Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն իրողություն է` սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկեց եվրապարտատոմսեր: Թողարկման ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Գլխավոր տեղաբաշխող ընկերություններն էլ հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերի բուն թողարկումը, ցուցանիշների իմաստով, կարելի է հաջողված համարել:
Օրինակ՝ Վրաստանը առաջին թողարկումն իրականացրել է 2008թ.-ին` 500 մլն դոլար, 5 տարի մարման ժամկետով եւ 7.5 տոկոս տոկոսադրույքով: ԱՊՀ երկրներից եվրապարտատոմսերի թողարկում իրականացրել են նաեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ուկրաինան: Ռուսաստանն առաջին թողարկումն իրականացրել է 1996թ.-ին` 1 մլրդ դոլարի պարտատոմսեր, 5 տարի մարման ժամկետով եւ 9.25 տոկոս տոկոսադրույքով: Ուկրաինան երկրորդ անգամ թողարկել է 2002-ին` 11 տոկոս տոկոսադրույքով, Բելառուսը 2010-ին՝ 8.75 տոկոս տոկոսադրույքով, Ղազախստանը 1997-ին՝ 8,4 տոկոս տոկոսադրույքով: Այս համապատկերում, իհարկե, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրապարտատոմսերը բավականին նպաստավոր դիրքերում են թե' ծավալով, թե' ժամկետով եւ թե' տոկոսադրույքով:
«Եթե կարողանանք ավելի արդյունավետ տեղաբաշխել այդ պարտատոմսերը եւ ավելի ցածր տոկոսադրույքներով, կկարողանանք ավելի երկար ժամանակահատվածում դա ներարկել տնտեսության իրական հատված, որը երկար փողերի կարիք ունի: Ես կարծում եմ, որ դա նորմալ գործընթաց է»,- պարտատոմսերի թողարկման մասին կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Հայաստանը, ճիշտ է, հաջողությամբ թողարկեց ու տեղաբաշխեց իր առաջին եվրապարտատոմսերը (հայկական պարտատոմսերը առաջնային շուկայում ձեռք են բերվել 152 ներդրողների կողմից, մեր պարտատոմսերի մեջ ներդրումներ իրականացնողների 42 տոկյոսը եղել են ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի, 17 տոկոսը` ցամաքային Եվրոպայից եւ 18 տոկոսը` մնացած ամբողջ աշխարհից), բայց դա իր էությամբ բավականին բարձր տոկոսադրույքով արտաքին պարտք է:
Հայաստանի պես աղքատ երկրի համար պետական պարտքի, հատկապես` արտաքին պարտքի ցանկացած ավելացում մտահոգիչ է, եթե չհաշվենք, որ մեծացնում է Հայաստանի կախվածությունն արտաքին աշխարհից: Իսկ այսպիսի պայմաններով պարտատոմսերի թողարկում թույլատրելը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, Եվրոպայի համար մի միջոց է, որ ավելի մատչելի միջոցներով փող տրամադրեն ու քաշեն իրենց կողմը:
«Բոլոր դեպքերում արտաքին պարտքի փոփոխությունը` ի վնաս ՀՀ-ի, բացարձակապես արտաքին ուժերին չի հետաքրքրում. որքան մեր երկրի կախվածությունը պարտքի տեսքով մեծանա, այնքան մեր կախվածությունը նրանցից կուժեղանա: Կարող եմ ասել, որ ՀՀ-ին այսօր ձգող ուժերը` մեկը կլինի, թե` մյուսը, հետապնդում են մեկ նպատակ` մեծացնել կախվածությունը` լինի դա արտաքին պարտքի տեսքով, արտոնյալ վարկի տեսքով, թե` այլ: Ինչ վերաբերում է հարցին, թե պարտատոմսերը, որն, ըստ էության, 6 տոկոս տոկոսադրույքով վարկ է մեր երկրի համար, ու դրա ներգրավումը կարող է ծանր բեռ դառնալ ՀՀ տնտեսության վրա, ապա, եթե ճիշտն ասենք, այդ ծանր բեռը մեր տնտեսության վրա վաղուց է նստած»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Ինչեւիցե, հայկական եվրոպարտատոմսերն արդեն թողարկված ու տեղաբաշխված են, եւ երեկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ ստացված ֆինանսական միջոցներով առաջին հերթին ՌԴ-ից ստացված վարկի մայր գումարն ու կուտակված տոկոսները կմարվեն, որը կկազմի շուրջ 440 միլիոն դոլար գումար: Երկրորդ` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով Կենտրոնական բանկին կհատկացվեն 60 միլիարդ դրամ գումարի չափով միջոցներ` 7 տարի մարման ժամկետով եւ 7 տոկոս տոկոսադրույքով, որի նպատակն է տնտեսության խթանումն ու ՓՄ բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Նույն նպատակներով կառավարությունը նախատեսում է եւս 3,9 միլիարդ դրամ գումար հատկացնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին, որ ստեղծվել է պետության կողմից` նպաստավոր պայմաններով տնտեսությանը միջոցներ հատկացնելու նպատակով: Բացի այդ` 1 միլիարդ 950 միլիոն դրամ պետք է ուղղվի արտահանման ֆինանսական ապահովագրական կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումներ իրականացնելուն:
«Մնացած 25 միլիարդ դրամով, որը մնալու է եվրաբոնդերի տեղաբաշխման արդյունքից, առաջարկվում է փոփոխել մեր պարտքի կառավարման ռազմավարությունը, մանսավորապես` ներքին պարտք-արտաքին պարտք հարաբերակցությունում որոշակի փոփոխություններ կատարել, որի արդյունքում, ըստ հաշվարկների, առաջիկա մեկ տարվա ընթացքում դա մեզ թույլ կտա պարտատոմսերի շուկայում նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, որը կրկին ավելի բարենպաստ միջավայր է ստեղծելու բիզնեսի համար` ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ստանալու առումով»,- նշեց ֆինանսների նախարարը:
Այստեղ արդեն էական է դառնում, թե ինչպես կծախսվեն այդ թանկ պարտքի միջոցները եւ ինչպես կազդեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ մենք ունենք փորձ, որ ներգրավված արտաքին պարտքն արդյունավետորեն չի իրացվում մեր տնտեսության մեջ` թեկուզ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կամ արտարժութային դիրքը պահելու, կամ ընթացիկ հաշվի ֆինանսավորման տեսակետներից, որտեղ մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ:
«Ինչպես նախորդ փորձն է ցույց տալիս, արտաքին պարտքը կարող ես նաեւ էժան ներգրավել, բայց քանի որ չես կարողանում դա արդյունավետորեն մտցնել տնտեսության մեջ, ստացվում է, որ դրա բացասական ազդեցությունն ավելի մեծ է լինում, քան կարող էր դրականը լինել: Նաեւ շատ կարեւոր է, որ այն վարկերը, որոնք վերցվում են զարգացման շրջանակներում, դրանք տնտեսություն մտնեն ցածր տոկոսադրույքով, ոչ թե շուկայական, բանկային տոկոսադրույքներով, որոնք Հայաստանում չափազանց բարձր են եւ տնտեսության եկամտաբերությանն էականորեն վնասում են: Ոչ միայն առեւտրային բանկերի միջոցով, այլեւ ոչ բանկային հաստատությունների միջոցով մենք պետք է հասնենք տնտեսության, փոքր ու միջին բիզնեսի, թեկուզ` խոշոր, արդյունաբվերությանը եւ այլն»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Մեր դիտարկմանը, թե այդ «մեխանիզմներից» մեկն էլ «ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունն է, որից անգամ դատարանի միջոցով հնարավոր չեղավ ճշտել, թե պետական փողերից գոյացած միջոցներով որ ոլորտներում, որ սուբյեկտներն են ֆինանսավորվել ու ինչ ծրագրերի համար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դրա համար համակարգային փոփոխության անհրաժեշտություն կա, այսինքն` խնդիրը միայն ինչ-որ ՈւՎԿ ստեղծելը չէ եւ ասելը, որ այս կազմակերպությունով բանկերից դուրս տեղաբաշխում է իրականացվելու:
«Քանի որ մենք չունենք ենթակառուցվածքներ, վենչուրային հիմնադրամներ, չունենք պետության առաջնահերթություններին համապատասխան ֆինանսավորման կամ ներարկման համակարգեր, ստացվում է, որ մենք վերցրել ենք մի փոքր դետալ` նույն ՈւՎԿ-ի կամ զարգացման գործակալության ցանցի միջոցով փորձում ենք դա իրականացնել, բանկանաբար` դրա արդյունքը կլինի բացասական»,- հստակեցրեց Արծվիկ Մինասյանը:
Այսինքն` կարեւոր չէ, թե ինչ «հաջողությամբ են» ինչ-որ միջոցներ ներգրավվել երկրի տնտեսության մեջ, իսկ Հայաստանի պարագայում, կարեւոր է, թե ինչ արդյունք են ունենալու դրանք մեր երկրի համար: Եվ ինչքան էլ այժմ կառավարությունը հպարտանա իր հաջողությամբ, միեւնույն է` «ճտերն աշնանն են հաշվում», իսկ մեր «ճտերի» դեպքում` յոթ տարուց:
Գևորգ ԱՎՉՅԱՆ