալություններն իրականացրած պաշտոնյա։ Նա ուներ մի մտածողություն, որը գործում էր ամբողջովին պարտքի զգացումով, չէր անցնում հիերարխիայի սահմաններից և հիմնված էր հնազանդության վրա: Սակայն, բացի այս կարիերիզմից ու պարտքի գիտակցումից, պետք է նկատի ունենալ, որ նա իր գործողությունները վճռել և իրականացրել է հայրենիքի և ազգի բարօրության իդեալի շուրջ։

Ըստ էության, նորաստեղծ Հանրապետության կադրերը լի են Մուստաֆա Ռեշաթի նման բյուրոկրատներով։ Այս տեսանկյունից պնդում եմ, որ նոր ռեժիմը «Հանցագործների Հանրապետություն» է։ Ցեղասպանության հեղինակ Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն, ում անունը, համբավն ու արարքները մի քանի նախադասությամբ նկարագրված են արխիվներում, այս նոր ռեժիմի Պետական ​​խորհրդի նախագահն էր։ Թեև նրա անունը մի քանի նախադասությամբ հիշատակվում է թղթապանակների կույտերի մեջ՝ նրա կարիերան և արարքների հետևանքները նրան դարձնում են պատմական կարևոր գործիչ:

-Չնայած Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն իրականում իթթիհադական էր, հանրապետական ​​վարչակարգում իր համար կարևոր տեղեր էր գտնում։ Ինչպիսի՞ զարգացումների դեպքում է դա հնարավոր։ Արտառոց չէ, որ իթթիհադական ​​կադրերը մաս են կազմում նոր ռեժիմին, ըստ էության, որոշակի առումներով շարունակականություն կա, բայց դա՝ ոչ բոլոր դեպքերում։ Ի՞նչ բալանսի դեպքում Միմարօղլուն կարող էր շարունակել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխատակազմում։

-Փորձեմ այս հարցին պատասխանել մի պատմական անեկդոտով։ 1981 թ․ Թալեաթ փաշայի կնոջը՝ Հայրիյե խանումին, հերթական անգամ այցելած գրող, լրագրող Մուրադ Բարդաքչըին ուղեկցում էր նաև հանրապետության նախկին նախագահ Ջելալ Բայարը։ Բարդաքչըն հիշում է, որ ինքը բավականին զարմացած էր այն քաղաքավարությունից, որ Բայարը ցուցաբերել էր տիկին Հայրիյեի հետ զրուցելիս՝ նրան դիմելով «Ձերդ մեծություն տիկին» և «եթե բարեհաճեք» խոսքերով։ Երբ այցելությունից հետո նրանք դուրս են եկել, Բարդաքչըն հարցրել է Բայարին. «Պարոն, դուք հանրապետության նախագահ եք, ինչո՞ւ եք այդ աստիճան հարգանք ցուցաբերում», և պատմության մեջ մտած պատասխան է ստացել։ Բայարը Բարդաքչըին պատասխանել է. «Նա շեֆիս կինն է»։

Ահա՝ Մուստաֆա Ռեշաթը՝ Ջելալ Բայարի «շեֆ» Թալեաթ փաշայի ձեռքի տակից դուրս եկած տեխնոկրատներից մեկը, ով բոլոր դեպքերում լավ ծառայում էր նրան, կիսում էր նրա իդեալները և հավատարիմ էր Միություն և առաջադիմություն կոմիտեին։ Նա և իր նմանները տեղ գտան նոր ազգային պետության բարձրագույն պաշտոններում, որի հիմնադիր առաջնորդն էր Մուստաֆա Քեմալը, և առանցքային դեր խաղացին նոր ռեժիմի համախմբման գործընթացում:

Այս սերնդի անդամները, որոնցից շատերը եկել էին Ռումելիի տարածքներից և ականատես էին եղել 1912 թ․ հետո Բալկաններում տեղի ունեցած ավերածություններին, միշտ արժանացել էին Մուստաֆա Քեմալի բարեհաճ վերաբերմունքին: Թալեաթի «մարդիկ»՝ այս նախկին իթթիհադականները, կազմում էին Մուստաֆա Քեմալի նորաստեղծ հանրապետական ​​վարչակարգի էլիտար դասը։ Սա մեզ ցույց է տալիս Ցեղասպանության ոչ միայն կործանարար, այլեւ կառուցողական, հիմնադիր ազդեցությունը։ Կադրային այս շարունակականությունը ցույց է տալիս, որ, ինչպես պնդում է պատմաբան Հանս-Լուկաս Քիսերը, նոր Թուրքիան առաջացել է ոչ միայն Թալեաթի, այլ նաև այդ մարդկանց շնորհիվ։ Քանզի այս տեխնոկրատ-բյուրոկրատների գործողություններն ու գաղափարները կարևոր դեր են խաղացել իրենց հասարակության ձևավորման գործում։

Անշուշտ, այստեղ պետք է ընդգծել, որ խնդրո առարկա իթթիհադական բյուրոկրատները, տեխնոկրատները և պաշտոնյաները տարբերվում էին 1926 թ․ Իզմիրի մահափորձով լուծարված իթթիհադական խմբից, և որ նրանք շատ լավ հասկացան քաղաքական իշխանության պայքարի այդ գործընթացը և իրենց հեռու պահեցին դրանից:

Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն, ով իր քաղաքացիական ծառայության, բյուրոկրատական ​​կարիերան սկսել է որպես կայսերական բյուրոկրատ, և որին  նկարագրել եմ որպես Թալեաթ փաշայի իրականացրած ցեղասպանության տեխնոկրատ, իր համար նորաստեղծ ազգային պետության աշխատակազմում, այսինքն հանրապետական ​​վարչակարգում է ընդգրկվել և նշանակվել շատ բարձր պաշտոնում, վերոնշյալ Պետական ​​խորհրդի նախագահն է եղել։ Այս փաստը չի կարող դիտարկվել այն պատմական համատեքստից անկախ, որը փորձում եմ ներկայացնել: Այս  կարծում եմ, որ երկու կարևոր պատմաբաններ, ինչպիսիք են Էրիկ Յան Ցյուրխերը և Ֆերոզ Ահմադը, ովքեր երկար ժամանակ զբաղվել են համապատասխան գրականությամբ՝ քննարկելով այն ցածր և միջին մակարդակի տեխնոկրատների կյանքի պատմությունները, ինչպիսին է կուսակցական պաշտոնյա Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն, կարիերայի և գործողությունների վերլուծությունը, ավելի կոնկրետ տվյալներ են տալիս Միություն և առաջադիմություն կուսակցության և Հանրապետության վարչակարգերի միջև մտավոր, գաղափարական և կադրային շարունակությունների կամ ընդմիջումների վերաբերյալ:

Բացի Միություն և առաջադիմություն կուսակցության հիերարխիայի գագաթին և միջուկում տեղ գտած Թալեաթից, Էնվերից, Ջեմալից, Բեհաեդդին Շաքիրից, դոկտ. Նազըմից, Զիյա Գյոքալփից, դոկտոր Ռեշիդից և այլ հանցագործներից, ովքեր կազմակերպել են ջարդերը և աչքի են ընկել որպես «գաղափարական էլիտաներ», Մուստաֆա Ռեշաթի, Ալի Ռըզա Օղեի, Հուսեյին Ազիզ Աքյուրեքի և այլոց պես «տեխնոկրատ հանցագործների» վրա կենտրոնացումը, ովքեր ապահովել են ոչնչացման քաղաքականության տեխնիկական և բյուրոկրատական ​​գործողությունն ու արդյունավետությունը, այլ ոչ թե գործել են գաղափարական դրդապատճառներով, կարող է նոր ուղիներ բացել գրականության մեջ՝ Հայոց ցեղասպանությունը կոլեկտիվ բռնության այլ իրադարձությունների հետ համեմատելու առումով։

-Կարելի՞ է նման տեխնոկրատների օրինակներ էլ ներկայացնեք։

-Օրինակ, Հուսեյին Ազիզ Աքյուրեքը ևս մի պաշտոնյա է, ով ունի Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուի նման կարիերա և նրա գործընկերն էր։ 1882 թ․ ծնված Հուսեյին Ազիզը, Մուստաֆա Ռեշաթի պես, ավարտել է քաղծառայության բարձրագույն դպրոցը 1899 թ․ և 1903 թ. աշխատանքի է անցել պետխորհրդի գրասենյակում՝ որպես պաշտոնյա։ Մի քանի շրջաններում, որպես Միություն և առաջադիմություն կոմիտեի անդամ, գավառապետի պաշտոնում ծառայելուց հետո, 1914 թ․ օգոստոսի 6-ին նշանակվում է Անվտանգության գլխավոր վարչության քաղաքական բաժնի տեղակալ և այդպիսով դառնում Մուստաֆա Ռեշաթի օգնականը։ Նույն Աքյուրեքը 1916 թ․ ապրիլի 24-ին պաշտոնի է նշանակվել Անվտանգության գլխավոր տնօրինությունում։ Ենթադրվում է, որ այս պաշտոնում եղած ժամանակ նա եղել է Էնվեր փաշայի կողմից 1913 թ․ նոյեմբերին Ռազմական նախարարության ներքո ստեղծված Հատուկ կազմակերպության (Teşkilat-ı Mahsusa) առաջին հինգ վարչարարների թվում: Զինադադարից հետո նա եղել է Միություն և առաջադիմություն կոմիտեի այն ղեկավարների թվում, որոնց Ռազմական դատարանը 1919 թ․ ապրիլի 27-ին հեռակա կարգով դատապարտել է։ Հուսեյն Ազիզ բեյը պատասխանատու է պատերազմի ժամանակ Teşkilat-ı Mahsusa-ի գործողությունների համար։ Այն ընթացքում, երբ նա Գերմանիայում փախուստի մեջ էր, 1920 թ․ օգոստոսին նրա դեմ դատական գործերը փակվեցին Ռազմական դրության դատարանի վերացմամբ։ 1922 թ․ սեպտեմբերի 24-ին նշանակվել է հունական օկուպացիայից նոր ազատագրված Սարուհան սանջակի մյութեսարիֆ։ Այնուհետև 1923 թ․ օգոստոսին դարձել է Իզմիրի նահանգապետ, իսկ 1924 թ․ դեկտեմբերին՝ Իզմիրի քաղաքապետ։ 1927 թ․ համընդհանուր ընտրություններում Էրզրումից պատգամավոր ընտրված Հուսեյին Ազիզ բեյը խորհրդարանում է եղել ընդհուպ մինչև 1946 թ․։ 1947 թ․ մայիսի 29-ից աշխատել է որպես Հիմնադրամների գլխավոր վարչության տնօրենների խորհրդի նախագահ։

Դրանից առաջ Իզմիրի նահանգապետ Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան բիթլիսահայերի տեղահանության և կոտորածի համար պատասխանատուներից է, Ցեղասպանության հանցագործ և բյուրոկրատ: 1916 թ․ Հալեպի կառավարիչ դարձած Մուստաֆա Աբդուլհալիք բեյը մեծ ոգևորությամբ ու եռանդով իրականացրեց այնտեղի հայերի տեղահանությունը դեպի Դեր Զոր։ Զարմանալի չէ, որ 1922 թ․ սեպտեմբերին Իզմիրի հրդեհից հետո այս երկու անունները, որոնք Թալեաթ փաշայի ամենավստահելի պաշտոնյաներից էին, ղեկավարում է քաղաքը, քանի որ Մուստաֆա Ռեշաթն էլ ներառյալ՝ այս երեք տեխնոկրատները Թալեաթի շրջանի/թիմի/դպրոցի մարդիկ էին՝ նրա «շրջանավարտները»։ Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան ևս հանրապետության վարչակարգի աշխատակազմում Թալեաթ փաշայի քվոտայից իր համար տեղ գտավ բարձրաստիճան պաշտոններում, ինչպիսիք են նահանգապետը, նախարարը, խորհրդարանի անդամը և ԹԱՄԺ նախագահը:

-Ուշագրավ է, որ Միմարօղլուն խոսում էր հայերեն։ Նա այն մարդկանցից է, ով անձամբ է ղեկավարել 1915 թ ապրիլի 24-ի ձերբակալությունները։ Սակայն այդ գիշեր, այսինքն՝ ապրիլի 24-ի գիշերը, Շավարշ Միսաքյանին չի հաջողվել գտնել և նա երկար ժամանակ թաքնվել է։ Տարիներ անց Միսաքյանը պատասխանում է Միմարօղլուի՝ իր նկատմամբ հնչեցրած մեղադրանքներին՝ կապված իր ձերբակալությունից հետո հարցաքննության հետ։ Կարծում եմ, որ սա ձեր գրքի ամենահետաքրքիր հատվածներից է: Այստեղ կարելի՞ է խոսել պատմական հանդիպման մասին։ Քանզի նրանց միջև երկխոսությունը նույնպես շատ ուշագրավ է։ Այսինքն՝ հարցաքննության ժամանակ Միսաքյանի պնդումը, թե «Եթե հայկական խռովարարները մեղավոր էին,ամբողջ ժողովրդին այրելու ու անապատներ քշելու փոխարեն՝ միայն նրանց հետեւից ընկնեիք», ու Միմարօղլուի պատասխանը…

-Սա միանշանակ «պատմական հանդիպում» է։ Կարծում եմ շատ լավ արտահայտեցիք։ Փաստորեն, այս հանդիպումը ինչ-որ առումով բացահայտում է, թե ինչպես են երկու «կողմերը» քննարկում Հայկական հարցը։ Ինչ-որ առումով դա հանցագործի և նրա զոհի հանդիպումն է: Միսաքյանի հուշագրությունը պատասխան է Մուստաֆա Ռեշաթի՝ հայերի, «դավաճանության» մասին պնդումին, իր գործունեության վերաբերյալ վերջինիս բոլոր պնդումներին և առաջ քաշած պատմական խոսույթին։ Ուստի այստեղ ականատես ենք լինում Միսաքյանի հուշերի հանդիպմանն ու առերեսմանը Մուստաֆա Ռեշաթի «Տեսածներս ու ապրածներս» վերնագրով հուշերի հետ, որը այս գրքի կարևոր աղբյուրներից է։

Զինադադարից հետո Փարիզում հաստատված Շավարշ Միսաքյանը իմանալով, որ և՛ Մուսթաֆա Ռեշաթը, և՛ Ալի Ռըզա Գյունդեն իրենց հուշերն են հրատարակել, և դրանք 1935 թ․ մարտին հերթով տպագրվել են այն ժամանակվա թերթերից մեկում՝ «Zaman»-ում, արձագանքել է այդ հուշերում իրեն վերաբերող հատվածներին և երկու կողմերի պնդումներին՝ նույն թվականի «Յառաջ» թերթում տպագրելով իր հուշերը։ Միսաքյանն ամենասկզբում հայտնում է, որ այն, ինչ պատմել են Մուստաֆա Ռեշաթը և Ալի Ռըզան՝ իր ձերբակալությունից մինչև հարցաքննություն, ռազմական դատարան և զինադադարի ժամանակ ազատ արձակվելը, ոչ ճշմարիտ և անհիմն մեղադրանքներ են։ Ապա նա հերթով պատասխանում է այդ մեղադրանքներին։ Միսաքյանի հուշերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ և առանցքային դեր է խաղացել Մուստաֆա Ռեշաթը 1915 թ․ ապրիլի 24-ի գործողության մեջ և սա կարևոր է «ցեղասպանության տեխնոկրատ/բյուրոկրատ» հասկացության կոնկրետացման և լրացման առումով՝ հատկապես Մուստաֆա Ռեշաթի դեպքում, որի շրջանակը սկզբում փորձեցինք գծել։

Ինչպես նշեցիք, տարբեր խոշտանգումների միջով անցնելուց հետո, մոտ երեք ամիս կոմիսարիատի բանտում մնացած Շավարշ Միսաքյանը հարցաքննություններից մեկի ժամանակ, երբ Մուստաֆա Ռեշաթին ասել է «Եթե հայ հեղափոխականները մեղավոր էին, պիտի միայն նրանց հետևից ընկեիր, այլ ոչ թե ամբողջ ժողովրդին վառեիր ու քշեիր անապատները» խոսքերը, Մուստաֆա Ռեշաթ բեյը նրան տվել է պատմության մեջ մտած հետևյալ պատասխանը. «Վերքը փտախտ էր դարձել… Հնչակ, դաշնակ՝ սրանցից ոչ մեկը ինձանից գաղտնի, թաքուն չի կարող լինել։ Ինչ էլ արվի, հինգ տարեկան երեխան մեծանում է ու նույն ճանապարհն է շարունակում։ Հիմա Սիրիայում հանգիստ կլինեք, արաբներն ավելի լավն են, գնացեք նրանց հետ լեզու գտեք»։

Այս երկուսի խոսակցությունն իրականում վկայում է այն մասին, թե Մուստաֆա Ռեշաթը, որպես ոստիկանության պաշտոնյա և բյուրոկրատ/քաղաքացիական ծառայող, ինչ աստիճան ծանոթ է «Հայկական հարցին»: Բացի դրանից այն բառերը, որոնք ընտրում և օգտագործում է Մուստաֆա Ռեշաթ բեյը հարցը սահմանելիս և խնդիրը սեփական բառապաշարով ախտորոշելիս, տպավորիչ են որոշումներ կայացնող քաղաքական դերակատարների ղեկավարությամբ աշխատող բյուրոկրատի/տեխնոկրատի մտածելակերպը հասկանալու համար: Հայկական հարցը, որը Թալեաթ փաշայի խոսքերով «փորձանք է, որը պետք է իսպառ վերացնել», տեխնոկրատ Մուստաֆա Ռեշաթի համար փտախտի վերածված մի վերք է, որը պարտավոր է ամբողջությամբ ենթարկվել իրեն. այս վերքը/փորձանքը ամբողջությամբ վերացնելու միակ միջոցը այն անդամահատելն է։ Ուշագրավ է այս երկու պատմական գործիչների՝ մեկը քաղաքական գործիչ, մյուսը՝ բյուրոկրատ/տեխնոկրատ, մոտեցումների մտավոր շարունակականությունն այս հարցում։ Հենց այսպես է առաջանում այն ​​հասկացությունը, որը մենք անվանում ենք raison d’état, կամ պետության դրդապատճառ:

-Արդյո՞ք Միմարօղլուն տարիներ անց ընդունում է, որ հայկական կոտորածի հարցում սխալներ է գործել, թե՞ շարունակում է ապրել այն դիրքորոշմամբ, որն արդարացված է համարում այս բոլոր գործողությունները։

-«Ես որևէ հանցանք չունեմ. ես ոչ այլ ինչ եմ, քան պաշտոնյա, ով իր պարտականությունը կատարել է օրենքների ու կանոնակարգերի շրջանակներում»։ Ահա այսպես է պատասխանում կալանավորված Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն՝ զինադադարից հետո հարցաքննության ժամանակ իրեն առաջադրված մեղադրանքներին։ Նա, ինչպես ամեն մի պաշտոնյա, բյուրոկրատ կամ տեխնոկրատ, պարտավոր է կատարել իր պարտականությունները, ինչպես պահանջում են օրենքներն ու կանոնակարգերը և առանց հարցերի կատարել իր վերադասի հրամաններն ու ցուցումները: Քանզի, ինչպես շեշտում է Ահմեդ Էմին Յալմանը, նա պետական ​​ծառայող է, ով «պատրաստ չէ մազ անգամ շեղվել օրենքից»։

Այնուամենայնիվ, երբ մենք նայում ենք Մուստաֆա Ռեշաթի գործողություններին նրա հուշերի պրիզմայով, որոնք փորձեցինք ներկայացնել վերևում, կարելի է նկատել, որ նա տեղյակ էր իր գործողությունների, իր ընտրության և դրանց հետևանքների մասին: Ադոլֆ Այքմանը ևս պաշտպանություն գտավ այն խոսքերի հետևում, թե ինքը երբեք հակասեմիտ չի եղել, որ իր զգայուն էությունը չի կարող դիմանալ դիակների և արյան տեսքին, որ ինքը անձամբ որևէ առնչություն չունի հրեաների ոչնչացման հետ, և որ իր աշխատանքի նկարագրին պետք է հետևեր, և թե ինչ է կատարվում՝ այդ մասին զեկուցեր իր վերադասներին: Ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին դեպի մահ տանող Մուստաֆա Ռեշաթի գործողությունները նրա համար ժամանակակից բյուրոկրատական ​​կազմակերպությունում սովորական վարչական ընթացակարգերից էին։ Այս առումով դժվար է ասել, որ Վեբերի կողմից ժամանակակից բյուրոկրատիայի համար օգտագործվող «երկաթե վանդակ» փոխաբերությունը կիրառական է Միմարօղլուի համար, քանի որ նա բավականին պատրաստակամ և գիտակցորեն է կատարել իրեն տրված խնդիրը և նույնիսկ իրեն իրավասու է զգում այս հարցում։

Հայոց ցեղասպանությունը պատմական համատեքստում կիրառելով՝ ուսումնասիրում ենք, թե ինչ գործընթացի և վարչական մեխանիզմների շնորհիվ է հնարավոր դարձել Ցեղասպանությունը. կարևոր է ուսումնասիրել Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուին և նրա գործողությունները, որպեսզի հասկանանք, թե ինչպես են այդ մեխանիզմների գլխին կանգնած տեխնոկրատները հեշտացրել որոշում կայացնողների աշխատանքը և, ամենակարևորը, ինչպես է տեղի ունեցել այս աղետը ժամանակակից բյուրոկրատական ​​կառույցում։

Հիմնական կետն այստեղ այն է, որ փորձենք հասկանալ, թե ինչպես է միջին մակարդակի բյուրոկրատը դառնում ցեղասպանության անիվի ցանկացող և կամավոր ատամնանիվը. իրադարձության դժվարությունն ու բարդությունն ավարտվում են հենց այստեղ։

Ի վերջո, Մուստաֆա Ռեշաթը բյուրոկրատ հանրապետական ​​վերնախավ է, ով զղջման նշաններ չի ցուցաբերում հայերին պատուհասած աղետում իր անմիջական դերի և իր ստանձնած պարտականությունների առնչությամբ, և նույնիսկ գիտակցում և հպարտանում է իր արածներով, կարծում է, որ կատարել է այնպիսի սուրբ պարտականություն, ինչպիսին «հայրենիքին ծառայելը»: Ըստ էության, Մուսթտաֆա Ռեշաթ Միմարօղլուի կյանքի պատմությունը և հատկապես Ցեղասպանությունից հետո նրա կարիերան ցույց են տալիս, որ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ՝ քեմալական կադրերի կողմից ձևավորված նոր ազգային պետությունը, որոնց մեջ մեծ թվով իթթիհադականներ կային՝ «Հանցագործների Հանրապետություն» է, և դա բացահայտում է հստակ, բաց ու կոնկրետ ձևով։

Նոր ժամանակակից ազգային պետությունը և հանրապետական ​​վարչակարգը հիմնված է այս սերնդի վերին, միջին, ստորին-միջին և ցածր մակարդակի բյուրոկրատ-տեխնոկրատ կադրերի, ինչպիսիք են Շյուքրյու Քայան, Թահսին Ուզերը, Աբդուլհալիկ Ռենդան, Ալի Ռըզա Օղեն, Զեյնալ Աբիդին Օզմենը, Հուսեյն Ազիզ Աքյուրեքը, Էսաթ Ուրասը և Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն, աշխատանքի, ջանքերի, գործողությունների և մտածելակերպի վրա։ Քննարկվող անձինք, հատկապես Մուստաֆա Ռեշաթը, մեծապես պարգևատրվեցին իրենց «ջանքերի» համար։

-Հանրապետության սկզբնական տարիներին նաև պաշտոնական պարտականություններ էր կատարում այն ​​շրջաններում, որտեղ մեծապես ապրում էին քրդերը, և կիսվում էր իր դիտարկումներով: Ի՞նչ դիրքորոշում ուներ այս հարցում։

Մուստաֆա Ռեշաթի դիրքորոշումն այս հարցում փորձել եմ մանրամասնել գրքի «Հանրապետական ​​ժամանակաշրջանը և արևելյան տեսչությունը» վերնագրված գլխում։ Մուսթաֆա Ռեշաթը 1923 թ․ ՆԳՆ-ի կողմից նշանակվել է Դիարբեքիրի երկրորդ դասի քաղաքացիական տեսուչ։ Առաջնային տեսչական կենտրոնը Սղերդն էր։ Դրանից բացի ներառված էին Բիթլիսը, Գենչը, Մուշը, Վանը և Հաքքարին։ Հետագայում դրանց ավելացան Դիարբեքիրը, Մարդինն ու Սիվերեքը։ Ուշագրավ են Մուստաֆա Ռեշաթ բեյի փաստերն ու դիտարկումները արեւելյան գավառների մասին։ Ազգագրական աշխատանք կատարող հետազոտողի պես՝ նա մանրամասն տեղեկություններ է հավաքում իր աշխատած, ճանապարհորդած, տեսած ու անցած վայրերի մասին։ Կարևոր նշումներ է անում այդ վայրերի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային և սոցիալ-քաղաքական կառուցվածքի վերաբերյալ: Նա գիտի այս շրջանները գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, շեն առ շեն։

