կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 10:37
Քաղաքական

Փոխանակ իրենց քաղաքին օգտակար լինեն, էստեղ-էնտեղ դիմումներ են գրում. Մամիկոն Ասլանյան

Փոխանակ իրենց քաղաքին օգտակար լինեն, էստեղ-էնտեղ դիմումներ են գրում. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Վանաձորի ավագանու նիստերը  բոյկոտող անդամներն էլ անգամ չգիտեն՝ ինչում է խնդիրը, որ չեն ներկայանում նիստերին: «Նրանց մոտ է խնդիրը, մեզ մոտ խնդիր չկա: Եթե նրանց էլ հարցնեք, նրանք էլ չգիտեն՝ ինչումն է խնդիրը. յուրաքանչյուր չկայացած նիստից հետո կամ ամեն ամիս, ամեն շաբաթ, նրանց հարցադրումներն ու հռետորաբանությունը փոխվում են, այնպես որ՝ ես ինքս էլ չգիտեմ՝ ինչումն է խնդիրը: Սկզբում չորս ավագանիների հայտնաբերումն էր, հետո փոխվեց, հիմա էլ՝ չգիտեմ»,- ասաց Ասլանյանը:

Անդրադառնալով  «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ կառավարությանն ուղղված գրություն  պատրաստելուն, որով պահանջում են կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել, նա նշեց. «Ի՞նչ տարբերություն՝ ում են գրություն ուղղում: Գրությունը պետք է իրավական հիմքեր ունենա և փաստարկված լինի: Նույն հաջողությամբ կարող են ցանկացած տեղ դիմել: Փոխանակ ավագանու նիստերին գան, իրենց քաղաքի խնդիրներով զբաղվեն, որևէ օգտակար գործ անեն, դիմումներ են գրում էստեղ-էնտեղ, մանավանդ՝  փայլուն գիտեն, որ այդ դիմումներն անպտուղ են և որևէ  իրավական, օրենսդրական հիմնավորում չունեն»:

Ասլանյանի խոսքով՝ իրավաբանական լուրջ գիտելիքներ հարկավոր չեն՝  հասկանալու համար, որ այդ դիմումներն անպտուղ են լինելու: «Ուղղակի հստակ նշված են Վանաձորի և Գյումրու նստաշրջանների անցկացման ժամանակները: Մյուս հոդվածում ասվում է՝ եթե երեք ամիս չի կայացել նիստը, էդ դեպքում կարող է կառավարությունը միջամտել»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի շուրջ մտորելու ժամանակ էլ չունի և ավելի շատ մտածում է քաղաքի խնդիրների մասին:

«Ինձ վրա հոգեբանորեն չի ազդում այս ամենը, որովհետև հասարակությունը տեսնում է, որ կեղծ գաղափարախոսություն կա, կեղծ հռետորաբանություն, չհիմնավորված  փաստարկներ, պատեհ-անպատեհ քննադատություններ»,- ասաց նա՝շարունակելով. «Իսկ հրաժարականի մասին երբևէ չեմ մտածել,  դրանք ուղղակի տերմիններ են, որոնք մարդիկ իրենց հաճելի մոլորության մեջ գցելու համար օգտագործում են: Այս քաղաքը ոչ թե քաղաքական բախտախնդիրների, արկածախնդիրների կարիքն ունի, այլ գործ անելու կարոտ է մնացել , քաղաքը մեծ խնդիրներ ունի լուծելու»:

Խոսելով  Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ Ս. Ծննդյան պատարագի ընթացքում Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող անդամներին ուղղված հորդորներին, թե պետք է ցուցաբերել միաբանություն և գնալ ավագանու նիստերին, Ասլանյանը նշեց, որ իր համար սա նուրբ թեմա է:

Նշենք նաև, որ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը:

«Արքեպիսկոպոսի թեմային չեմ ուզում անդրադառնալ, հակադարձել, դա ինձ համար շատ նուրբ թեմա է: Նա հեղինակություն վայելող անձ է, նրան շատ հարգում եմ ու չեմ ուզում, որ այդ թեման շահարկվի ու շարունակվի, մանավանդ՝  ուշադիր դիտելու դեպքում կերևա, որ այնտեղ որևէ քաղաքական շարժառիթ, նպատակադրում չկար, և կոչը միայն համախմբմանն էր վերաբերում: Ինձ թվում է՝ նույնիսկ տարօրինակ կլիներ, որ սրբազանը որևէ պահի այդ թեմայով չխոսեր,  գուցե նաև հանիրավի մեղադրվեր լոյալության կամ անտարբերության մեջ: Իսկ էն մարդիկ, ովքեր ասում են, թե ես մտերիմ եմ նրա հետ, ասեմ, որ նրանք էլ պակաս մոտ չեն, որ այդ թեման դարձրել են քննարկման առարկա: Որևէ մեկը չի ժխտել, որ սրբազանի հետ մոտ է»,- ասաց Ասլանյանը: