կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-16 23:01
Աշխարհ

Եգիպտոսի ԱԳ նախարարն ընտրվել է Արաբական պետությունների լիգայի նախագահ

Եգիպտոսի ԱԳ նախարարն ընտրվել է Արաբական պետությունների լիգայի նախագահ

Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ ալ Արաբին, որն այդ պաշտոնում է մոտ 2 ամիս, այսօր ընտրվել է Արաբական պետությունների լիգայի նախագահ: Որոշումը կայացվել է Կահիրեում` ԱՊԼ ղեկավարների փակ գաղտնի քվեարկության արդյունքում:

Ալ Արաբին միջարաբական կազմակերպության յոթերորդ նախագահն է: Նա փոխարինելու է Ամր Մուսային, որը, 10 տարի ղեկավարելով կազմակերպությունը, այժմ իր թեկնածությունն է առաջադրելու Եգիպտոսի նախագահի պաշտոնում:

Ալ Արաբիի ընտրությունն անակնկալ է եղել: Այսօր կայացած ընտրությունների հիմնական ինտրիգն այն էր, որ, բացի Եգիպտոսի թեկնածուից, առաջին անգամ այդ պաշտոնին հավակնում էր Քաթարի ներկայացուցիչը: Դոհան, որը վերջին շրջանում ձգտում է արաբական աշխարհում առաջին ջութակի դեր կատարել, առաջադրել էր 60-ամյա Աբդել Ռահման բեն Համադ ալ Աթըյուի թեկնածությունը, որը ղեկավարում է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

Կահիրեի թեկնածուն եղել է դիվանագետ Մուստաֆա ալ Ֆիկին, սակայն նրա թեկնածությանը շատերը հավանություն չեն տվել, եւ երբ այսօր Քաթարը ինքնաբացարկ է ներկայացրել, ընտրվել է Եգիպտոսի նոր թեկնածուն` արտգործնախարար ալ Արաբին:

Նշենք, որ ավանդաբար ԱՊԼ նախագահ է ընտրվում Եգիպտոսի ներկայացուցիչը, թեեւ դա կանոնադրությամբ հաստատված չէ: Միայն մեկ անգամ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրները միավորող կազմակերպության նախագահ է եղել թունիսցի Շեդլի Քլիբին (1979-1990):