կարևոր
3277 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 11:16
Քաղաքական

6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսեցին Մարտունիում, բայց հիվանդանոցը չի գործում. վատնում. «Ժողովուրդ»

6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսեցին Մարտունիում, բայց հիվանդանոցը չի գործում. վատնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հիվանդանոցի կառուցման նախագիծն առաջարկվել է 2019 թվականին՝ նախարար Արսեն Թորոսյանի օրոք, որի կառուցումը սկսվել է 2020 թվականին, եւ այն պետք է սպասարկեր 89 հազար բնակչության։ Այս տարիների ընթացքում՝ 2021-2022 թվականներին, Արսեն Թորոսյանը պարբերաբար մարզեր այցերի շրջանակներում այցելում էր նաեւ «Մարտունի» ԲԿ, իսկ 2023 թվականի ընթացքում գործող նախարար Անահիտ Ավանեսյանը բազմիցս այցելեց «Մարտունի» բժշկական կենտրոն։ Նախորդ տարվա նոյեմբերին կայացավ հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց եւ չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։ Հավելենք նաեւ, որ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, ինչը խտրական վերաբերմունք է բժիշկների հանդեպ։ Այս հիվանդանոցի կառուցումը խնդրահարույց էր նաեւ մեկ այլ իմաստով: Բանն այն է, որ 2011 թվականին նույն Գեղարքունիքի մարզի նույն Մարտունու տարածքում «ԲիԲիՋի» բժշկական կենտրոն էր կառուցվել դրսի ներդրողների ջանքերով, սակայն որոշ ժամանակ անց բժշկական թանկարժեք սարքավորումներով համալրված բժշկական կենտրոնը փակվեց, չարդարացրեց իրեն։ Այս փորձը հաշվի չառնելով՝ Արսեն Թորոսյանը պետության եւ այլ միջոցներով նախագծեց կառուցել 6.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր հիվանդանոց, որը թեեւ 3 ամիս առաջ պաշտոնապես բացվեց, սակայն այն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։

ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երեւանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում։ Այս ողջ վելուծությունը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որեւէ մեկի չի պատժել, միայն նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Այսինքն՝ հիվանդանոցի բացման դափնիները նախարարը ստացավ, իսկ տապալման համար պատժվեցին ենթակաները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: