կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 08:51
Առանց Կատեգորիա

«Հրաժարվել ընտրություններից՝ նշանակում է այս ազգադավ իշխանություններին վերարտադրվելու շանս տալ»․ «Փաստ»

«Հրաժարվել ընտրություններից՝ նշանակում է այս ազգադավ իշխանություններին վերարտադրվելու շանս տալ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեր հասարակությունն այժմ ամենատարբեր զգացումներով է ապրում՝ հիասթափություն, հուսահատություն, ապրելու ու կյանքը շարունակելու ցանկություն։ Բայց միևնույն ժամանակ երկրում առկա անկայունությունը, վաղվա օրվա հանդեպ անվստահությունը թույլ չի տալիս շտկել մեջքը և լիարժեքորեն առաջ շարժվել։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշում է՝ այս պահին ունենք հիասթափություն, որը գերիշխում է հանրության մեջ։

«Հիասթափությունն էկզոգեն է, այսինքն՝ հիմնավորված։ 2018 թվականին հանրությունը ոտքի ելավ՝ փորձելով ինչ-որ բան փոխել իր կյանքում, լավացնել այն և այլն։ Բավականին մեծ հույսեր ունեին, հասարակության զարթոնքը տարբեր կերպ էր արտահայտվում։ Իսկ այժմ մենք ունենք նման կարգի անկում, խաբեություն։ Բնականաբար, սա պետք է բերի որոշակի ապատիկ, դեպրեսիվ իրավիճակների, որոնք այսօր տեսնում ենք հանրության մեջ։

Հանրության մեջ իրականում կա շատ մեծ զանգված՝ 80-90 տոկոս, որը դժգոհ է ստեղծված իրավիճակից, դժգոհ է նրանից, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որ Սյունիքը պաշտպանված չէ, որ մեր երեխաները գերի են և նմանատիպ մի շարք խնդիրներ։ Բայց ոչ մի քայլ չի ուզում անել, որովհետև ուղղակի չի հավատում, որ իր քայլերը կպսակվեն հաջողությամբ։ Նստած՝ տանը թեյ են խմում, իրենք իրենց մեջ խոսում, որոշ մարդիկ դուրս են գալիս, իրարից հետաքրքրվում՝ ինչ է կատարվում, հույս կա՞, թե՞ չկա։ Ժողովրդի մեջ կորել է այն զգացողությունը, որ հիմա դուրս գանք, պայքարենք, ինչ-որ բան կփոխենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մադաթյանը։

Ակնհայտ է, որ հասարակության որոշ հատված էլ շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Շատերը զարմանում են՝ արդյո՞ք նման մարդիկ կան։ Այո, կան, նրանք իրական մարդիկ են, որոնք ապրում են մեր կողքին։ Հոգեբանը նշում է՝ հասարակության 10-15 տոկոսն, այո, շարունակում է պաշտպանել Փաշինյանին։

«Դրա համար կան պատճառներ։ Առաջին՝ 2018 թվականին այդ մարդը պաշտպանել է Փաշինյանին, հետո նորից նրան է պաշտպանել, իսկ վերջինս էլ ամենատարբեր հաշվարկների համաձայն՝ մոտ 10 հազար զոհի հեղինակ է։ Եթե այսօր այդ մարդը դեմ դուրս գա Փաշինյանին և նրան մեղադրի, ապա մեղադրելու է նաև ինքն իրեն, հավասարաչափ մեղք է վերցնելու զոհերի համար, բայց նա դրա համար պատասխանատու չէ։ Իսկ եթե նա զոհված զինվորի ծնող է, ապա նրա համար կրկնակի դժվար է լինելու սեփական երեխայի զոհվելու համար պատասխանատվություն վերցնելը։ Բոլորն ակնհայտ հասկանում են, որ զոհերը, ամենն, ինչ տեղի ունեցավ, 2018 թվականի «ժողովրդական զարթոնքի» և միամտաբար Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետևանքն էին։ Երկրորդ՝ մի զանգված կա, որն ուղղակիորեն օգտվում է այսօրվա իշխանություններից, իրենց էլ չմոռանանք։

Այն դեպուտատները, որոնք չէին կարող պատկերացնել, որ կարող են պահակ աշխատել Ազգային ժողովում, հիմա այնտեղ են այլ կարգավիճակով։ Լիքը մարդ կա, որ, օրինակ՝ անհաջողակ դերասանից մեկ էլ դարձավ ԱԺ պատգամավոր, այսինքն՝ ՀՀ ընտրյալ քաղաքացի։ Բնական է, որ նրանք կառչելու են Փաշինյանից։ Նրան աջակցողներն այս մարդիկ են։ Բայց կա նաև մի անգրագետ մասսա, որը բավականություն է ստանում հարևանի մեքենան խազելուց։ Այսինքն՝ իր օգուտը չկա, բայց նա բավականություն է ստանում նրանից, որ բոլորը վատ են ապրում, որ կողքի մարդը դժբախտ է։ Այստեղ, իհարկե, հարևանը սիմվոլիկ կերպար է։ Այս մասսայի համար այս դեստրուկցիան շատ հաճելի է, ագռավի պես կռռում են, ասում են՝ լավ եղավ, ի՞նչ է եղել որ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Ըստ նախնական քաղաքական պայմանավորվածությունների՝ մեր երկրում հունիսի 20-ին նախանշված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արդյո՞ք մեր հասարակությունը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել, և ինչ սպասել այս ընտրություններից։ Հոգեբանը նշում է՝ այս ընտրություններն ամենադժվարն են լինելու Հայաստանի պատմության մեջ։

«Այն, որ ինչ-որ բան պետք է փոխել, բոլորս ենք հասկանում։ Ինչ-որ բան փոխելու այլ՝ ավելի ակնառու տարբերակ դեռևս չի երևում։ Ընտրությունների գնալը չի նշանակում, որ փողոցային պայքարը պետք է վերանա։ Ոչ։ Փոփոխություններ պետք են ցանկացած տարբերակով։ Եթե պետք է գնալ ընտրությունների, ապա, ինչպես ասաց ՀՀ երկրորդ նախագահը, «ճիշտը մասնակցելն է, պայքարելը ու կրելը»։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Հրաժարվել ընտրություններից և չմերժել այս պրոյեկտը, որն այսօրվա դրությամբ այս ազգադավ իշխանությունները բերել են, նշանակում է իրենց շանս տալ, որպեսզի վերարտադրվեն, ինչը մեր երկրի հայրենասեր զանգվածին ձեռնտու չէ։ Կարծում եմ՝ հայ ազգը պետք է սա գիտակցի և, ընտրություններին մասնակցելով, կատարի իր ընտրությունը՝ հետևելով իր սրտի կանչին»,-եզրափակում է Միհրդատ Մադաթյանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: