կարևոր
2731 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 22:14
Աշխարհ Քաղաքական

Մենք Դէմ Չենք Խաղաղութեանը, Բայց Ոչ Ի Հաշիւ Մեր Գոյութեան

Մենք Դէմ Չենք Խաղաղութեանը, Բայց Ոչ Ի Հաշիւ Մեր Գոյութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն աշխուժօրէն շարունակում է գործունէութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում՝ պատասխանատուութիւն ստանձնելով բոլոր այն հարցերում, որոնք կենսական նշանակութիւն ունեն համահայկական շահերի տեսանկիւնից: Կուսակցութեան յարատեւութեան ու զօրութեան գլխաւոր գրաւականը նրա նուիրեալ անդամներն են, ում համար հայրենիքի ու ազգի համար աշխատանքը սուրբ առաքելութիւն է, որ նրանք ստանձնում ու իրականացնում եմ ողջ կեանքում՝ անտրտունջ, սիրով ու հաւատով: ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանն այդ անհատներից է, ով երկար տարիներ ծառայել է ՀՅԴ շարքերում՝ նշանակալի ներդրում ունենալով կուսակցութեան զարգացման ու ծրագրերի կայացման գործում: Խաժակ Մկրտիչեանը ծնուելով Սիրիայում, երկար տարիներ եղել է Դաշնակցական մամուլի աշխատակից՝ այս ոլորտում գործունէութիւնը սկսելով 1989 թուականին Աթէնքի «Դրօշակ»ի խմբագրատանը: ՀՅԴ Բիւրոյի հրամանով, այնուհետեւ գործուղուել է Հայաստան, որտեղ առաջին Շրջանային ժողովի ժամանակ, 1991թուականին, ընտրուել է Հայաստանի Կենտրոնական կոմիտէութեան անդամ, եւ ստանձնել է ուղեկից միութիւնների ու կազմակերպական հարցերի պատասխանատուութիւնը: Նոյն տարում հիմնել է Հայաստանի Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական միութիւնը՝ իր մասնաճիւղերով: 1993 թուականին Խաժակ Մկրտիչեանը վերադարձել է Հալէպ՝ ստանձնելու «Գանձասար» երկշաբաթաթերթի խմբագրի պաշտօնը, եւ այն վերածել է շաբաթաթերթի: 1997 թուականին նա հրաւէր է ստանում Եգիպտոսից՝ գլխաւորելու «Յուսաբեր» օրաթերթը որպէս խմբագիր: 1999 թուականին, ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի հրաւէրով Մկրտիչեանը ստանձնում է «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագրի պարտականութիւնը մինչեւ 2007 թուականը: Ներկայում Խաժակ Մկրտիչեանը գործում է Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնում՝ որպէս ՏՏ ոլորտի մասնագէտ, եւ շարունակում է յօդուածներ հրապարակել հայութեանը յուզող հարցերի շուրջ:

«Ասպարէզ»ի հետ Դեկտեմբերի 7ին կայացած զրոյցում, ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանն անդրադառնում է հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին, ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տեսակէտները կենսական նշանակութեան հարցերի մասին, խօսում իրականացուող աշխատանքներից ու ծրագրերից:

– Պարոն Մկրտիչեան, համայն հայութեան ուշադրութիւնն այսօր ուղղուած է արցախահայութեան խնդիրներին: Արցախի ռազմաքաղաքական մի շարք գործիչներ Բաքուի բանտերում են՝ այդ թւում նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը: Արցախի գերեվարուած ղեկավարների իրաւական պաշտպանութեան առումով ՀՅԴն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

