Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրեր առաջ Տավուշի մարզի Կողբ գյուղի Զիկատար կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ գրականագետների հանրապետական եռօրյա գիտաժողով, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը եւ Հայաստանի գրողների միությունը:
Գիտաժողովին ներկա էին նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, գրականագետ Զավեն Ավետիսյանը, գրականագետ Վարդան Դևրիկյանը, արձակագիր, գրաքննադատ Հրաչյա Սարիբեկյանը, գրականագետ Վաչիկ Ղազարյանը, ՀԳՄ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, գրող Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը, ինչպես նաեւ մարզի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, աշակերտներ:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ շատ կարեւոր փաստը, որ գիտաժողովի մասնակիցները երիտասարդներն են, քանի որ այժմ ելույթ են ունենում նրանք, ովքեր փոխարինելու են ներկայիս ավագ սերնդին. «Գրականությունն այն ոլորտն է, որը որքան էլ ուսումնասիրես, անվերջ նորը կարող ես գտնել, իսկ երիտասարդները կարողանում են նոր շնչով նորը բացահայտել»:
Գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդ գրականագետների համար լավ ցատկահարթակ են նման գիտաժողովները, քանի որ նրանք իրենց գիտելիքները եւ ձեռքբերումները ստուգում են կոնկրետ միջավայրում, փորձարկվում եւ կոփվում են վիճարկման մեջ: Ըստ նրա` բնության գրկում լինելն էլ իր հերթին նպաստում է, որ կտրվենք առօրյայից. միտքն ավելի թարմ է լինում, ընկալումը` սրվում:
«Գիտաժողովի առավելություններից մեկն էլ այն էր, որ մենք փորձեցինք մեր թեմատիկ սահմանափակությունը հաղթահարել. թեմաների ընտրությունը բազմազան էր` արտասահմանյան, սփյուռքահայ, ժամանակակից գրականությունից մինչեւ հրապարակախոսություն: Բավական հետաքրքրական զեկուցումներ լսեցի»,- ասաց Սարիբեկյանը եւ հավելեց, որ, մյուս կողմից, պետք է նշել, որ մասնակիցների տեսական պատրաստվածությունը մի քիչ թույլ էր. «Գիտաժաղովներին զեկուցումները շատ գիտական էլ չպետք է լինեն, քանի որ դրանք մտքի լարվածություն են պահանջում եւ երբեմն մեր ընկալման շեմն անցնում»:
Բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանն առաջին հերթին կարեւորեց փաստը` գիտաժողովը մարզում անցկացնելու, քանի որ մայրաքաղաքում կենտրոնացումն իր բացասական հետեւանքներն է ունենում. «Մարզերը չպետք է առանձնացնել. մեր օրերում, երբ հաշված գրախանութներ ունենք, երբ գիրքը չի հասնում ընթերցողին, գոնե գրական մթնոլորտ ստեղծելու համար նման գիտաժողովներ իրականացնելը շատ կարեւոր է: Գրականագիտությունը փակ գիտություն չէ, այն պետք է ժողովրդին հասնի` այս դեպքում` երիտասարդների միջոցով»:
Նոյեմբերյանի հիմնական դպրոցի գրականության ուսուցչուհի Ալիսա Հակոբյանը կարծում է, որ գրականությունը հեռացել է իրականությունից, երիտասարդները քիչ են ընթերցում, քանի որ շատերի համար ինտերնետի ընձեռած հնարավորությունները նորույթ են:
«Երեխաները նախընտրում են այն, ինչ անմիջական կապ ունի արտաքին աշխարհի հետ, իսկ ինտերնետը լայն հնարավորություններ է տալիս ինֆորմացիա ստանալու եւ գայթակղում շատերին: Սակայն մենք հաճելի զարմանք ապրեցինք, երբ տեսանք, որ մեր երիտասարդները հետաքրքրվում են գրականությամբ, ավելին, նրանք խորությամբ ուսումնասիրել են այն թեմաները, որոնց մասին զեկույց են ներկայացնում: Ողջունելի է, որ շեշտը դրվել է հենց երիտասարդների վրա, որոնք այսօր արդարացրին մեր սպասելիքները»,- ասաց Հակոբյանը:
Նույն դպրոցի գրականության ուսուցչուհուներից մեկ ուրիշն էլ` Արմինե Բաղրամյանը, իր հերթին նշեց, որ գլոբալիզացիայի դարաշրջանում խիստ կարեւոր է փաստը, որ հենց երիտասարդներն են զբաղվում գրականագիտությամբ:
Ըստ նրա, երեխաները, երիտասարդները կարիք ունեն համացանցից կտրվելու եւ գրքի աշխարհով ապրելու.«Իսահակյանի կանխորոշած հոգու սովն այժմ եկել է. դժվար է երեխաներին գրական մթնոլորտում պահել: Կուզեի, որ հանդիպումներ լինեին մեր աշակերտների եւ երիտասարդ գրականագետների միջեւ, եւ նրանք իրենց օրինակով եւ իրենց փորձով կիսվեին աշակերտների հետ»:
Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես եկան շուրջ տասնհինգ գրականագետներ: Գիտաժողովին գրականագետների ընտրած թեմաներն ուշագրավն էին եւ հետաքրքիր` «Թումանյանը Խաքանիի քառյակների թարգմանիչ» /Ա. Եղիազարյան/, «Երկու վեպ, երկու հայացք. Չարենց և Շահնուր» /Ա. Առաքելյան/, «Եղիշե Չարենց- Գարսիա Լորկա. գրական առնչություններ» /Ն. Սուքիասյան/, «Գեղարվեստական ժամանակի և տարածության ձևերը Համաստեղի արձակում» /Լ. Թունյան/, «Ավ. Իսահակյանի արձակ և չափածո լեգենդները» /Հ. Վանյան/, «Նագիբ Մահֆուզի «Հայելիներ» վեպի առանձնահատկությունները» /Տ. Հարությունյան/, «Մտքի երկրորդ կողմը Հենրիկ Էդոյանի «Քայլեր եւ ստվերներ» ժողովածուում» /Կ. Հարությունյան/, «Ճշգրիտ երևակայություն. Էդգար Պոյի «Տրամաբանական» նովելը» /Ա. Գալստյան/, «Հայրենիքի ընկալման նորօրյա երանգները իրանահայ ժամանակակից պոեզիայում» / Լ. Գևորգյան/, «Սամվել Բեգլարյան. ստեղծագործական ակնարկ» /Ա. Հասանյան/, «Մաթևոսյանի և Շուկշինի գրական առնչությունները» / Ու. Կոստանյան/, «Կնոջ կերպարը Վ. Շուշանյանի պոեզիայում» /Լ. Ասլանյան/, «Պահքի շրջանի առակների մեկնությունը» / Հ. Բեյլերյան/, «Արցախյան ազատամարտը Զորի Բալայանի երկերում» /Մ. Մկրտչյան/, «Սերո Խանզադյանի «Կորած արահետներ» պատմվածաշարը» /Վ. Աղաբաբյան/:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