Նրա հավաքած տեղեկատվությունը, որպես տեսուչ ստացած դիտարկումներն ու տպավորությունները հիմք են հանդիսացել ապագայում արևելյան գավառներում պետության կողմից իրականացվող քաղաքականության համար։ Մուստաֆա Ռեշաթը, առնվազն այդ շրջանների ցամաքային հետազոտությունները կատարելիս շատ արևելա-քաղաքակրթական և մոդեռնիստական ​​տպավորություններ ունի։ Միմարօղլուն պնդում է, որ այս շրջաններ կառավարության ազդեցությունը չի գործում և չի կարող մտնել. դրանք նկարագրում է որպես զարգացման, բարելավման, «բարեկարգելու» և «քաղաքակրթելու» կարիք ունեցող վայրեր։

Կարելի է ասել, որ Քրդստանի աշխարհագրության վերաբերյալ Մուստաֆա Ռեշաթի զեկույցներում ընդգրկված դիտարկումները և նրա որդեգրած մոտեցումը գերակշռում էին տարածաշրջանի և քրդական խնդրի վերաբերյալ պետության տեսակետում մինչև 1990-ականների վերջը։

-Ի՞նչ է ասում այդ մասին։

-Նրա մոտեցման հիմքում ընկած է այն, որ քրդերը տառապում են ֆեոդալական ցեղային կառուցվածքից իրենց ապրած շրջանում, և որ նրանք ապրում են տնտեսապես թերզարգացած և ոչ քաղաքակիրթ համակարգում. կա ըմբռնում, որ այդ խնդիրները կարող է լուծել պետությունը, որը զարգացնում է տարածաշրջանը սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակներում, արդիականացնում է տնտեսական գործունեությունը և վերականգնում տարածաշրջանի բնակչությանը։ Այդ իսկ պատճառով ժողովրդավարացման առանցքի վրա քրդերի բարեփոխումների պահանջները, որոնք շարունակվում են 19-րդ դարի վերջից մինչև այսօր, խեղդվել են այս տնտեսական ռեդուկտիվիստական, ցենտրալիստական, մոդեռնիստական ​​և էտատիստական ​​մտքի/մտածողության կողմից։ Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն այս մտածելակերպի առաջին սերմերը ցանեց, ինչ-որ իմաստով կրեց դրա բեռը և առատ զինամթերք ապահովեց։ Մասնավորապես, քրդերի պահանջները՝ անվտանգ, խաղաղ և հավասար քաղաքացիության հիման վրա ապրելը և դրա երաշխավորումը սահմանադրությամբ, և հայերի պահանջները՝ բարեփոխումների իրականացումը աբդուլհամիդյան շրջանից մինչև Իթթիհադ՝ լուրջ նմանություններ ունեն։ Փաստորեն, Մուստաֆա Ռեշաթի տեխնոկրատական ​​ինքնության մեջ մարմնավորված և ներկայացված քրդական հարցի և դրա շուրջ ձևավորված քաղաքականության վերաբերյալ պետության գերիշխող հարացույցին նախորդել են տեղահանությունը, ջարդերն ու բնաջնջումը՝ հայերի դեպքում, իսկ քրդերի դեպքում տեղի են ունեցել բռնի ճնշում, ոչնչացում, ժխտում և ուծացում: Պետական ​​մտածելակերպի այս շարունակականության առաջին ուրվագիծներից մեկը Մուստաֆա Ռեշաթն էր։

Այս բոլոր մանրամասն զեկույցները, ծրագրերն ու տեղեկությունները նա ներառել է իր հուշերում։ Եթե նկատի ունենանք, որ պետական ​​պաշտոնյաները և բյուրոկրատիան Թանզիմաթի ժամանակաշրջանից ի վեր որդեգրել են կենտրոնական, մոդեռնիստական, ընտելացնող, բարեփոխող և քաղաքակրթական դիսկուրսներ և քաղաքականություն դեպի Արևելք և հարավ-արևելք, մյուս կողմից էլ նայելով Մուստաֆա Ռեշաթ բեյի էթնո-ժողովրդագրական սոցիալական ինժեներական նախագիծը՝ ուղղված քրդերի համակարգված ձուլման՝ վերը նշված Գլխավոր տեսչությունը հաղորդմանը, հատկապես 1925 ․ սեպտեմբերի 25-ով թվագրված Արևելյան բարեփոխումների ծրագիրը՝ դժվար չէ պնդել, որ նա այն բյուրոկրատներից էր, ովքեր դրեցին 1934 թ․ հունիսի 14-ի «Հաշվառման մասին» օրենքի և 1935 թ․ Թունջելիի (Դերսիմ-Ակունքի խմբ․) օրենքի հիմքերը։

Միմարօղլուն Ներքին գործերի նախարարություն է ներկայացրել զեկույցները, որոնք պարունակում են տեղեկատվություն և տվյալներ այդ շրջանների ազգագրական, մարդաբանական, ժողովրդագրական, երկրաբանական, տնտեսական և սոցիալական բնութագրերի վերաբերյալ, ինչպես ընդգծել է Զաֆեր Թոփրաքը, կարելի է պնդել, որ այն բացահայտում է «օպերացիայից» առաջ և հետո Դերսիմի սոցիալական կառուցվածքը։ Երբ համեմատվում են Նեջմեդդին Սահիր Սուլանի արխիվը և արևելյան զեկույցները, Սուլանի պատրաստած զեկույցները Թունջելի (Դերսիմ) նահանգի և նրա շրջանների վերաբերյալ, ինչպես նաև այս զեկույցներում ներկայացրած տեղեկատվական ռեպերտուարը Միմարօղլուի հետ, որը նրա պես տեխնոկրատ/բյուրոկրատ է, դրանք պարունակում են կոնկրետ նմանություններ։ Այս իմաստով կարելի է ասել, որ Մուստաֆա Ռեշաթի հավաքած և քաղաքական վերնախավերին ներկայացված ընդարձակ տեղեկատվությունը կարևոր հուշումներ է տալիս «Արևելյան հարցի» վերաբերյալ։ Փաստորեն, նշված շրջաններում, հատկապես Դերսիմում, 1927 թ․ ստեղծվել են Գլխավոր տեսչություններ։ Գլխավոր տեսուչները, ինչպես Մուստաֆա Ռեշաթ բեյը, զեկույցներ են ներկայացնում Ներքին գործերի նախարարությանը տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ։ Գլխավոր տեսուչները, ովքեր վերահսկում են «վերականգնողական» աշխատանքները երկրի «թերզարգացած» շրջաններում, սերտորեն հետաքրքրված են քրդական խնդրով և ձգտում են ստեղծել կազմակերպված բյուրոկրատական ​​ցանց և կենտրոնական պետական ​​իշխանություն և իշխանություն ամբողջ երկրում, և կարելի է նկատել, որ նրանք օգտվել են Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուի աշխատություններից ու զեկույցներից և ոգեշնչվել նրանից։ Նորաստեղծ հանրապետության քաղաքական և վարչական անձնակազմի գաղութատիրական մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ այս շրջանը նրանց աչքում վերածեց գրավելու և նվաճելու կարիք ունեցող «տարածքի»։ Մուստաֆա Ռեշաթի` ներքին գործերի նախարարությանը, որպես տեխնոկրատ պետական ​​ծառայողի, զեկույցները և նրա մոտեցումն այս շրջանի հանդեպ կարևոր դեր են խաղում տարածաշրջանի նկատմամբ 19-րդ դարից սկսած այս ներքին/տեղական գաղութային մոտեցման բյուրոկրատական ​​և վարչական սյուների և հիմնասյուների ձևավորման գործում։ Աշիրեթների վրա հիմնված ֆեոդալական համակարգը, որը Մուստաֆա Ռեշաթ բեյը բուռն քննադատել էր իր քաղաքացիական ծառայության առաջին շրջանից, և որը նա համարում էր ամենակարևոր խնդիրը արևելյան/հարավ-արևելյան շրջաններում՝ վերացվել է 1938 թ․ Դերսիմում տեղի ունեցած «թեդիբ» շարժումով։ Այս տարածաշրջանը, ինչպես Միմարօղլուն բազմիցս նշում է իր ծրագրերում, «արդիականացվում» է պետության վերահսկողության ներքո՝ սոցիալական և էթնիկ ճարտարապետությամբ։ Տարածաշրջանի նկատմամբ պետության մոտեցումների և համապատասխանաբար նրա կողմից իրականացվող քաղաքականության շարունակականությունն ու ընթացիկությունն ապշեցնում են։ Այս հարցի վերաբերյալ պետական մտածողությունը մարմնավորված է Մուստաֆա Ռեշաթի նման բյուրոկրատի կերպարում:

https://www.agos.com.tr/tr/yazi/29648/savars-misakyanin-mimarogluna-yonelttigi-tarihsel-soru

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net