կարևոր
23218 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-11 18:07
Աշխարհ Տարածաշրջան

Ռիադում մեկնարկել է Գազայի հարցով ԻՀԿ-ի եւ արաբական լիգայի համատեղ հրատապ նիստը

Ռիադում մեկնարկել է Գազայի հարցով ԻՀԿ-ի եւ արաբական լիգայի համատեղ հրատապ նիստը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում այսօր մեկնարկել է Գազայի հարցով ԻԻսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) եւ արաբական լիգայի համատեղ հրատապ նիստը, որտեղ իրենց դիրքորոշումներն են արտահայտել իսլամական ու արաբական երկրների ղեկավարները։ 

Գագաթնաժողովի մեկնարկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը դատապարտել է պաղեստինցիների դեմ ուղղված պատերազմը՝ ընդգծելով մարդասիրական միջանցքների ստեղծեման անհրաժեշտությունը՝ մարդասիրական օգնություն ուղարկելու եւ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։ «Մենք մերժում ենք Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և ցանկանում ենք, որ այս տարածքի շրջափակումը վերանա» ,-ասել է նա։ Բին Սալմանը քննադատել է Գազայի հարցում միջազգային հանրության երկակի մոտեղումը, պահանջել է դադարեցնել Գազայի շրջափակումը։

Ելույթ է ունեցել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, նշել, որ զավթիչ ուժերը պատերազմ եւ դաժան սպանություններ են սկսել իր ազգի դեմ, խախտել բոլոր կարմիր գծերը։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթն էլ հայտնել է, որ պաղեստինցիների բռնի տեղահանումը անընդունելի ռազմական հանցագործություն է։

«Ի՞նչ աղետ պետք է տեղի ունենա, որպեսզի երկրները գիտակցեն ատոմային Իսրայելի վտանգի մասին» ,-հարց է բարձրացրել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Ի դեպ սա 11 տարվա դադարից հետո Իրանի նախագահի մակարդակով առաջին այցն է Սաուդյան Արաբիա։ Այս տարվա մարտին են Թեհրանն ու Ռիադը վերականգնել հարաբերությունները։ Նա գործընկերներին է ներկայացրել 10 կետից բաղկացած լուծումների փաթեթը։
«Միացյալ Նահանգները Իսրայելի հանցակիցն է» ,-նշել է Ռաիսին՝ հավելելով, որ պետք է ստիպել այդ երկու երկրներին դադարեցնել սպանության մեքենան։ 

Նիստին ներկա է եղել նաեւ Թուրքիայի նախագահը։ Էրդողանը արձանագրել է, որ արեւմտյան երկրները նույնիսկ Գազայում հրադադարի կոչեր չեն արել։ «Ամերիկան ​​եւ Արեւմուտքը հավակնում են մարդու իրավունքներին, սակայն, ցավոք, Իսրայելի գործողությունների պատճառով նրանք մոռացել են մարդու իրավունքները» ,-հայտնել է նա ու հավելել, որ Իսրայելը, իրեն Արեւմուտքի երես առած երեխայի պես է պահում եւ պետք է պարտադրվի Գազայի ժողովրդին փոխհատուցում վճարել։

Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին փաստել է, որ միջազգային հանրությունը ձախողել է Գազայում սպանություններն ու ագրեսիան դադարեցնելու գործում։ Նա պահանջել է ՄԱԿ-ից՝ միջազգային խումբ ուղղարկել՝ հետաքննելու հիվանդանոցների ռմբակոծությունը։ «Պետք չէ բավարարվել դատապարտումով ու հերքումով, այլ պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Որքա՞ն ժամանակ են թույլ տալու Իսրայելին խախտել միջազգային իրավունքը» ,-ասել է ալ Թանին:

Այս պահին ելույթ է ունենում լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը։