Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. հուլիսի 10-11-ը տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի կազմակերպության 26-րդ Շրջանային Ժողովը, որին մասնակցում էին ՀՅԴ Արցախի բոլոր շրջանների պատգամավորները, շրջանավարտ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները, հրավիրյալ ընկերներ:
Ժողովը քննարկեց ՀՅԴ Արցախի կառույցի անցած երկամյա գործունեությունը և ճշտեց առաջիկա երկամյակի ռազմավարական թիրախներն ու ուղեգիծը:
Ժողովը արձանագրեց, որ անցած երկամյակի ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը դիմագրավել է քաղաքական և ռազմական բարդ պայմաններից թելադրված մարտահրավերները: Շրջանավարտ Կենտրոնական կոմիտեն իր երկամյա գործունեության ընթացքում դրսևորել է սկզբունքային կեցվածք, կայացրել ծանրակշիռ որոշումներ:
Արցախի կրած կորուստների հետևանքով ստեղծված ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակը պարտադրում է ուժերի գերլարում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի այս փուլը հաղթահարելու և հաջողություններ արձանագրելու համար:
Անդրադառնալով առաջիկա գործունեությանը՝ ժողովը որոշեց, որ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն իր գործունեությունը ծավալելու է հետևյալ ռազմավարական ուղղություններով.
-Հանուն Արցախի բնակչության անվտանգության երաշխավորման առաջնորդվելով ԱՀ Սահմանադրության դրույթներով՝ շարունակել պայքարը Արցախի անկախության և Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապով ճշգրտված սահմաններով Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ուղղությամբ:
-Ակնհայտ է, որ արհեստածին և անարդարացի որևէ ստատուս քվո չի կարող կայուն խաղաղություն ապահովել և անհրաժեշտ է վերականգնել ու նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:
-Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և փոխվստահության կարևորությունը՝ գործուն հիմքերի վրա դնել Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության քաղաքական ուժերի և իշխանությունների հետ փոխհարաբերությունները:
-Ելնելով Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և գոյութենական անվտանգությունը երաշխավորելու հրատապ անհրաժեշտությունից՝ Շրջանային Ժողովը պահանջում է ԱՀ նախագահից և Ազգային Ժողովից պաշտոնապես դիմել Հայաստանի Հանրապետությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
-Հրատապ անհրաժեշտություն է հետպատերազմյան ֆորսմաժորային իրավիճակից և Արցախի սուբյեկտայնության ամրապնդման հրամայականից ելնելով հայեցակարգային մոտեցումների հստակեցումը, հանրային իշխանության գործուն և արդյունավետ կառուցվածքի ձևավորումը՝ ի խնդիր ժողովրդի միասնականության և համախմբման:
-Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական արդարության հաստատումը պետական համակարգի առանցքային գործառույթներից է: Այդ նկատառումով ամեն ջանք պետք է գործադրել՝ պետական համակարգը զերծ պահելու խմբակային շահերի սպասարկման աղետաբեր գործելաոճից:
-Պատերազմի հետևանքով անօթևան մնացած և տեղահանված բնակչության վերադարձն իրենց հայրենի օջախներ և նրանց կենցաղային, սոցիալական հարցերի լուծումը պետք է լինի ոչ միայն պետական համակարգի, այլ նաև համահայկական կառույցների և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:
-ՀՅ Դաշնակցությունը պետք է հնարավոր բոլոր միջոցներով հակազդի Արցախին տիրանալու նպատակով Ադրբեջանի ծավալած քաղաքական, քարոզչական և բիրտ ուժի գործադրման քաղաքականությանը՝ զորաշարժի ենթարկելով համահայկական ողջ ներուժը:
Ժողովն իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ-ում ստեղծված կացության վերաբերյալ, հատկապես Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների առումով:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է իր նվիրական առաքելությունը՝ ի խնդիր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի:
ՀՅԴ Արցախի 26-րդ Շրջանային Ժողով,
11 հուլիսի, 2021թ.