|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.
«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախևառաջ ակադեմիական կառույց է։ Ուստի դրա ղեկավարի առանցքային սկզբունքը պետք է լինի ակադեմիական ազատության անսակարկելի պաշտպանությունը։
Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը՝ լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականության ոլորտում։ Իսկ եթե այն վերածվում է այդ օրակարգի սպասարկման գործիքի, ապա դադարում է լինել գիտական հաստատություն և վերածվում է պրոպագանդայի հարթակի։
Ի գիտություն՝ Արցախի մասին օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելը քաղաքականությամբ զբաղվել չէ, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը։ Ցավալի է, որ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները սահմանափակվում են նման մակերեսային ընկալումներով։ Թեև, պետք է խոստովանել, որ այդ հանգամանքը շատ բան է բացատրում։
Ավելին՝ պետական օրակարգի մեջ չտեղավորվող հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանրայնացնելը որևէ պարագայում չի կարող հակասել պետականությանը։ Ընդհակառակը՝ հենց դա է գիտական հաստատության բնական գործառույթը։ «Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ» հարցադրումը այստեղ պարզապես մոլորեցման հնարք է: Պետությունը չի կառուցվում մտքի վերահսկման և քաղաքական կոնյունկտուրային գիտությունը ադապտացնելու ճանապարհով: Եթե, իհարկե, նպատակ չկա որդեգրելու Օրուելի «մտքերի ոստիկանության» մոդելը:
Պետության ու պետականության մասին պատկերացումների այս խեղաթյուրումը, ցավոք, բացահայտում է ավելի խորքային խնդիր, որը իշխանության կողմից գիտության բնույթի և հանրային ինստիտուտների դերի թերի ըմբռնումն է։ Երբ գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով, պետությունը սկսում է կորցնել իր կարևորագույն հենարաններից մեկը՝ ազատ միտքը»: