Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհաստանում նացիստների ամենամեծ համակենտրոնացման ճամբարում՝ Օսվենցիմում, հավաքված 1․3 միլիոն մարդկանցից 1․1 միլիոնը այնտեղ տարվելուն պես սպանվել է գազախցերում: Զոհերը, որոնց մազերը կտրել են՝ ասելով, թե «Ոջիլ ունես» և ուղարկել գազախցիկներ՝ ասելով, թե «Գնանք լոգարան», մահացել են տաք ջրի փոխարեն թունավոր գազեր ցայտող լոգանքներից։ Այս ընթացքում դոկտ. Մենգելեն և նրա «Թիմը» նաև «գիտական» ուսումնասիրություններ են անցկացրել, թե որքան երկար կարող են երեխաները դիմանալ այդ թունավոր գազերին։
1939 թ․ օգոստոսի 22-ին Լեհաստան գերմանական ներխուժումից առաջ Բավարիայի Օբերզալցբուրգում բանակի բարձրաստիճան սպաներին ուղղված Ադոլֆ Հիտլերի ելույթը, թե «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»՝ մեզ քաջ ծանոթ է…
Գերմանիան չկարողացավ ջնջել այս սեւ բիծն իր ճակատից, մինչև տարիներ անց Գերմանիայի կանցլերը ծնկի եկավ Օսվենցիմի «Հոլոքոստի հուշահամալիրի» առջեւ և ներողություն խնդրեց։
Հայ ժողովուրդը Արցախում, հենց մեր կողքին, այսօր ապրում է մինի 1915։ Ադրբեջանցի դիկտատոր Ալիևը (ով հայտնի է նրանով, որ հավաքել էր 3 տարի առաջ պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները և նկարվել դրանց առջև։ Նա հեռացրեց այդ լուսանկարը մեր արձագանքից հետո), հայտարարում է, որ հայերը հեռանում են իրենց կամքով։ 2023 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախից Հայաստան մուտք գործածների թիվը 42400 էր։ 2023 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախից մեկնողների թիվը հասել է 84770-ի։ 3 տարի առաջվա պատերազմում իրենց պապենական հայրենիքը լքած հայերի թիվը 35 հազար էր։ Նախկին նախարար Ռուբեն Վարդանյանը միջանցքով Հայաստան անցնելիս ձերբակալվել և բերման է ենթարկվել ադրբեջանական զինուժի կողմից։
Սմքած դեմքերով ծեր կանայք, դպրոցահասակ երեխաներ, որոնց ոսկորները կարելի է հաշվել, հղի կանայք, ովքեր վիժում են…
9 ամիս առաջ, երբ «Լաչինի միջանցքը»՝ դեպի Հայաստան (և աշխարհ) բացվող Արցախի միակ պատուհանը փակվեց, ասացին, թե դա ադրբեջանցի բնապահպան կամավորների ակցիան է, ովքեր բողոքում են Ղարաբաղում հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից բնությանը հասցված վնասի դեմ:
«Բնապահպան կամավորներ»՝ զինվորական ջոկատների հետ․․․
Եվ 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 2 հազար հղի կին, ովքեր 9 ամիս շարունակ զրկված են եղել սննդից, դեղորայքից, վառելիքից և բոլոր անհրաժեշտ պարագաներից։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց է գրել՝ նշելով, որ դա ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է։
Հայ գրող Հովսեփ ՀԱՅՐԵՆԻՆ այս օրերին բազմիցս գրել և դիմել է միջազգային հանրությանը, գիտակցելով, որ «մահացու ռազմական հարձակում է լինելու շրջափակումից օրեցօր թուլացած և պաշտպանական հզորությունը կորցրած Արցախի վրա»։
Թուրքիայից մի բուռ մտավորականներ մեկ ամիս առաջ (իսկ երկրորդ խումբը՝ մեկ շաբաթ առաջ) հանրագրով դիմեցին երկրին և համաշխարհային հասարակայնությանը։
Առաջին հանրագրից հետո ստորագրողները թիրախավորվեցին կեղծ և ոչ ստույգ տվյալների հիման վրա։ Երկրորդ հռչակագրից հետո ռասիստ-թուրանիստական միավորում և անհայտ «թուրք» դաշնակիցները «հանձնարարականի» պես հայտարարություն արեցին Նախարարների խորհրդին (կառավարությանը)՝ զրկել այս հայասերներին քաղաքացիությունից։
