Միասին կարող ենք
կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 09:36
Հասարակություն

Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. «Ժողովուրդ»

Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, ուշագրավ նախագիծ է հաստատվել․ մինչև ընտրություններ առողջապահության ապահովագրության բոլոր ծախսերն ու պարտքերը մարել։ Թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Ֆինանսների նախարարությունը հաշվարկների բացակայություն է արձանագրել։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում 2.9 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել, որի հիմնական մասը՝ 2.5 միլիարդ դրամը, վերցվում է կառավարության պահուստային ֆոնդից։

Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է առողջապահական ծառայությունների փաստացի գերակատարումներով և համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման փուլում առաջացած պարտավորություններով։

Փաստաթղթում ասվում է․
«2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների կատարողականները հիմնականում որոշ ծրագրերի մասով կանխատեսվածից ավել են ներկայացվել»։

Այս իրավիճակը, ըստ կառավարության, հանգեցրել է բժշկական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների կուտակմանը, և անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում՝ դրանք մարելու համար։ Նշվում է նաև, որ որոշման ընդունմամբ հնարավոր կլինի փոխհատուցել մինչև փետրվարի 28-ը մատուցված ծառայությունների շուրջ 86 տոկոսը։

Սակայն ուշագրավ է, որ այս վերաբաշխմանը ՀՀ ֆինանսների նախարարությունը սկզբնապես տվել է իր անհամաձայնությունը՝ մատնանշելով թե՛ հաշվարկների թերիությունը, թե՛ բյուջետային ռիսկերը։

Ֆինանսների նախարարությունը փաստաթղթում արձանագրել է, որ
«Նախագծին կից հիմնավորումներում բացակայում են պահանջվող գումարների հաշվարկները և դրանց հիմքում դրված մեթոդաբանությունը, մասնավորապես՝ կանխատեսված գերակատարումների ծավալների հաշվարկման սկզբունքները, միջոցառումների մակարդակով ձևավորված պարտավորությունների մանրամասները, շահառուների թվաքանակի փոփոխության ազդեցությունը պահանջվող ֆինանսական միջոցների վրա»։

Նախարարությունը նաև առաջարկել է նախ ներկայացնել համապատասխան հաշվարկներ ու վերլուծություններ՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ են ձևավորվել լրացուցիչ ֆինանսավորման պահանջվող չափերը։

Ֆինանսների նախարարությունը խնդիր է տեսել նաև համընդհանուր առողջապահական ապահովագրության (ԱՀԱ) ծրագրից նախատեսվող կրճատումների մեջ՝ մատնանշելով, որ համակարգում արդեն իսկ զգալի պարտավորություններ են կուտակվել։

«ԱՀԱ-ի գծով ձևավորված պարտավորությունները կազմել են 31.7 մլրդ դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեի եռամսյակային պլանը կազմում է 35.4 մլրդ դրամ», – նշված է նախարարության դիտարկման մեջ։

Այդ պատճառով ֆինանսների նախարարությունը առաջարկել է զերծ մնալ ԱՀԱ ծրագրից ծախսերի նվազեցումից և պահանջվող միջոցների աղբյուր դիտարկել կառավարության պահուստային ֆոնդը։

Միաժամանակ ֆինանսական գերատեսչությունը զգուշացրել է նաև բյուջետային կարգապահության հնարավոր խախտումների մասին։ Նրանց հաշվարկով՝ առաջարկվող վերաբաշխումը կարող է հանգեցնել բյուջետային սահմանափակումների գերազանցման։

«Բյուջետային տարվա առաջին եռամսյակի ընթացքում առաջարկվող վերաբաշխման արդյունքում առողջապահության նախարարության գծով վերաբաշխման տոկոսը կկազմի 1.4%, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև տարվա ավարտը կարող է առաջանալ 2.0% թույլատրելի սահմանաչափի գերազանցման ռիսկ»։

Ավելին՝
«Նախագծով ներկայացված նվազեցումները հնարավոր չէ կատարել՝ ծախսային միջոցառումների պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնվածության պատճառով»։

Չնայած այս դիտարկումներին՝ կառավարությունը ընդունեց նախագիծը՝ հիմնական ֆինանսավորումը ապահովելով պահուստային ֆոնդից։

Հատկանշական է նաև ժամանակային համընկնումը։ Նախագծով կատարվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում է առաջին և երկրորդ եռամսյակների ֆինանսավորմանը՝ առաջնային բուժօգնության, շտապ օգնության, սրտի վիրահատությունների, ուռուցքաբանական բուժման, հոգեկան առողջության և սոցիալապես անապահով խմբերի բժշկական ծառայությունների ծրագրերում։

Փաստացի ստացվում է, որ այս որոշմամբ կառավարությունը փորձում է փակել առողջապահական համակարգի ֆինանսավորման հարցերը տարվա առաջին կեսի համար, մինչդեռ տարվա երկրորդ հատվածի ֆինանսական կայունությունը դեռևս բաց հարց է մնում։

Այսպիսով, առանց հրապարակային քննարկման ընդունված որոշումը ոչ միայն վերաբաշխում է հարկատուների կողմից ձևավորված բյուջեի միլիարդավոր դրամները, այլ նաև բացահայտում է պետական համակարգի ներսում առկա տարաձայնությունները՝ հատկապես առողջապահության ֆինանսավորման հաշվարկների և համընդհանուր ապահովագրության իրական ֆինանսական բեռի շուրջ։

Ու քանի որ նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են տարվա առաջին երկու եռամսյակներին՝ մինչև ամառվա սկիզբը, քաղաքական շրջանակներում սա արդեն մեկնաբանվում է որպես փորձ՝ մինչև հունիսի 7-ին սպասվող ընտրական փուլը առողջապահական համակարգում ֆինանսական լարվածություն չթողնելու համար։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է ապահովել, որ տարվա առաջին կեսին բժշկական ծառայությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չառաջանան, իսկ համակարգում կուտակվող հնարավոր նոր պարտավորությունների հարցը փաստացի տեղափոխվում է տարվա երկրորդ կես։

Հունիսից հետո, ինչպես կանխատեսել են մասնագետները, ապահովագրության համակարգը կարող է կանգնել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»։