կարևոր
2935 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-27 19:59
Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի ազատի պատանդներին առանց հրադադարի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի ազատի պատանդներին առանց հրադադարի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի կարող ազատ արձակել պատանդներին, քանի դեռ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է Մոսկվայում գտնվող, ՀԱՄԱՍ-ի պատվիրակության ներկայացուցիչ Աբու Համիդը։ Ըստ նրա, ՀԱՄԱՍ-ը «քաղաքացիական գերիներին» ազատելու իր մտադրության մասին հայտարարել է պատերազմի առաջին իսկ օրերից, սակայն ժամանակ է պետք՝ գտնելու բոլոր նրանց, ովքեր հոկտեմբերի 7-ին հայտնվել են Գազայի հատվածում։

«Հարյուրավոր քաղաքացիներ և պաղեստինյան տարբեր խմբավորումների տասնյակ զինյալներ էին մտել 1948 թվականին օկուպացված տարածքներ և իսրայելական «Գազա» դիվիզիայի անկումից հետո նրանք   տասնյակ մարդկանց են գերեվարել, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին, և մեզ ժամանակ է պետք Գազայում նրանց գտնելու և ապա ազատ արձակելու համար»,- ասել է նա։

Աբու Համիդն ընդգծել է, որ այս խնդրի կատարման համար անհրաժեշտ է հանգիստ միջավայր։ «Իսրայելական ռմբակոծությունների հետևանքով տվյալ պահին զոհվել է 50 բանտարկյալ», - հավելել է նա:

Աբու Համիդը նաև ասել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը «ռուսաստանցի  ընկերներին ներկայացրել է հոկտեմբերի 7-ի հարձակման պատճառների պատկերը»։ «Ռուսաստանի Դաշնությունը բարեկամ երկիր է պաղեստինցի ժողովրդի համար և հարաբերություններ է պահպանում պաղեստինյան ժողովրդի բոլոր ներկայացուցիչների հետ։ Մենք միշտ պատրաստ ենք նրա հետ խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ»,- հավելել է նա:

Հոկտեմբերի 26-ին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն այցելել է Մոսկվա։ Իսրայելն այցն անվանել է «ամոթալի քայլ»։