Այդ օրը, երբ 42,400 խաղաղ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց 3000-ամյա պապենական հողը, Թուրքիայից հայտարարությունը չուշացավ՝ «Շնորհավորում եմ եղբայրական ադրբեջանական բանակին…»։
Հին պանիսլամական-պանթուրքիստական հրեշը նորից ոտքի կանգնեց հայության դեմ, ու ողջ աշխարհը միայն դիտում էր։ Ի հեճուկս առարկողների, բացի «ռազմական ուժի չկիրառման» ցանկության բանավոր հայտարարություններից՝ նա ոչ մի բան չարեց։ Քանի որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իսրայելի ռազմական աջակցությամբ ստեղծված բացարձակ ռազմական գերազանցության պայմանների առաջ խոնարհվող Փաշինյանի յուրաքանչյուր հետքայլ օգտագործվում էր որպես հաջորդ պարտադրանքի հենարան, ոմանք պատսպարվեցին «Հայերն ընդունել են, ի՞նչ ասենք» արդարացման հետևում։
Մի խոսքով, մարդկության դարավոր բնակավայրերը ոչնչացվեցին։ Մենք անամոթաբար կանգնած էինք և ուղիղ եթերով հետևում էինք, թե ինչպես են մարդկության աչքի առաջ ոտնահարվում մարդու իրավունքները, համայնքների իրավունքները և ժողովուրդների իրավունքները։
Երբ մեր երկրում խոսքը գնում է «հայերի» մասին, ինչպես միշտ, ԽԻՂՃԸ ԼՌՈՒՄ Է, բացի մի բուռ մարդկանցից!.. ՍՐՏԵՐԸ ԶՄՌՍՎԱԾ ԵՆ։
Անկարայում տեղի է ունեցել «ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ»՝ հանուն «ԱԶԱՏ ԱՖՐԻԿԱՅԻ»։ Հնչեցին ելույթներ, որոնք ուղեկցվեցին բանաստեղծություններով։ «Աֆրիկայի գաղութացման» մասին նշվեց, որ «Լիբիան բաժանվել է 5-ի»՝ նույնիսկ չհիշատակելով աֆրիկյան մայրցամաքում իր տիրակալների գաղութատիրական գործունեությունը, առանց անգամ հիշատակելու Լիբիայում իր տիրակալների ռազմական ուժերը։ «Շնորհանդեսներ» կազմակերպվեցին, նորից բանաստեղծություններ ընթերցվեցին, խանդավառ ելույթներ հնչեցին, բայց ոչ մի խոսք չասվեց Արցախում՝ Ստեփանակերտում, երկնքից ընկած ռումբերի մասին։
Հակառակ «պաշտոնական» հայտարարությունների, ամենափոքր շարժումն իսկ հաջողությամբ կանխվել էր «ինքնագրաքննություն-ինքնակառավարման» միջոցով, որն ասես պլյուշ կափարիչ լիներ՝ ամրացված խոսափողների ծայրերին՝ կրակելու ընթացքում շրջակա միջավայրի տարբեր հնչյունները կլանելու համար։ Մայրերի գրկում փոքրիկների առաջին սառած հայացքները՝ կենտրոնացած սվինների ծայրերի վրա… ոչ ոքի չէր հետաքրքրում։
ԱՄՆ-ի հետ Հայաստանի «Զորավարժությունը» շատ շրջանակների համար գրեթե դարձավ «լեգիտիմացնող գործիք» Ադրբեջանի ավերիչ հարձակման համար։
«Փաշինյանն էլ է սիրախաղ անում իմպերիալիզմի հետ»,- ասում էր մեկը՝ ասես նրա Ռուսաստանը հայրենիքն է, իսկ Պուտինը՝ սոցիալիստ առաջնորդը, ոչ թե՝ ՆՈՐ ՑԱՐ։
«Հայերն էլ շատ սխալներ թույլ տվեցին»,- ասաց մեկ ուրիշը «իբրև ճշմարտություն»՝ հավասարության նշան դնելով «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» և «ՍԽԱԼԻ» միջև… Պետք է իմանալ, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկայնության դեմ։ Այն ոչ մի դեպքում չի կարելի արդարացնել, ոչ էլ կարելի է համեմատել որևէ իրավիճակի հետ։
Ոմանց համար ավելի «հեշտ» էր ցեղասպանությունը «զոհի սխալներով» բացատրելը, կամ գործերն այդպես էին դասավորվել։
Կային այնպիսիք, ովքեր «Իմպերիալիզմը ստիպում է ժողովուրդներին միմյանց կոկորդ կրծել» ասելով, վերեւից դատողություններ անելով՝ կարծում էին, որ իրենք ստեղծում են «հակաիմպերիալիստական տեսություն»՝ լղոզելով «կոտորողի» և «կոտորվողի» միջև առկա տարբերությունը։
1891-96 թթ․ «համիդիե գնդերի» կողմից 300 հազար սպանված, 1908-ի հեղափոխությունը միասին իրականացնելուց ոչ ավել, քան 6 ամիս անց, և մարտի 31-ի ռեակցիոն ապստամբությունը միասին ճնշելուց մեկ շաբաթ անց (ապրիլի 13) «վստահելի իթթիհադականների» կողմից Ադանայում 30 հազար (ըստ որոշ պատմաբանների՝ 35 հազար) սպանված, 1915-ին ողջ օսմանյան տարածքում արմատախիլ արված և նրանցից 1,5 միլիոնը բնաջնջված հայ ժողովուրդը 100 տարի անց «իթթիհադա-թուրանական» մտածելակերպի հետևանքով ջնջվում է պատմությունից։
Որպես հիմք է ընդունվում այն, որ Ղարաբաղը համարվում է ադրբեջանական տարածք «ըստ միջազգային իրավունքի»՝ հիմք ընդունելով պետությունների տարածքային ամբողջականությունը։ Ուրեմն, դարձյալ, չկա՞ «ՄԱԿ-ի օրենքի համաձայն» դիմադրելու իրավունք։ Մի՞թե պետության սահմաններում գտնվող ժողովուրդը հանրաքվեով «ինքնորոշվելու» իրավունք չունի։ Ինքնավարություն, Դաշնություն, նույնիսկ անջատվելու և սեփական պետություն ստեղծելու իրավունք։
Սլովենիան, Բոսնիա-Հերցեգովինան, Մոնտենեգրոն, որոնք ոչ վաղ անցյալում անկախ պետություններ են դարձել, կամ մինչև երեկ Կոսովոն՝ սերբական տարածք չէի՞ն։ Արդյո՞ք «Իրաքյան քրդական դաշնային պետությունը» «Դաշնային պետություն» չէ, որը ստեղծված է իրաքյան պետության «ամբողջականության» շրջանակներում: Իսկ երբ խոսքը գնում է Արցախի հայ ժողովրդի մասին, միջազգային իրավունքը դառնում է բացարձակ և սուրբ։
Ավելին, քանի որ ԽՍՀՄ հիմնադրման տարիներին 1921 թ․ մարդահամարի համաձայն՝ Ղարաբաղի (նաև «Արցախ» անվամբ) բնակչության 89%-ը, Ավելին, «Ադրբեջանի հող» կոչվող Ղարաբաղի (հայտնի է նաև որպես «Արցախ»), բնակչության 89%-ը ԽՍՀՄ հիմնադրման տարիներին 1921 թ․ մարդահամարի համաձայն հայեր էին, և «Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի համապատասխան՝ 1921 թ․ հունիսի 12-ին այն միացվել էր Հայաստանին, իսկ 3 շաբաթ անց՝ 1921 թ․ հուլիսի 4-ին, Կենտկոմի նիստում տեղի է ունեցել «քվեարկություն», որտեղ 8 հոգի, այդ թվում՝ Ստալինը, Կիրովը, Օրջոնիկիձեն և Նարիմանովը կայացրել են որոշում (ինչը նշանակում է Հայաստանի հետ կապի «ֆորմալացում»)։ Երեկոյան Ադրբեջանի ներկայացուցիչ Նարիմանովը գնաց Ստալինի մոտ և նրան շանտաժի ենթարկելով՝ ասաց, թե «Ադրբեջանը կարող է դուրս գալ Խորհրդային Միությունից», ու Ստալինը հաջորդ օրը փոխեց որոշումը՝ ճնշում գործադրելով մյուս անդամների վրա, և Ղարաբաղը (Արցախը) սահմանվեց որպես «ՕԲԼԱՍՏ»՝ Ադրբեջանի կազմում («ՕԲԼԱՍՏ»-ը ինքնավարությունից բարձր կարգավիճակ է՝ անկախությանը մոտ):
Եթե ադրբեջանցիներին հարցնեիք, նրանք չէին իմանա, թե որքանով կապ ունեն Ղարաբաղի հետ։ Ինչպես որ Խորհրդային հեղափոխությունից առաջ հայերեն էին հրատարակվում «Ապառաժ», «Ղարաբաղ», «Գործ» և «Նեցուկ» թերթերը, այնպես էլ խորհրդային տարիներին լույս տեսած «Սովետական Ղարաբաղը» ևս հայերեն էր։ Կարճ ասած, ադրբեջանցիները մշակութային կապեր չեն ունեցել Ղարաբաղի հետ:
Նմանատիպ վիճակ էր նաև Նախիջևանում, որի բնակչության խտությունը ձեռնտու է ադրբեջանցիներին, թեև այն համեմատելի չէ Արցախի հայերի հետ: Նախիջևանն էլ՝ «ինքնավար մարզ էր Հայաստանի կազմում»։ (Աբու Սաուդի ֆեթվաներում պարտադի՞ր էր արդյոք սպանել դեպի Նախիջևան արշավանքի ժամանակ գերեվարված հայերին և ալևիներին։ Պատասխան՝ պարտադիր էր։ Ամսաթիվ՝ 16. Նախիջևանի ջարդերը 19-րդ դարում, որոնք հանգեցրել են հայերի ժողովրդագրական կառուցվածքի վատթարացմանը)։
Այժմ ադրբեջանցի և թուրք ղեկավարները ասում են՝ և՛ «Ղարաբաղն է Ադրբեջան», և՛ «Նախիջևանը»։ Եվ անմիջապես պարտադրում են «Զանգեզուրի միջանցքը», որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանին։
Եթե «Միջազգային իրավունքը» որպես հիմք ենք ընդունում, ապա թե «Ղարաբաղը Ադրբեջան է», Նախիջեւանն էլ Հայաստան է։ Եթե հակառակը՝ «Նախիջեւանն է Ադրբեջան», ապա այս դեպքում «Ղարաբաղը Հայաստան է»։ Միջին ճանապարհ չկա։
Գործընթացի սկզբում «ուժերի հավասարակշռության» միջոցով Ստալինի կողմից անսկզբունքորեն ստեղծված այս խնդիրն այսօր այլ հարթությունում է, և այն կրկին ցեղասպանության է առերեսում ճնշված ժողովրդին ուժերի հավասարակշռության միջոցով, այլ ոչ թե՝ իրավունքների և արդարության:
Իրավունքների և արդարության փոխարեն «real politic»-ի ուժերի հարաբերակցության վրա հիմնված քաղաքականությունն այսօր կարող է ձեզ ուժեղացնել, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դա ինչ հետևանքների կհանգեցնի պատմական գործընթացում։
Ի վերջո, եկեք տեսնենք, թե ինչ ասաց Ժան Պոլ Սարտրը ֆրանսիացի մտավորականներին, ովքեր լռեցել էին Ալժիրի անկախության պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակի ստորաբաժանումների և գաղտնի հետախուզական ծառայությունների կողմից իրականացված ջարդերի դեմ․ «Որքան ուզում եք՝ ասեք, որ մենք կապ չունենք այս սպանությունների հետ, կամ նույնիսկ բացատրեք, թե ինչքան եք հակադրվում Ֆրանսիայի կառավարությանը։ Սա ոչինչ չի փոխում։ Այնտեղ մղվող կեղտոտ պատերազմը ընթանում է ձեզնից, մեզանից, բոլորիցս գանձված հարկերով։ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳ Է, ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ՝ ՄԱՐՊԱՆՆԵՐ»…
Դուք, բացի «երկու պետություն, մեկ ազգ» ասելով թուրքական կառավարության կողմից Ադրբեջանի բռնապետին տրված անսահմանափակ բարոյական աջակցությանը դեմ լինելուց, այդ թվում՝ «ԱԶԿ-ԱՇԿ կառավարությանը» դեմ արտահայտվելուց, 3 տարի առաջ Ղարաբաղյան պատերազմին անօդաչու թռչող սարքերով, SIHA-ներով հայկական բանակը պարալիզացնելուց հետո պետք է լքեիք Թուրքիան։ Այսօր ադրբեջանական բանակում դեռևս 200 թուրք շտաբային սպա է ծառայում։
Կոչ ենք անում աշխարհի բոլոր աշխատավորներին, ճնշված ու խեղճ ժողովուրդներին, (հատկապես Թուրքիայի) և համաշխարհային հասարակական կարծիքին․
Ղարաբաղ-Լաչին միջանցքի շրջափակումը պետք է հանվի։
Այն, ինչ Ադրբեջանը անվանում է «ահաբեկչության դեմ պայքար»՝ հարձակում է Արցախի ժողովրդի օրինական ինքնակառավարման վրա, որը որոշվել է հանրաքվեներով։ Այս ագրեսիայի և ավերածությունների պատերազմը պետք է ավարտվի։
Չպետք է մոռանալ մարդկանց համայնքները, ժողովուրդների իրավունքները, Դիմադրության իրավունքը, պետք է հարգել Արցախի ժողովրդի կամքը, ճանաչել ինքնորոշման իրավունքը։
ԱՆԿԱՐԱՅԻ ՄՏՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net