Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կանխիկ գումարներների տեսքով խնայողությունները տարիների ընթացքում ստացած նվիրատվությունների արդյունքում են կուտակվել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Չիչոյանը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ կանխիկ դրամական միջոցներն ու տարեկան եկամուտները այդքան տարբերվում են։
Օրերս մամուլում հրապարակվել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի հայտարարագրած ունեցվածքը, որը կասակածի տեղիք էր տվել։
Ժորա Չիչոյանի տարեկան եկամուտները կազմում են 4 մլն 667 հազար դրամ, սակայն նրա բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար։
Ստացվում է՝ դատավորի կանխիկ դրամական միջոցները 6 անգամ գերազանցում են տարեկան եկամուտները։
«Ես մինչև դատավոր դառնալը աշխատել եմ նաև դատախազ և այդ ժամանակ ստացել եմ աշխատավարձ, որը ներկայացրել եմ տարեկան հայտարարագրով։ Բնականաբար չէր կարող եկամուտները համապատասխանել խնայած գումարների չափին, դա նորմալ էլ չէր լինի»,- պարզաբանում է դատավոր Չիչոյանը։
Նրա խոսքով՝ կանխիկ դրամական միջոցների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան ստուգումներ է իրականացրել և այդտեղ կոռուպցիոն ռիսկ չի կարող քննարկվել։
«Հայտարարագիր սկսել եմ ներկայացնել դեռևս 2017 թ, երբ աշխատում էի դատախազությունում և օրենքի ուժով պարտավոր էի հայտարարագիր ներկայացնել։ Կանխիկ գումարն ու ավանդը այդ ժամանակվանից էլ եղել է»,-ասաց դատավորը։
Ժորա Չիչոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակելի շենքում եւ մի հողամաս։ Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Գավառ համայնքում։
«Երկու բնակարաններն ու մեկ հողամասը ստացել եմ ժառանգությամբ, մորս մահից հետո։ Գավառ քաղաքի բնակարանը ձեռք է բերվել դեռ 1991 թ-ին՝ իմ ծնվելուց առաջ, Արաբկիր վարչական շրջանի բնակարանը՝ 2004 թ-ին, հողամասը՝ 2007 թ-ին»,-պարզաբանում է դատավորն ու շեշտում՝ դրանք բացառապես ձեռք են բերվել ծնողների կողմից, սեփականության իրավունքով մայրիկին են պատկանել, մայրիկի մահից հետո ինքը և հայրը ժառանգություն են ստացել։
Ժորա Չիչոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն նշեց, որ այս տարի է մեքենա ձեռք բերել, որը հաջորդ տարի կլրացնի հայտարարագրում։
Անի Նահապետյան