– Բնական է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանի գերեվարուած լինելն առանձնայատուկ նշանակութիւն ունի մեր համար, սակայն չենք ցանկանում նրան զատել միւս գերեվարուածներից, եւ հարցը դիտում ենք ամբողջութեան մէջ: Ութ ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարման փաստը մեր համար բաւական մեծ հարուած է՝ ուղղուած Արցախի Հանրապետութեան խորհրդանիշին. այդ հեղինակաւոր դէմքերը կանգնած էին Արցախի Հանրապետութեան ծնունդի ակունքներում, եւ շատ մեծ դեր են ունեցել ստեղծելու այն նախանձելի ժողովրդավարական մթնոլորտն ու կացութիւնը, որտեղ արցախահայութիւնը վայելում եւ արարում էր իր հայրենի հողում: Այսօր իրենց գերեվարուածութիւնը մենք ընկալում ենք իբրեւ մեծ հարուած՝ ուղղուած արցախահայութեան ինքնորոշման եւ ժողովրդավարօրէն արտայայտած կամքի ուղղութեամբ: Շատ զայրոյթ պատճառող է, որ ահաբեկչական վարչախումբ ունեցող երկիրն Ալիեւի գլխաւորութեամբ, ուղղակի համարձակւում է Արցախի ժողովրդավարութեան ծնունդ Արցախի ղեկավարներին ինչ-որ ահաբեկչական ամբաստանութիւններ ներկայացնել: Այստեղ նաեւ տարօրինակ, ընդվզեցուցիչ եւ անհասկանալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների լռութիւնը, որոնք մինչեւ երէկ դեռ ամերիկեան բիւջէներով Արցախի Հանրապետութեանը գումարներ էին յատկացնում, այցելութիւններ էին կատարում Արցախ, Մինսկի խմբի համանախագահները բանակցութիւններ, խորհրդատուութիւններ, հանդիպումներ էին ունենում արցախցի գործիչների հետ: Ադրբեջանի կողմից այդ գործիչներին ուղղուած ահաբեկիչի ամբաստանութիւնն արժէ նկատել նաեւ ուղղուած է նշուած երկրներին, որոնք, ի վերջոյ եթէ եզրակացնենք, նշանակում է, որ ֆինանսաւորում կամ աջակցում էին ահաբեկչական կառոյցի, ինչն այդպէս չէ: Իրենց լռութիւնը զայրոյթ է առաջացնում, քանի որ պէտք է նախ իրենք տէր կանգնեն իրենց սկզբունքներին, որ ժողովրդավարութեան ջատագովներ են, մարդու իրաւունքների պաշտպանութեան կարգախօսներով են սնուցում, իսկ այստեղ՝ ժողովրդավարութեամբ արտայայտուած արցախահայութեան ժողովրդավար կամքի արտայայտութիւն հանդիսացող ղեկավարների գերեվարման հարցում լուռ են: ՀՅԴն փորձում է հանդիպումներում այս փաստն առաջ մղել, եւ ինչ որ ձեւով նրանց պատասխանատուութեան հրաւիրել, որ տէր կանգնեն այդ սկզբունքներին, եւ հնարաւորինս, ճնշամիջոցներով փորձեն ազատ արձակել մեր գերեվարուած անձանց:

Միւս դժուարութիւնն այն է, որ Ադրբեջանի օրէնքը թոյլ չի տալիս դրսից փաստաբան հրաւիրել, եւ պահանջ են ներկայացնում, որ այդ փաստաբանն Ադրբեջանի քաղաքացի պէտք է լինի, որի արդարամտութեան հարցում շատ մեծ կասկած կարող է առաջանալ, թէ ինչպէս կարող է ադրբեջանցի փաստաբանը պաշտպանել արցախահայ ղեկավարի, դա աբսուրդ (անհեթեթ) է: ՀՅԴն փորձում է մարդու իրաւունքների դրօշակակիր կազմակերպութիւններում ճնշումներ բանեցնել, որ կարողանանք Արցախի ղեկավարներին ազատել:

– ՀՅԴն Արցախի պետական համակարգի պահպանումը յայտարարել է առաջնայնութիւն, որը կարեւոր լծակ է ե՛ւ արցախահայութեան իրաւունքների ամրապնդման, ե՛ւ յետագայում վերադարձի իրաւունքի համար: Ի՞նչ աշխատանքներ էք իրականացնում համակարգի պահպանման, Արցախի ապագայի ուղղութեամբ:

– ՀՅԴն Արցախի խորհրդարանում ներկայացուած ուժ է, եւ այսօր Հայաստանում են գտնւում Արցախի Հանրապետութեան նախագահը, գերագոյն դատարանը, եւ առնուազն համակարգը պահպանելու նպատակն ու ճիգը մեր համար շատ կարեւոր են, այն իմաստով, որ արցախահայութիւնը յանկարծ չցրուի, եւ ունենանք այդ ինստիտուտները (հիմնարկները), որոնք լիազօրուած են արցախահայութեան անունով խօսելու: Մեր համոզմամբ, Արցախի խնդրի էջը փակուած չէ, եւ այդ էջը բաց պահելու առաջին նախադրեալը՝ այդ ինստիտուտները պահպանելն է, որպէսզի ժողովրդավարութեամբ ընտրուած այդ օղակները լիազօրուած լինեն Արցախի հարցի արծարծման եւ պահպանման:

Միաժամանակ, այսօր ցաւալիօրէն կարելի է նկատել, որ ՀՀ իշխանութիւնները այդ գծով վերապահ են, եւ տեղ-տեղ նաեւ արհեստական դժուարութիւններ են փորձում առաջացնել, որ մեր համար անընդունելի եւ ապազգային քայլ է, որովհետեւ այդ միտումն առաջնորդում է միայն Արցախի էջի փակման. եթէ արցախահայութիւնը Հայաստանում ցրուի եւ աւելի վատ՝ Հայաստանից էլ դուրս գայ, նշանակում է մէկանգամ եւ ընդմիշտ՝ Արցախը կորցնելու խնդրի հետ հաշտուել ենք: Արցախի պետական ինստիտուտները պէտք է պահպանել, որովհետեւ նրանք դեռ անելիք ունեն արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան հարցում, եւ դա մեր հասկացողութեամբ՝ ինքնորոշման իրաւունքի հարցն է: Ցեղասպանութեան հետեւանքով բռնի տեղահանուած եւ հայաթափուած Արցախի հարցն ամբողջ իրաւական ենթահող կարող է ծառայել վերադարձի իրաւունքի պահանջին, իբրեւ հատուցում, իբրեւ լուծում, եւ Արցախն ամէն իրաւունք ունի իր վերադարձի հարցն արծարծելու, բայց ոչ այն պայմաններում, որ ապրեց շրջափակման տասը ամիսների ընթացքում կամ սեպտեմբերեան յարձակումների ժամանակ:

Այդ բոլոր իրադարձութիւններն եկան համոզելու, որ եղած երաշխիքները չեն ապահովում արցախահայութեան իր հողում մնալու անվտանգութիւնը: Այս պահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆն եւ Ֆրանսիան շատ կրաւորական, եւ իրական գետնի վրայ լծակներ չունեցող կարգավիճակում են, իսկ իրական լծակներ ունեցող Ռուսաստանն իր դերը չկատարեց արցախահայութեան անվտանգութեան իմաստով: Ուրեմն, վերադարձի հարցը շատ սերտօրէն առնչւում է միջազգային անվտանգային երաշխիքների ստեղծման հետ: Առանց դրա, որեւէ մէկը չի կարող պատկերացնել, որ արցախահայութիւնը կարող է իր հայրենի բնօրրանի վրայ ապրել Ալիեւի բռնապետական եւ ահաբեկչական վարչախմբի ներքոյ: Որքան էլ վերջինս փորձի իր քարոզչական միջոցներով խօսել համարկման մասին՝ դա որեւէ պայմանով երաշխիք չի կարող լինել արցախահայութեան անվտանգութեան, այն դէպքում, երբ նոյն Ադրբեջանի քաղաքացիները հալածանքի եւ ամէն տեսակ կտտանքի են ենթարկւում:

– Եթէ ԵԱՀԿ Մինսկի խումբը չգործեց որպէս անվտանգային երաշխիք, ի՞նչ այլ տարբերակներ էք դիտարկում:

– Մինչեւ այսօր Մինսկի խումբը Արցախի հիմնահարցի լուծման միակ լիազօրուած միջազգային ինստիտուտն է, որը չաշխատեց: Աշխարհաքաղաքական այսօրուայ ընդհանուր դասաւորումներում, Հայաստանի պետութիւնն ու քաղաքական ուժերը ամէն ջանք պէտք է թափեն Մինսկի խմբի աշխուժացման եւ հասնեն նրանց պարտաւորութիւնների ստանձնմանը: Այդ ուղղութեամբ աշխատանք տանելու համար, համոզուած ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան մէջ ճշգրտումներ պէտք է կատարուեն, որովհետեւ այն ինչ-որ ՀՀ իշխանութիւնները ներկայում վարում են իբրեւ արտաքին քաղաքականութիւն՝ բացարձակապէս չի բխում մեր ազգային շահերի հետապնդման ուղղութիւնից, հակառակը՝ քայլ առ քայլ փչացւում են մեր բոլոր յարաբերութիւնները տարածաշրջանում մեր քիչ թէ շատ դաշնակիցների հետ, եւ նրանց փոխարէն, գետնի վրայ այլ ազդեցիկ դաշնակիցներ չկան: Մեր միակ այլընտրանքն այս պարագայում Թուրքիան է, սակայն այս երկրի պատմական վերաբերմունքը Հայաստանի եւ հայութեան նկատմամբ գոնէ մենք սփիւռքահայերս շատ լաւ գիտենք: Դրա համար, Թուրքիան չի կարող որեւէ մէկ պարագայում Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւնների թեկնածու լինել: Այդ ուղղութիւնը մեր համար անհասկանալի է:

– ՀՀ արտաքին քաղաքականութեան ի՞նչ ճշգրտումների մասին է խօսքը:

– ՀՅԴն ընդհանրապէս տարածաշրջանը բաժանում է երկու ռազմավարական գծի: Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան՝ հորիզոնական գիծն է, եւ ուղղահայեաց գիծը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան: Մեր համոզմամբ, որը զուտ հայկական կողմնորոշման մեկնակէտն է, ուղղահայեաց գիծը քիչ թէ շատ համընկնում է հայկական շահերի հետ, սակայն դա բացարձակ իմաստով չենք ասում, որ հակադրուի արեւմուտքի հետ: Մեր պատկերացմամբ, կարելի է հաշտեցումներ գտնել, հաւասարակշռութիւն պահպանել արեւմտեան քաղաքականութեան եւ ուղղահայեաց գծի միջեւ: Մի բան, որ այսօրուայ իշխանութիւնները հակառակն են անում՝ այնպէս են անում, որ այսօր հակադրուող արեւմուտքի ու Ռուսաստանի կիզակէտը դառնայ Հայաստանը, ինչն աւերիչ հետեւանքների կարող է յանգեցնել: Այն ինչ եղաւ Արցախի պարագայում, կարող է նոյնը պատահել Հայաստանի դէպքում, եթէ այս քաղաքականութիւնը շարունակուի:

– Ձեր նշած ուղղահայեաց գծում առկայ Ռուսաստանից հայ հասարակութեան շրջանում մեծ հիասթափութիւն կայ՝ պայմանաւորուած Հայաստանի եւ Արցախի նկատմամբ այդ երկրի վերջին շրջանի կեցուածքից: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Մոսկուան այլ դիրքորոշում կ՛որդեգրի:

– Մեր կարծիքով, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան միակ երաշխիքը կարող ենք լինել մենք, այսինքն՝ մեր սեփական ուժերին վստահելով, մեր շահերը հաշուի առնելով պէտք է առաջնորդուենք: Սակայն չես կարող իհարկէ կղզիացած ապրել, եւ պէտք է առչնուես ե՛ւ տարածաշրջանի հետ, ե՛ւ միջազգային քաղաքական կենտրոնների հետ: Քաղաքականութեան միտքն ու իմաստն է խորքի մէջ փնտռել այն եզրերը, որոնք քո սեփական շահը կը համընկնեցնի այլ շահերի հետ: Այսօր, կարելի է ասել, որ Ռուսաստանը, միւս երկրների նման, իր սեփական շահերն է հետապնդում, եւ ցաւալիօրէն դրանք այսօր համընկնում են Ադրբեջանի շահերի հետ: Սակայն այստեղ կայ նաեւ Ռուսաստանին վանելու ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, եւ սա էլ աւելի է նպաստում Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման, եւ այդ առիթից Ադրբեջանը շատ վարպետօրէն օգտւում է՝ ու այս ամէնի արդիւնքն իբրեւ չարիք անդրադառնում է ՀՀի վրայ:

Չի կարելի հարիւր տոկոսով չէզոքացնել Ռուսաստանի հետ շահերի հետապնդման հարցը, ուղղակի խնդիրը պիտի լինի հայկական շահերի համադրումը ռուսականի հետ, իսկ այդտեղ հնարաւորութիւններ կան, եթէ ՀՀ քաղաքականութիւնը հրաժարուի Արեւմուտք-Ռուսաստան հակադրութիւնը դէպի Հայաստան բերելուց, կամ Ռուսաստանի համար նոր ճակատ բացելուց: Մինչդեռ ՀՀ իշխանութիւններն իրենց կողմից այն զարգացնելու ճիգ չեն անում, եւ հակառակը՝ ամէն ջանք թափւում է, որ արդէն իսկ գոյութիւն ունեցող Արեւմուտք-Ռուսաստան հակադրութիւնում Հայաստանը բախման թատերաբեմ դառնայ: Գուցէ դէպի Ռուսաստան Հայաստանի նախկին կողմնորոշման վերականգնումը չլինի, որովհետեւ նոր աշխարհաքաղաքական իրականութիւն է, ռուսներն էլ շահեր ունեն Կասպից ծովում, յարաբերութիւններ Թուրքիայի հետ՝ Սիրիայի եւ Լիբիայի տարածքներում: Այդ մեծ քաղաքականութեան մէջ մեր դերակատարութիւնը սահմանափակ է, բայց մեր ազգային շահերից ելնելով, կարելի է Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւնները վերականգնել, եւ դրական դարձնել՝ առանց հարուածելու այն յարաբերութիւններին, որ արդէն ունենք Արեւմուտքի հետ՝ ԱՄՆի, Ֆրանսիայի եւ այլ երկրների:

– Արաբաիսրայէլական, ուկրաինական հակամարտութիւնների պայմաններում Հայաստանը շարունակո՞ւմ է բախման հնարաւոր հարթակ հանդիսանալ:

