կարևոր
2626 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-02 14:01
Քաղաքական

ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի 57-րդ շրջանային ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի 57-րդ շրջանային ժողովի հայտարարությունը

Մեր գործը իրաւունք չունի կանգ առնելու

 

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի 57րդ շրջանային ժողովը գումարուեց Հայաստանի և հայութեան համար անկումային իրադարձութիւնների պայմաններում: Ազրպէյճանի կողմից 10 ամիսներ շարունակուող շրջափակմանը յաջորդեց թշնամու լայնածաւալ ռազմական գործողութիւնները որի արդիւնքում շրջափակումից արիւնաքամ դարձած Արցախի հերոս ժողովուրդը այս անգամ ոչ միայն մենակ մնացած ու մերժուած միջազգային ընտանիքի, այլ նաև Հայաստանի կառավարութեան կողմից ստիպուած ընդունեց թշնամու պարտադրած պայմանները:

Ազրպէյճանի ցեղասպան կառավարութիւնն իր հերթին ՀՀ կառավարութեան կողմից Արցախը Ազրպէյճանի կազմում ճանաչելու, իրեն ընձեռնուած պատեհութիւնը լայնօրէն օգտագործեց միջազգային ատեաններում Արցախի անցուդարձերն իր ներքին հարցը համարելով և աւելի սանձարձակ շարունակել էթնիկ զտումի իր վաղեմի քաղաքականութիւնը: Նիկոլ Փաշինեանը չուշացաւ մի այլ յաղթաքարտ նուիրելու Ազրպէյճանին երբ ՄԱԿի ԱԽ նիստի նախօրեակին յայտարարեց, որ «արցախցիների կեանքին ուղիղ սպառնալիք չկայ»։

Այսօր Արցախի բնակչութեան աւելի քան 83 տոկոսը հեռացել են արցախից իսկ արտահոսքը դեռ շարունակւում է: Ազրպէյճանի կողմից սկսել են ձերբակալութիւններ գրեթէ բոլոր այն անձանց նկատմամբ որոնք որևէ կերպով մասնակից են եղել Արցախի անկախութեան և պետականաշինութեան գործում: ԱՀ Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետութիւնը դադարում է իր գոյութիւնը և մինչեւ 2024 թուականի Յունուարի 1-ը լուծարւում են պետական բոլոր հիմնարկները:

Մինչ Հայաստանում փորձ էր արւում պետական չարիքը չէզոքացնելու և Հայաստանի ու հայութեան համար պատուհաս դարձած իշխանութիւնները հեռացնելու, այսօր աւելի քան 100 հազար Արցախցիներ թողնելով իրենց հողը, տունը և ունեցուածքը հասել են Հայաստան: Բռնագաղթուածների թիւը գնալով աճում է և սա նոր մարտահրաւէրների առջև է դնում մեր ժողովրդին թէ Հայաստանում և թէ սփիւռքում:

Այսօր աւելի քան միշտ մեզ պէտք է լծուել աշխատանքի ու ատամները սեղմած առաջ գնալ: Առ այդ՝

Միջազգային ճնշումներով պէտք է արգիլել Ազրպէյճանի կողմից բոլոր տեսակի հետապնդումները որոնք ուղղուած են այն անձանց նկատմամբ որոնք փորձել են տարիներ պաշտպանել իրենց ընտանիքն ու ժողովուրդը Ազրպէյճանական վայրագութիւններից: Ազրպէյճանի յանցագործ վարչակարգը պէտք է պատասխանատւութիւն կրի իր անմարդկային ոճիրների համար: Պէտք է հետապնդել որպէսզի միջազգային դատարանները շարունակեն արդեն իսկ գոյութիւն ունեցող թղթածրարների գործընթացը: Անհրաժեշտ է Արցախի մէջ միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների ներկայութիւն թէ տեղում մնացող հայերի ֆիզիկական ապահովութեան երաշխաւորման և թէ հայկական պատմական յուշարձանների պահպանման համար:

Թերևս կանխահաս է ընդունել, որ Արցախի Հանրապետութեան էջը փակուած պէտք է համարել թէ ոչ, իսկ այն ինչ որ յստակ է այն է, որ հակառակ բոլոր յուսահատական և աննպաստ պայմանների մեր գործը իրաւունք չունի կանգ առնելու:

Պէտք է զօրավիգ հանդիսանալ տեղահանուած Արցախահայութեան թէ իրենց անմիջական կարիքների հոգալով և թէ հեռանկարային երկար վազքի վրայ իրենց կեանքը և ապրուստը հունաւորելու կապակցութեամբ: Պէտք է հաւաքագրել Արցախի ժողովրդին պատկանող բնակարանների, հողատարածքների և բոլոր կարգի ունեցուածքների սեփականութեան փաստաթղթերը: Պէտք է ստեղծել տեղահանուած Արցախահայութեան գրասենեակներ, որոնք հետամուտ լինեն սոյն աշխատանքներին:

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի շրջանը անխուսափելիօրէն իր ուսերի վրայ պէտք է առնի սոյն պարտաւորութիւնների որոշակի բաժինը: Թէ քաղաքական և թէ բարեսիրական առումներով շրջանը պէտք է պատրաստ լինի իր առաւելագոյնը կատարելու այս օրհասական օրերին:

«Մեզ վարանումներ չեն հարկաւոր, այլ հաւատ, մեզ խօսքեր չեն հարկաւոր, այլ գործեր, մեզ թերահաւատութիւն չէ հարկաւոր, այլ եռանդ, մեզ տատանումներ չեն հարկաւոր, այլ վճռողականութիւն եւ յանդգնութիւն»:

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի 57րդ շրջանային ժողով
Հոկտեմբեր 1, 2023
Բըրբէնք