կարևոր
430 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-27 12:10
Հասարակություն

Փաշինյանը բանակ չի գնացել, չի մասնակցել պատերազմին. թող պատասխանի՝ ինչո՞ւ ՀՀ-ն մխրճվեց պատերազմի մեջ․ Սեյրան Օհանյան

Փաշինյանը բանակ չի գնացել, չի մասնակցել պատերազմին. թող պատասխանի՝ ինչո՞ւ ՀՀ-ն մխրճվեց պատերազմի մեջ․ Սեյրան Օհանյան

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Եռաբլուր պանթեոնը բազմամարդ էր, նահատակ  հերոսների սխրանքը վերարժեվորելու, նրանց վառ հիշատակը հարգելու նպատակով Եռաբլուրում էին Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդը, Արցախի ԱԺ պատգամավորները, նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։
 

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս բնակավայրերը և խաղաղ բնակչությանը։

Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին։ Ըստ պաշտոնական հրապարակման, զոհվել է 3809 անձ։
Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի թեման չի փակվել․ «Ցեղասպանության համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի միջազգային հարթակներում։ Դա է պատճառը, որ Արցախի Հանրապետության իշխանությունների ու Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձննախումբ կա, որն աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Երկրորդը, պետք է պահպանվի Արցախի սուբյեկտայնությունը։ Երրորդը, բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։