– Գուցէ համաշխարհային լրատուական հոսքերում այս հակամարտութիւններն ինչ-որ չափով աւելի շատ են արծարծւում, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում դա հնարաւոր չէ: Ցաւալին այն է, որ հակադրուող ուժերի բախումները տեղի են ունենում Հայաստանի տարածքում եւ Հայաստանի շուրջ՝ սակայն առանց Հայաստանի դերակատարութեան, այսինքն՝ մեր ճակատագիրը որոշւում է առանց Հայաստանի մասնակցութեան, եւ եթէ մեղաւորներ փնտռելու խնդիր կայ, ապա իրավիճակը պարզապէս արդիւնք է մեր վարած քաղաքականութեան: Գարեգին Նժդեհը լաւ խօսք ունէր՝ ասում էր. «Վայ այն ժողովրդին, որ իր գլխին եկած չարիքների պատճառն ուրիշների մէջ էր փնտռում»: Ի վերջոյ, մենք ենք մեր գլխին եկած չարիքների պատճառը:

– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարծես բեկում կայ՝ ՀՀ իշխանութիւնները խօսում են խաղաղութեան պայմանագիր ստորագրելու մասին: Հյդն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերեալ:

– Ապշելու է, որ այս կացութեան մէջ, այսքան կորուստներին ի տես, եւ բոլոր կորուստների էջը փակելու ճիգով, կարելի է խօսել խաղաղութեան մասին: Այսինքն, չեմ հասկանում, իրենց համար խաղաղութեան բնութագրումը կամ սահմանումն ինչ է: Մենք կարծում ենք, որ խաղաղութիւն կարելի է հաստատել, երբ ի վիճակի ես քո խաղաղութեանդ սպառնացող վտանգների առաջն առնել, հաշուի առնելով նաեւ, որ այս տարածաշրջանն այն գերզարգացած, մարդու իրաւունքները պաշտպանող միջավայրը չէ: Այս ձեւով խաղաղութիւն չի հաստատւում: Մինչեւ այսօր ինչ նկատել ենք, իրենց թմբկահարած խաղաղութիւնը հայկական կողմի զիջումների շղթայի ձեւակերպում է՝ Արցախը տանք, Սիւքինն անպաշտպան ձգենք, անլաւները (միջերկիրները) տանք, հարիւր հազարով ադրբեջանից վերաբնակեցնենք Հայաստանի տարածքում, որ խաղաղութիւն լինի, բայց սրա անունը խաղաղութիւն չէ, այլ՝ անձնամատուցութիւն է: Մեր պատկերացրած արժանապատիւ խաղաղութիւնը մեր պաշտպանունակութիւնը բարձրացնելով երաշխաւորուած խաղաղութիւնն է: Հայ ժողովրդից աւելի խաղաղասէր ժողովուրդ չկայ, մենք դէմ չենք խաղաղութեան, բայց ոչ ի հաշիւ մեր գոյութեան:

– Թուրքիան էլ, պայմանաւորուած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացներով, աշխուժացնում է դերակատարութիւնը Հայաստանին առնչուող հարցերում, հայ-թուրքական սահմանի բացման հարցը շարունակում է զօրակարգային լինել: Հայաստանն այսօրուայ կացութեամբ, պատրա՞ստ է ըստ ձեզ, որեւէ ձեւաչափի յարաբերութեան թուրքերի հետ:

– Շատ յստակ է, որ Թուրքիան Հայաստանի հետ իր յարաբերութիւնները պայմանաւորել է Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնների արդիւնքով: Եւ այդ նախապայմաններով է Թուրքիան առաջնորդւում Հայաստանի հետ որեւէ տեսակի յարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ: Նախանշաններ կան, որ նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցի արծարծումը Թուրքիայի կողմից նախապայման է ներկայացւում, որի նկատմամբ մենք որպէս ազգային գաղափարախօսութիւն կրող քաղաքական ուժ հարիւր տոկոսով դէմ ենք, եւ չենք կարող հանդուրժել հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացում՝ նախապայմաններով, եւ ի հաշիւ մեր պատմական անժամանցելի իրաւունքների կորուստի:

Սա չի նշանակում, որ մենք դէմ ենք հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատմանը: Տարիներ առաջ, երբ արծարծուել է այս խնդիրը, մենք յստակ դիրքորոշում ենք արտայայտել, որ կողմ ենք, եւ դէմ չենք առանց նախապայմանների բնականոնացման: Յիշում եմ, որ Վահան Յովհաննիսեանն էլ ասում էր, որ մենք չենք, որ սահմանները փակել ենք, իրենք են փակել, իրենք էլ թող բացեն: Դրա համար, նախապայմանների հարցն է, որ մեր համար խնդրոյ առարկայ է:

Երկրորդ կարեւոր խնդիրը, որ մեր մտքում ունեցել ենք, այն է, որ յարաբերութիւնները շատ վտանգաւոր իրավիճակ կարող են ստեղծել Հայաստանի տնտեսութեան համար, եթէ երկիրը դրան նախապատրաստուած չլինի: Հետեւաբար, այդ յարաբերութիւնների բնականոնացմանը պէտք է գնալ այն պահին, երբ Հայաստանը ներքին իրավիճակով գոնէ որոշակի տնտեսական ինքնապաշտպանական խարիսխ է ստեղծել, որպէսզի կուլ չգնանք թուրքական դրամագլխի (դրամագլուխի) հետեւանքով Հայաստանի թուրքացմանը: Սրա կենդանի օրինակն էլ ունենք. Վրաստան-Թուրքիա իրավիճակը, երբ Վրաստանի տնտեսութիւնը բաւական մեծ չափերով կախուածութեան մէջ է թուրքական դրամագլխի եւ թուրքական տնտեսական տիրապետութիւնից:

– ՀՅԴն յայտարարել է, որ ստեղծուած ծանր կացութիւնը Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան արդիւնքն է, եւ ելքը իշխանափոխութիւնն է: Ինչպէ՞ս էք պատկերացնում դա, ունէ՞ք յստակ ծրագիր:

– Այստեղ պէտք է մի քիչ ցաւալի փաստ մատնանշեմ, որ այո, իշխանափոխութիւն իրականացնելու համար մենք նախորդ ամիսներին, տարբեր փորձեր արել ենք՝ կազմակերպելով Հայրենիքի փրկութեան շարժում, Դիմադրութեան շարժում, բայց ընդդիմութեան ձախողումն է, որ մինչեւ այսօր Հայաստանում իշխանափոխութիւն դեռ տեղի չի ունեցել: Մեր թէզերն արդար են, մեր տեսակէտները ճիշդ են, մեր կեցուածքներն ազգային շահերի մեկնակէտ ունեն, բայց գործնականօրէն, այն ինչ պահանջում էինք՝ չկարողացանք իրականացնել:

– Որո՞նք են պատճառները:

– Ես կարծում եմ, որ ընդդիմութեան կազմակերպուածութիւնն էր պատճառը: Այսինքն, նման խնդիրներ, մէկ կամ երկու կուսակցութեան հարց չի կարող դառնալ. անհրաժեշտ է ազգային գաղափարախօսութիւն կրող ամբողջ ուժերի համախմբում գաղափարի շուրջ, այն առաջ մղելու համար՝ «ես եմ, դու ես» հասկացողութիւնը մի կողմ դնելու մօտեցում, եւ ազգն ու հայրենիքը իբրեւ առաջնային մտահոգութիւն պէտք է համարուի: Այդ կազմակերպուածութիւնը, ընդդիմութիւնը ցաւալիօրէն, մինչեւ այսօր չի կարողացել իրականացնել, եւ այդ մէկը կարեւոր պատճառներից էր, որ ընդդիմութիւնը չկարողացաւ նաեւ ժողովրդի մէջ այլընտրանք դառնալ այդ յստակ պատկերացումը ներկայացնելու: Երկրորդ պատճառը, որ գաղտնիք չէ՝ Հայաստանում ազգային արժէքները յարձակման թիրախ են, եւ այդ ուղղութեամբ շատ կազմակերպուած աշխատանք է իրականացւում ու յաջողւում է ժողովրդի համար այդ թէզերը հասանելի դարձնել: Սա էլ նաեւ պատճառ է, որ ընդդիմութիւնն իր գաղափարներով շատ չընկալուի հանրութեան կողմից, որովհետեւ այդ բոլոր արժէքներին հարուածելու յստակ մեքենան ստեղծուած է, եւ շարունակում է գործել: Իշխանութիւններն այնքան ցցուն են դարձրել օրինակ այն թէզը, որ իրենք խաղաղութիւն են ուզում՝ մենք պատերազմ, որը բացարձակապէս իրականութեանը չի համապատասխանում: Դուք խաղաղութիւն էք ուզում, բայց ձեր ուզածի անունն իրականում անձնատուութիւն է, մենք խաղաղութիւն ենք ուզում մեր ինքնապաշտպանութեան արդիւնքով ստեղծուած խաղաղութիւն: Նրանք կարողացել են ժողովրդի մէջ ենթահող գտնել եւ համոզել իրենց տեսակէտում:

Այս հիմնաւոր պատճառներն են, որ կարծում եմ ընդդիմութիւնը չի կարողացել իր առջեւ դրած իշխանափոխութեան խնդիրը լուծել, եւ մինչեւ այդ հարցը չկարողանայ լուծել՝ դժուար է իշխանափոխութիւն իրականացնել Հայաստանում, յատկապէս, որ ներկայ իշխանութիւնը ձեռնտու է ե՛ւ արեւելքին, ե՛ւ արեւմուտքին, եւ շահագրգռուածութիւնների հարց կայ նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի (լծակից զոյգի) մօտ, քանի որ նրանք Հայաստանի այս իշխանութիւններից աւելի մեծ նուէր չէին կարող ունենալ: Արդիւնքում, աշխարհաքաղաքական ընդհանուր միջավայրն էլ նպաստում է այս իշխանութեան համար իրենց աթոռների պահպանմանը:

Լուծումը՝ այս բոլոր թերութիւնների վերացումն է, որի ուղղութեամբ ՀՅԴն աշխատում է: Այսինքն, մենք ճիգը անում ենք, բայց այդպէս չէ, որ յաջողելու համար մեզնից է միայն կախուած: Այդուհանդերձ, եթէ չի ստացւում, չի նշանակում, որ չպիտի ստացուի: Ճիգերը պէտք է շարունակել: Սփիւռքում էլ կարաւորականութիւն կայ, ազգային գիտակցութեան եւ այս պարտուածի յուսալքութեան ալիքը փոխելու կարիք կայ: Մենք պիտի շարունակենք աշխատել, որովհետեւ այս պարտութեան հետ անկարելի է հաշտուել, եւ այս պարտութիւնների շղթան շրջելու միակ ձեւը, նոյն ոգով, եւ տրամաբանութեամբ ու գիտակցութեամբ աշխատելն է, բայց՝ տասնապատիկ ջանքերով: Գործընթացը շարունակւում է, եւ երբեմն նաեւ՝ ինքնասրբագրումով, այսինքն՝ օգտուելով նախորդ սխալներից, եւ դրանք շտկելով: Մեր համար յարատեւ պայքարը՝ Քրիստափոր Միքայէլեանից մինչ այսօր իբրեւ ուղենիշ է, եւ մենք շարունակելու ենք պայքարը, եւ հաւատացած ենք, որ անպայման յաջողելու ենք:

– Որպէս ընդդիմութիւն, որո՞նք են ՀՅԴ օրակարգի առաջնայնութիւնները:

– Նախ պէտք է վերականգնել մեր դաշնակիցների հետ յարաբերութիւնները: Երկրորդը, մեծ կարեւորութիւն պէտք է տալ բանակի վերականգնմանն ու հզօրացմանը: Պատկերացրէք, կառավարութեան ներկայացուած այս տարուայ բիւջէում բանակին յատկացուած միջոցներում աճ արձանագրուել է, բայց դրա տասնապատիկը յատկացուել է ոստիկանութեանը: Այսինքն, թւում է, թէ իշխանութիւնն արտաքին թշնամի չունի եւ ըստ այդմ՝ բանակը զօրացնելու խնդիր չունի, բայց ներքին թշնամի ունի, եւ այդ պատճառով ոստիկանութեան բիւջէն այդչափ մեծացնում է: Երրորդ, Արցախի էջը փակելու խնդիրն ու Ադրբեջանի հետ այս անընդհատ զիջողական քաղաքականութիւնը 180 աստիճան պէտք է հակառակ ուղղութեամբ գնայ՝ առնուազն բանակցային սեղանին արծարծելու այն ինչ այսօրուայ դրութեամբ իրապաշտօրէն հնարաւոր է՝ արցախահութեան վերադարձ, անվտանգութեան կայուն երաշխիքներ: Այս բոլորը հարցեր են, որ կարելի է ներկայացնել միջազգային հարթակներում եւ բանակցութիւններ վարել:

– Իրավիճակը մտահոգիչ է նաեւ Միջին Արեւելքի Հայկական Սփիւռքի համար՝ պայմանաւորուած յատկապէս իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեամբ: Ի՞նչ մարտահրաւէրների առաջ են այդ տարածաշրջանի հայ համայնքները:

– Դժբախտաբար, Միջին Արեւելքի՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի հայ համայքներն արդէն կրել են շատ մեծ վնասներ անկախ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութիւնից: Եթէ այն աշխարհագրօրէն չընդլայնուի, ինչի միտումները կարծես կան այս պահին, մեծ ազդեցութիւն չի լինի հայկական համայքների իմաստով: Իսկ եթէ ընդլայնուի՝ շատ մեծ ազդեցութիւն կարող է ունենալ, եւ այս պարագայում առաջին հերթին Լիբանանի համայնքի համար, որովհետեւ Լիբանան-Իսրայէլ սահմանը Գազայից յետոյ ամենաթէժ կէտերից է, եւ եթէ Լիբանանը ներքաշուի այս հակամարտութեան մէջ՝ լիբանանահայ համայնքի համար նոր կացութիւն կը ստեղծուի: Նաեւ որոշ ազդեցութիւն կ՛ունենայ Սիրիայի վրայ, որովհետեւ Սիրիայի սահմանն էլ թէժանալու միտումներ է ցոյց տալիս: Սա հայ համայնքների դիտանկիւնից: Կը ցանկանայի անդրադառնալ նաեւ մարդու իրաւունքների տեսանկիւնից: Այսօր, այն ինչ տեղի է ունենում Գազայում, շատ աւելի է նմանւում Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացուածին, նոյն պատկերն է, երբ հաւաքական պատժի եւ խաղաղ բնակչութեանը հարուածելը հակամարդկային է եւ ահաբեկչութիւն է: Այս բոլորը մարդկայնօրէն չի կարելի հանդուրժել, եւ Իսրայէլի կատարածը շատ հեռու է այն եզրոյթից, որ ԱՄՆ կառավարութիւնը փորձում է ներկայացնել՝ իբր Իսրայէլն իրաւունք ունի ինքնապաշտպանութեան, այնինչ սա գրոհ է՝ հազարաւոր մարդկային զոհերով:

– Սփիւռքի կազմակերպման առումով ՀՅԴն այսօր ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

– Միջինարեւելեան համայքներից վերջերս մեծ թուով հայեր տեղափոխուել են այլ երկրներ՝ քիչ մասը Հայաստան, մեծամասնութիւնը՝ Շուէդիա, Կանադա, փոքր թուով՝ ԱՄՆ, Աւստրալիա: Տեղական մեր կառոյցները շատ արդիւնաւէտ կերպով կազմակերպեցին այդ մարդկանց վերաբնակեցման հարցերը, եւ կարելի է ասել, որ հայութիւնը շատ արագ կարողացաւ ընտելանալ շնորհիւ այդ կազմակերպութիւնների աջակցութեան: Մի շարք համայքներ դիմափոխուեցին, եւ իրենց հայկական կեանքը մի քիչ երկարաձգուել է, ասենք, եթէ յիսուն տարի էր, այժմ՝ հաւանաբար այդ համայնքները հայկականութիւնը կը պահեն եօթանասուն տարի:

Շուրջ հինգ հարիւր տարբեր համայքների համախմբում ենք կարողացել ստեղծել Եւրոպական տարբեր երկրներում՝ հիմնականում Արցախի հարցի շուրջ, եւ վերջերս Բրիւսէլում մեծ հանրահաւաք կազմակերպեցինք: Սակայն կազմակերպչական յատուկ աշխատանք ունենք կատարելու Եւրոպայում, եւ այս համախմբումը ծառայեցնելու հայկական այլ օրակարգերի եւս: Փորձում ենք Ռուսաստանում եւս ստեղծել կուռ կառոյց:

Աշխարհում, ՀՅԴի, նաեւ Հայ Դատի գրասենեակների միջոցով գործունէութեան մեկնակէտն ու առաջնորդուելու սկզբունքները մեր քննարկած թեմաներն են, որոնք բխում են հայկական շահերից:

– ՀՅԴ Բիւրոն, Հոկտեմբերին յայտարարեց, որ ԱՄՆ Արեւմտեան շրջանում վերահաստատուել է շրջանի դաշնակցական ընտանիքի միասնութիւնը: Հայերի համար գոյութենական պայքարի այս փուլում յատկապէս, կենսական այս միասնութիւնը ի՞նչ համաձայնագրի շրջանակներում իրականացաւ:

– ՀՅԴ ԱՄՆի Արեւմտեան շրջանում ցաւալի էջ էր բացուել, ինչն որակում եմ իբրեւ զուտ ներկազմակերպական հարց: Նման հարցերում ներկազմակերպական ճիգերով դիմագրաւելու մօտեցում ենք ցուցաբերել, եւ կը շարունակենք ցուցաբերել: ՀՅԴ Բիւրոյի մօտեցումն այն էր, որ ընկերների ընդհանուր ծիրում, շրջանն ինքն իր մէջ լուծման տարբերակներ գտնի: Բիւրոյի իրականացրածը հովանաւորութիւն էր, մղիչ ուժ դառնալու մօտեցում էր, եւ ուրախութեամբ կարելի է ասել, որ շրջանի ընկերներն իրենց մէջ ուժ գտան երկխօսութեամբ, բացատրութիւններով եւ բարեբախտաբար յաջողեցին՝ Արեւմտեան շրջանում վերահաստատելով դաշնակցական մէկութիւնը: Սա լաւ խթան է շրջանի համար, որ վերագտնի անցեալի իր դերակատարութիւնն ընդհանուր համահայկական կեանքի մէջ, որ նախորդ դէպքերի պատճառով որոշ չափով տուժել էր: Այսօր միասնութիւնը վերականգնուել է, եւ շրջանը կը շարունակի գործել իր առաքելութեան շրջանակներում:

Հարցազրոյցը վարեց Նանէ Աւագեան