կարևոր
2506 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 23:29
Հասարակություն

Հայաստանի Հանրապետություն, թե Հնազանդների Հանրապետություն․ Մամիկոն Ասլանյան

Հայաստանի Հանրապետություն, թե Հնազանդների Հանրապետություն․ Մամիկոն Ասլանյան

Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ու արդարադատությանն ապավինելու բոլոր փորձերը։ Այս մասին ասվում է Վանաձորի նախկին քաղաքապետ, արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ:

«Հայաստանի Հանրապետություն, թե Հնազանդների Հանրապետություն

Երկու տարվա պատանդառություն, բանտ, ասպատակություն, իշխանության զավթում, օրենքի և իրավունքի այլասերված, փնթի կիրառման իմիտացիա, խոշտանգում, պատիժ, պետական ու դատական իշխանության փոխհամաձայնեցված ցինիկ տեռոր։ Եվ այս ամենը արվում է, որպեսզի մեր ժողովուրդը սեփական հողում, քաղաքում ու գյուղում իրեն օտար զգա, որպեսզի որևէ մեկը հույս չփայփայի, թե օրենքի ու ընտրության միջոցով կարելի է ամրագրել հավաքական կամքը, որպեսզի ընտրության ցանկացած` քաղաքականապես անընդունելի արդյունք դառնա սակարկման, աճուրդի ու մարդաորսության առարկա և վերջապես` որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերածվի Հնազանդների Հանրապետության։

Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ու արդարադատությանն ապավինելու բոլոր փորձերը։ Եվ հօդս են ցնդել ժողովրդավարության, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման զանազան խարտիաների մասին` համապատասխան կենտրոններից մեզ հրամցվող միֆերը, դրանց քարոզով զբաղվող զանազան կառույցներն ու բազմապիսի պաշտպանները, ում համար, փաստորեն, դա ոչ թե սկզբունք էր, այլ` պատվիրակված, վճարովի ծառայություն։ Ինչևէ, մեր պայքարն արդար է, իսկ Աստված ` ամենատես ու դատավոր։

P.S. Ազատություն բոլոր բախտակից ընկերներին»: