կարևոր
3190 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-03 13:48
Քաղաքական

Չարիքը չի կարող անվերջ ձգւել

Չարիքը չի կարող անվերջ ձգւել

«Ալիք»-ի հարցազրոյցը՝ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի հետ

– 2023 թւականը լի էր ծանր իրադարձութիւններով եւ կորուստներով, ցաւօք՝ հայութեան համար, այն կը յիշւի որպէս՝ Արցախի ամբողջական հայաթափման եւ պառակտւածութեան խորացման տարի: Աղէտի խորացումը նաեւ շաղախւեց Արցախի նախկին նախագահների, քաղաքա-ռազմական էլիտայի՝ բազում հայերի գերեվարման խնդրով, նրանց ազատութեան հիմնահարցը շարունակում է անլոյծ մնալ:

– Որքան էլ ծանր լինի, այո, մենք իրականութիւնից փախչել չենք կարող, 2023 թւականը իրօք նոր աղէտի տարի դարձաւ ամբողջ աշխարհի հայ ժողովրդի, Հայաստանի հայերի եւ յատկապէս արցախահայութեան համար հազարամեակներ շարունակ հայերով բնակեցւած Արցախը հայաթափւեց Հայոց Ցեղասպանութիւնից 1 դար անց տեղի ունեցաւ էթնիկ զտում: Մենք ունէինք երկու հայկական պետականութիւն, մէկը կորցրեցինք: Սա այն իրականութիւնն է, որին պէտք է առերեսւենք, իսկապէս ստեղծւել է մի իրավիճակ, որ ամէն յաջորդ ամիս, ամէն յաջորդ շաբաթ յետ ենք նայում, եւ երանի ենք տալիս մէկ տարի առաջ նոյն ժամանակահատւածին: Սա մեր մղձաւանջն է:

Իհարկէ բնականաբար հեշտ է միգուցէ հաշւի առնելով աղէտի մասշտաբները կորցնել յոյսը, բայց ոչ միայն պէտք չէ կորցնել յոյսը, այլ ընդհակառակը անձամբ յուսառատ եմ, որ կարող ենք առաջիկայում վերջ տալ աղէտներին, վերականգնելով մեր արժանապատւութեան մի մասնիկը: Իմ յոյսերը կապւած են ոչ թէ միջազգային դերակատարների կամ արտաքին գործօնների հետ, այլ կախւած են հայ մարդու հետ, Հայաստանում ապրող, Արցախից բռնի տեղահանւած, Սփիւռքում ապրող հայ մարդը, ով չնայած բոլոր աղէտներին զգում է հոգեւոր կապը հայրենիքի հետ, հայրենիքի ճակատագիրն իր ճակատագիրն է համարում, ով գիտի մենք ոտքի կանգնելուց բացի, այլընտրանք չունենք:

Չգիտեմ, որքան կը տեւի պայքարը, չգիտեմ մեզանից իւրաքանչիւրը, որքան ուժ եւ ջանք պէտք է գործադրի, բայց մի բան վստահաբար գիտեմ, որ պետութիւն ունենալը եղել է երազանք մեզ համար: Մենք չափազանց շատ ենք տանջւել պետութիւն ունենալու համար, հետեւաբար, այն կորցնել չենք կարող: Ես լիայոյս եմ, չնայած տեղի ունեցածին եւ բոլոր աղէտներին, համոզւած եմ կայ ներուժ, որ հայ մարդն ունի իր մէջ վերականգնւելու, ցանկանում եմ 2024 թւականը լինի հէնց վերականգնւելու եւ ոտքի կանգնելու տարի:

– Անդրադառնալով յաջորդ տարւայ մեր նպատակներին եւ համազգային իղձերի իրականացման քայերին, յիշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից առաջիկայ տարին հռչակւեց որպէս մարդուժի պատրաստման տարի: Դուք լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հանրային կապերի գրասնեակի պատասխանատու, նաեւ պարբերաբար, ունենալով ժողովրդական հանդիպումներ, Հայաստանի տարբեր մարզերում, Սփիւռքի համայնքներում, ինչպէս էք պատկերացնում մարդուժի պատրաստման կարեւորութիւնը, անտեսւած ներուժի պատրաստման եղանակները, ինչպիսի՞ դրսեւորումներ պէտք է ունենան:

– Գիտէք, այո, մենք չունենք բնական ռեսուրսներ՝ նաւթ, գազ, եւ այլն, բայց մենք ունենք մէկ այլ հարստութիւն՝ այն մարդկային ներուժն է, հայ մարդն է նրա ստեղծագործ միտքը, որը պարտաւոր ենք միաւորել, համախմբել, եւ օգտագործել ի շահ մեր պետութեան, ազգի, ժողովրդի: Հիմա այնպէս է ստացւել, որ կարծես թէ բոլոր ուժերը պետական քաղաքականութիւնը օգտագործում են ոչ թէ յանուն եւ ի նպաստ հայութեան, այլ միմեանց դէմ խորացնելով միմեանց միջեւ անվստահութիւնը եւ բաժանարար գծերը: Այսինքն, ցանկալի է մեր ջանքերը, ուժերը եւ միտքը ուղղւած լինեն վստահութեան մթնոլորտի ստեղծմանը, որը մեզ շատ պակասում է յոյսի, համընդհանուր իղձերի եւ տեսլականի իրականացման ճանապարհին: Պէտք է իմանանք, որ չնայած անլոյս թւացող խաւարին միեւնոյն է լոյսը կայ, չարիքը չի կարող անվերջ ձգւել: Փորձութիւնների շրջան է, բայց փորձութիւնները հէնց մեզ աւելի ուժեղացնելու համար են: Ցանկանում եմ, գտնենք այդ տեսլականը եւ գնանք դէպի այն եւ հայ մարդու ներուժը կենտրոնանայ ստեղծագործ աշխատանքի վրայ յատկապէս իր պետութիւնը պահպանելու եւ ուժեղացնելու ուղղութեամբ այլ հարստութիւն մենք չունենք: Մեր հարստութիւնը հայ մարդու ներուժն է, այդ ներուժի համախմբման տարի եւս պէտք է լինի, որովհետեւ բոլոր խնդիրների լուծման հիմքը հէնց հայ մարդն է, մեզ նաեւ վստահութիւնն է պակասում: Ինչպէս Կոմիտաս վարդապետն ասում էր պէտք է սիրել իրար, որ ապրել, յոյս ունեմ, այդ սէրը եւ փոխադարձ վստահութիւնը կը կարողանանք վերագտնել:

– Անդրադառնալով Դաշնակցութեան գործունէութեանը, առաջիկայ տարում շրջադարձային քաղաքական փոփոխութիւններ կը լինե՞ն, նաեւ նկատի առնելով այն քննադատութիւնները, որոնք հնչեցին ընդդիմադիր դաշտի՝ մեր հասցէին երբ նաեւ բոլորիս սպասումները, չարդարացան՝ Արցախի անկման, էթնիկ զտման պատասխանատու իշխանութեան հեռացումն այդպէս էլ չապահովեցինք, նոր գործիքակազմերի կիրառում այս ուղղութեամբ նախատեսւած են, թէ՞ ոչ:

– Նպատակների մէջ փոփոխութիւններ չկան, սկզբունքները եւ նպատակները հնարաւոր չէ յաճախ փոխել: Բնականաբար, երբ պայքարում ես այնպիսի ուժերի եւ թշնամիների դէմ, որոնք բաւական ուժեղ են եւ չի ստացւում քեզ մօտ յաղթանակ. առաջին, երկրորդ փորձից, ամէն յաջորդ փորձ պէտք է հաշւի առնել նախորդ փորձերի սխալները եւ միւս գործողութիւնները պլանաւորել դրանք հաշւի առնելով: Մենք իսկապէս պայքարում ենք ոչ միայն Հայաստանում այս պահին իշխանութեան մէջ գտնւող, բայց Հայաստանի հետ կապ չունեցող մարդկանց դէմ: Մենք պայքարում ենք Հայաստանի թշնամիների դէմ, պայքարում ենք իսկապէս թշնամական համակարգերի դէմ, եւ այո՛ այդ պայքարը ծանր պայքար է: Մի գրոհով աւարտւող պայքար չէ: Այն դժւար ուղի է, ընդհանրապէս, պետութիւն ունենալը, պահպանելը, մեր տարածաշրջանում դժւար առաջադրանք է, եւ մենք դժւար առաջադրանքի եւ դժւար քննութեան առջեւ ենք կանգնած, եւ այստեղ բնական է մարտավարութեան փոփոխութիւնները, կը լինեն: Նախորդ 3 տարիներին այդ փոփոխութիւնները եղել են, յաջորդ գործողութիւններում այդ փոփոխութիւնները շատ աւելի արտացոլւած են լինելու մեզ համար, մեր մտածողութեան կենտրոնում, մեր ժողովրդի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանք կատարելով: Ի՞նչ է մեզ հարկաւոր այդ ուղղութեամբ, ի՞նչ գործողութիւններով եւ մօտեցումներով է հնարաւոր մարդկանց հետ շփւել, այնտեղ իսկապէս լայն դաշտ կայ աշխատելու: Այնպէս էլ չէ, որ այդ աշխատանքները նոր պէտք է մեկնարկեն, դիմադրութեան շարժումից յետոյ հաշւի առնելով տեղի ունեցածը, գնահատումները կատարւել են եւ 2024 թւականի պայքարին անդրադառնալով, անհրաժեշտ է արձանագրել, որ պայքարը ընդհանրապէս չի դադարել եւ չի կարող չլինել: 2024 թւականին եւս չի դադարելու:

– Սփիւռքի ներգրաււածութիւնը եւ դերակատարումը ապագայում ինչպէ՞ս էք նախատեսում, ո՞ր ուղղութեամբ է անհրաժեշտ կրկնապատկել աշխատանքը, որպէսզի նպաստենք հայրենիքի, հայոց պետականութեան պահպանմանը, զարգացման ճանապարհի արդիւնաւէտ կերտմանը:

– Մեզանից իւրաքանչիւրը պէտք է իմանայ եւ ունենայ այդ գնահատականը, որ հիմա մի ժամանակաշրջան է երբ հայկական պետութիւնը ունի մեր կարիքը, մեզանից իւրաքանչիւրն ունի յուշեր, զգացողութիւններ, պահեր, որոնք իրեն պարգեւել է հայկական պետականութիւնը, մեզ հայկական պետութիւնը ընդհանրապէս շատ բան է տւել, հիմա այդ պետութիւնը ունի մեր կարիքը եւ հետեւաբար կապ չունի որտեղ ենք ապրում Թեհրան, Նոր Ջուղա, Սիդնի, Վաշինգտոն կամ այլուր, հայկական պետութիւնը ունի մեր բոլորի կարիքը: Եթէ մենք հարցնում ենք ինչպէս է կարող հայ մարդը օգնի պետութեանը այդ հարցը առաջինը ինքը պէտք է տայ իրեն: Եթէ մենք բոլորս Նոր տարւայ շեմին, բացի մեր անձնական երազանքներից իմամանք, որ յաջորդ տարում ինչպէս ենք կարող նպաստել եւ փոքր կաթիլ դառնալ ծովում, որպէսզի մեր պետութեան թէկուզ մի հոգս լուծւի եւ մի խնդիր մօտենայ լուծմանը, դա ամենամեծ օգնութիւնը կը լինի, այն կարող է լինել տարբեր ձեւերով, առաջին հերթին Հայաստանում ապրելով, Հայաստանի հետ կապը սերտացնելով, բայց ամենակարեւորը հայրենիքի հարցը եւ ազգի ու ժողովրդի հարցը մեր սրտերից դուրս չհանելով: Անհատը իսկապէս կարեւոր է, այն շատ բաների հիմքն է, բայց նաեւ նոյնչափ կարեւոր է ազգի ու պետութեան գոյութիւնը եւ յարատեւումը, հետեւաբար այն մի հարց է, որ մեզանից իւրաքանչիւրը պէտք է իրեն տայ եւ գտնի այդ հարցի պատասխանը:

Ես միայն կարող եմ ասել, որ բազմաթիւ են տեղերը, որտեղ հայ մարդը կարող է Հայաստանին օգտակար լինել, սկսած Սփիւռքի օջախներում, ազգային մակարդակով, մեր խնդիրների հետամուտ լինելուն, մինչեւ Հայաստանում ամէն օր գործելուն եւ աշխատանքի իրականացմամբ: Կարեւորը հայկականութեան ցանցից չանջատւելն է:

– Կարծում եմ, Արցախը մոռացութեան չտալու համար, այն պէտք է նախ շարունակի իւրաքանչիւրի մտքում ապրել, որպէսզի նրա կեանքը չդադարի, եւ մեր ներսում լինի նոյնքան մաքուր, որպէսզի նրա յետեւից վերադառնանք… հայ մարդը Ս. Ծննդեան այս օրերին, իր հոգու խորքում եթէ պատկերի քայլ առ քայլ դէպի Արցախ տանող ճանապարհը, ապա այդ երազանքներից հնարաւոր է համատեղ ծրագրեր լոյս տեսնեն, որոնց միասին առաջ կը տանենք: Նկատի ունեմ սեւ ու սպիտակից բացի, այլ երանգներ էլ որոնենք, գտնենք մեր մէջ, որպէսզի հնարաւոր լինի այդ ճանապարհը միասնութեամբ կերտել: Կը լինե՞նք այդպիսին, մի տեսակ երազային համայնապատկեր է:

– Երազանքները… գիտէք, եթէ մենք դադարենք երազել ուրեմն այդ դէպքում է միայն, որ այն երբեք տեղի չի ունենայ, այստեղ կարեւորում եմ, որ չափազանք լաւ հասկանանք, թէ ինչպիսին է իրականութեան մէջ խնդրի մասշտաբները, մենք կանգնած ենք հայկական պետականութեան կորստի առջեւ, հետեւաբար պէտք է երազենք՝ նախ ամբողջական պետականութեան մասին, յետոյ անհրաժեշտ է նաեւ աշխատենք արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ, բայց մենք մեր ուժերը պէտք է կենտրոնացնենք: Գիտակցենք, որ միայնակ հնարաւոր չէ, միասնականութիւնը ամրապնդել է պէտք, հարցը ամբողջութեամբ հասկանալու եւ հիմքը պահպանելու համար, որի վրայ կարող ենք կառուցել մեր տունը, հայրենիքը, եւ հայկական աշխարհը: Պէտք է միանշանակ լինել ու շարունակել երազել…: